Սցիենտիզմ կամ սայենտիզմ (լատին․՝ scientia «գիտելիք», «գիտություն»), գիտությունը մշակութային գերագույն արժեք և մարդու ու աշխարհի փոխհամագործակցության հիմնարար գործոն ներկայացնող գաղափարական տեսակետի ընդհանուր անվանում։

Սցիենտիզմը փիլիսոփայությանը մոտենում է գիտության չափանիշներով՝ այն վերակառուցելով գիտական տեսությունների համար մշակված հետազոտության ու փաստարկման եղանակներով։ Միաժամանակ սցիենտիզմի փիլիսոփայության իրավասությունից բացառում է ավանդաբար նրան վերաբերող կոնկրետ բնագավառները որպես մասնավոր գիտական հետազոտության ոլորտներ։ Բնականաբար նեղանում է նաև փիլիսոփայության առարկան՝ սահմանափակվելով գիտության հիմունքների, տրամաբանության, լեզվի, նրանում ծագող իմացաբանական դժվարությունների վերլուծությամբ։ Սցիենտիզմը հատկապես մերժում է ավանդական փիլիսոփայության հավակնությունը՝ մտահայեցողական-մետաֆիզիկական ճանապարհով տալու հասարակության, նրա պատմության, մշակույթի, մարդու էության բացատրությունը, և համապատասխան հասարակական-մշակութաբանական գիտությունների վրա տարածում է ճշգրիտ գիտությունների տրամաբանական հասկացութային մտածելակերպը։ Սցիենտիզմն այսպիսով ձեռք է բերում ավելի լայն իմաստ՝ որպես աշխարհայացքային-փիլիսոփայական կողմնորոշում առհասարակ հասարակական և հոգևոր մշակութային երևույթների բնագավառում։ Մինչդեռ հակասցիենտիզմը շեշտում է փիլիսոփայության և՝ առարկայի, և՝ մտածելակերպի ուրույնությունը, ինչպես նաև բացարձակացնում է հասարակության, մարդկային հոգևոր-մշակութային երեույթների արժեքային բնույթը, եզակիությունը, անկրկնելիությունը, ուստի և դրանց համար առաջադրում է մասնավոր գիտության մեթոդներից տարբեր՝ ըմբըոնման ու մեկնաբանության մտահայեցողական, ինտուիտիվ, «հասկացողական» և այլ եղանակներ։ Սցիենտիզմի և հակասցիենտիզմի միտումների պայքարը բնորոշ արտահայտություն է գտել նեոկանտականության մեջ։ Սցիենտիզմի տիպական դրսեորում է նեոպոզիտիվիզմը, մասնավորապես պոզիտիվիստական կոնկրետ սոցիոլոգիան։ Հակասցիենտիստական որոշակի դիրքավորում ունեն կյանքի փիլիսոփայությունը, էկզիստենցիալիզմը, այն տարածված է ժամանակակից մշակույթի փիլիսոփայության մեջ։ Դիալեկտիկամատերիալիստական փիլիսոփայությունը հաղթահարում է սցիենտիզմի և հակասցիենտիզմի միակողմանիությունները՝ գիտությունը դիտելով հասարակական գիտակցության մյուս ձևերի հետ սերտորեն կապված։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 174