Վագների օրենք (պաշտոնական անվանումը` Աշխատանքային հարաբերությունների մասին ազգային օրենք [National Labor Relations Act]), աշխատանքային հարաբերությունները կարգավորելու մասին օրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ընդունվել է 1935 թվականին և կոչվում է հեղինակի՝ սենատոր Ռոբերտ Ֆերդինանդ Վագների անունով։

Ընդունվել է 1929-1933 թվականներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Վագների օրենքով օրինականացվում էին կազմակերպություններ ստեղծելու, կոլեկտիվ պայմանագրեր կնքելու, գործադուլներ անելու բանվորների իրավունքները։ Ձեռնարկություններին արգելվում էր զանց առնել բանվորների կոլեկտիվ պայմանագրեր կնքելու կամ դրանից հրաժարվելու իրավունքը, ներազդել արհմիությունների վրա, աշխատանքի ընդունելիս կամ ազատելիս խտրականություն դրսևորել արհմիութենական գործունեությամբ զբաղվող կամ իրենց օրինական իրավունքներից օգտվող բանվորների նկատմամբ։

Վագների օրենքով ստեղծվեց աշխատանքային հարաբերությունների գծով Ազգային վարչություն, որն ուներ ընդարձակ, այդ թվում՝ աշխատանքում վերականգնելու լիազորություններ։ 1937 թվականին ԱՄՆ-ի գերագույն դատարանը ճանաչեց Վագների оրենքի սահմանադրականությունը։ Թեև որպես դաշնային ակտ Վագների օրենքը պետք է կիրառվեր ֆեդերալ ձեռնարկությունների բանվորների նկատմամբ, սակայն դրա ազդեցությամբ, այսպես կոչված, Վագների փոքր օրենքներ ընդունվեցին նաև մի շարք նահանգներում։

Վագների օրենքը հանդիպեց պահպանողականների և հատկապես հանրապետականների դիմադրությանը։ Թաֆտ Հարթլիի օրենքով, Վագների օրենքը փաստորեն վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 224