Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով։ Սիրտը հատուկ է միայն զարգացած արյունատար համակարգ ունեցող կենդանիներին։ Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չունեն, և արյունը անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ։ Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախման շնորհիվ (որոշ տեսակներ ունեն լրացուցիչ ՙկողմնային սրտեր՚` բաբախող օղակաձև անոթներ)։ Ուսոտանիները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտայի հետ կապված սրտից, մեծ զարկերակների վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ սրտեր։ Փափկամորթների մեծամասնությունը ունի լավ զարգացած, սովորաբար երկու նախասրտից և մեկ փորորքից կազմված սիրտ։ Հոդվածոտանիների սիրտը բաղկացած է մի քանի սրտային խորշերից։ Փշամորթները, անգանգները զուրկ են սրտից, և նրանց արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքի կծկման շնորհիվ։ Ողնաշարավորների սիրտը մկանների հզոր շերտով պատված, փականներ ունեցող լավ զարգացած օրգան է։ Ձկների սիրտը երկխորշ է, (բաղկացած նախասրտից և փորոքից), երկկենցաղների մեծամասնությունը` եռախորշ, (երկու նախասրտից և մեկ փորոքից), թռչուններինը և կաթնասուններինը քառախորշ (երկու նախասրտից և երկու փորոք)։ Այժմ ներկայացնենք մարդու սրտի կառուցվածքը և նրա տարիքային առանձնահատկությունները։ Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ։ Հասուն մարդու սրտի երկարությունը 12-15 սմ է, լայնական չափը` 8-11 սմ, առաջետին չափը` 5-8 սմ։ Զանգվածը 220-300գ։ Սրտի հիմքն են կազմում նախասրտերը և խոշոր անոթները` վերին և ստորին սիներակները, աորտան և թոքային զարկերակացողունը։ Սիրտը ունի երկու երես` կրծոսկրակողային և ստոծանիական, որոնք իրարից բաժանված են աջ և ձախ եզրերով։ Սիրտը շրջապատված է պարկաձև փակ գոյացություններով` սրտապարկով, (պերիկարդ), այն պաշտպանական դեր է կատարում և սահմանափակում է սրտամկանի լայնացումը։ Վերջինս բաղկացած է երկու շերտից` արտաքին` ֆիբրոզ և ներքին` շճային։ Վերջինս բաժանված է երկու թերթիկների` առպատային, որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից, և ըդերային ՙէպիկարդ կամ վերսրտենի՚, որը կպած է սրտամկանին և կազմում է սրտի արտաքին շերտը, որը առջևից հաստ է, սրտի հետին պատի համեմատ։ Առպատային և ընդերային թերթիկների միջև կա որոշ քանակությամբ շճային հեղուկ, պարունակում է մեծ քանակությամբ արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջույթներ։ Միջին շերտը`սրտամկանը կամ միոկարդը, սրտի պատերի հիմնական զանգվածն է, կազմված միջաձիգ զոլավոր և շրջանաձև մկանաթելերից, որոնք սկսվում են բացվածքների շուրջը գտնվող ջլաօղերից և առանձին-առանձին տարածվում են նախասրտերի ու փորոքների վրա։ Ներքին շերտը` ներսրտենին (էնդոկարդ), սրտի խոռոչը պարզ փուխր շարակցահյուսվածքային շերտ է, որը ծալքավորվելով առաջացնում է նախասիրտ փորոքային, ինչպես նաև աորտայի և թոքային զարկերակացողունի փականները։ Էնդոկարդը պատում է սրտի խոռոչների պատերը և գոյացնում բացվածքների փականների փեղկերը։ Նախասրտերը փորոքներից բաժանված են պսակաձև ակոսով, որի մեջ գտնվում է համանուն երակացոծը։ Սրտի միջփորոքային ակոսների մեջ գտնվում են սիրտը սնուցող աջ և ձախ պսակաձև զարկերակները։ Մենք գիտենք, որ մարդու սիրտը բոլոր կաթնասունների սրտի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ)։ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային և միջփորոքային միջնապատերով։ Նախասրտի միջև հաղորդակցություն կա, միայն ներարգանդային շրջանում։ Աջ նախասրտերը (atrium dextrum) խորանարդաձև է, նրա մեջ են բացվում վերին և ստորին սիներակներն (v. cava superior et v. cava inferior) ու սրտի պսակաձև երակածոցը։ Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum ), որն օժտված է եռափեղկ փականով (valvula atrioventricularris dextra): Վերջինս կծկման ժամանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ։ Աջ և ձախ նախասրտերի միջնապատի կենտրոնում` աջ և ձախ փորոքներից վեր, ձևավորված է մի խոռոչային ելուստ, որը կոչվում է սրտի աջ և ձախ ականջիկ (auricula dextra et auricular sinisra), որը սաղմնային զարգացման շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է։ Երբ ձվաձև անցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պատճառ է դառնում բնածին արատի, որի ժամանակ նախասրտերի և փորոքի արյունը խառնվում է։ Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սանրաձև մկաններ։ Ձախ նախասրտի (atrium sinistrum) մեջ բացվում են թոքային 4 երակները։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքն օժտված են երկփեղկ փականով (valvula atrioventricularris sinistra):: Աջ փորոքը նման է եռանիստ բրգի, ունի առաջնային , ետին և միջային պատեր, որոնց կպած է բազմաթիվ մկանային ձողիկներ։ Դրանք բացակայում են միայն թոքային զարկերակացողունի հարակից մասում։ Այդ մկանային ձողիկների տարատեսակներից է երեք պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոոքի պատերին, իսկ ապա ծայրերով ՙբարակ ջլաթելերի միջոցով՚ միանում է եռափեղկ փականի ազատ եզրերին և կանխում է փեղկերի շրջվելը դեպի նախասիրտը` դրանց փակված դիրքում։ Աջ փորոքում թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան երեք կիսալուսնաձև գրպանիկներ, որոնք նույնպես գործում են որպես փականներ։ Դրանք բացվում են միայն արյան հոսքի ուղղությամբ, այսինքն` փորոքից դեպի թոքային զարկերակացողունը (valvula trunci pulmonalis): Նշենք, որ կիսալուսնաձև փականները իրենցից ներկայացնում են երեքական գրպանիկներով ամուր շարակցա¬հյուս¬վածք։ Փորոքի թուլացման ժամանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք։ Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը։ Այստեղ մկանային ձողիկները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում։ Պտկաձև մկանները երկուսնն են, որոնք նույնպես ջլաթելով միացած են երկփեղկ փականի փեղկերին։ Աորտայի (valvula semilunaris aortae) սկզբնական մասը ևս օժտված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով, Դրանց աջ և ձախ կողմերից սկիզբ են առնում պսակաձև զարկերակները, որոնք սիրտը սնելով դառնում են երակներ և թափվում պսակաձև երակածոցի, վերջինս էլ աջ նախասրտի մեջ։ Այս անոթների միջոցով կատարվում է սրտի պսակային շրջանառությունը։ Պսակային զարկերակների ճյուղավորումների միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն սրտի պատերի սնուցումը բավարար և կայուն կերպով ապահովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար։

Սրտամկանի ձևաբանաֆունկցիոնալ առանձնահատկություն խմբագրել

Գիտենք, որ սրտամկանը յուրահատուկ միջաձիք զոլավոր մկան է։ Նախասրտերի հատվածում այն կազմված է երկու շերտից։ Ներքին շերտը շրջապատում է աջ և ձախ նախասրտերը առանձին-առանձին, իսկ արտաքինը` երկու նախասրտերը միասին։ Փորոքների հատվածում սրտամկանը բաղկացած է երեք շերտից ` արտաքին, միջին և ներքին։ Արտաքին շերտը սկսվում է աորտայի և թոքային զարկերակների արմատներից։ Ընթանալով դեպի սրտի վերին մասը արտաքին մկանային շերտը շրջվում է և շարունակվում որպես ներքին մկանային շերտ։ Պատված լինելով էնդոթելային բջիջներով, այս շերտը ձևավորում է սրտի խոռոչները։ Մկանային պատի միջին շերտը կազմված է օղակաձև մկաններից , որոնք շրջապատում են աջ և ձախ փորոքները առանձին-առանձին։ Սրտամկանի բջիջները կոչվում են միոցիտներ, որոնց երկարությունը 40-130 մկ է, տրամագիծը 15-22 մկ, ձևով դրանք նմանվում են ուղղանկյան։ Մկանաթելերը դասավորված են այդ բջիջների ծայրամասերում։ Սրանք այլ կերպ կոչվում են նախաթելիկներ, որոնք միջաձիգ զոլավոր մկանների նման դասավորվելիս առաջացնում են միջաձիգ զոլավորություն։ Սրտամկաններում ցիտոպլազմատիկ ցանցը լավ արտահայտված չի, սարկոպլազմատիկ ցանցը լավ է զարգացած այն թելիկներում, որտեղ կծկումները ավելի հաճախակի են։ Մկանային բջիջները իրար են միանում հատուկ միջանկյալ կամ ներդիր սկավառակներով` դեսմոսոմներով, որոնք պարունակում են էներգետիկ պրոցեսները ապահովող մեծ քանակի ֆերմենտներ։ Դեսմոսոմնները հաղորդում են դրդելիությունը մի միոցիտից մյուսին։ Սրտամկանի բջիջները հարուստ են նաև միտոքոնդրիումներով, որոնց քանակը այստեղ հինգ անգամ ավելի է, քան սովորական կմախքային մկաններում։ Դրանով է բացատրվում սրտամականի էներգիայի ծախսման բարձր ակտիվությունը։ Սրտամկանի կազմում կա գլիկոգենով հարուստ Պուրկիների թելերից բաղկացած ատիպիկ հյուսվածք։ Սրանք սրտի հաղորդող համակարգը կազմող միոցիտներն են, որոնք հանդես են գալիս նյարդամկանային հանգույցների ձևով։ Այս միոցիտները ավելի խոշոր են և ավելի քիչ մկանաթելիկներ են պարունակում, հանգույցները հարուստ են նյարդային բջիջներով։

Սրտի աշխատանքի ցիկլ և ռիթմիկ կծկումների առանձնահատկություն խմբագրել

Հայտնի է որ, սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որը իրականանում է նախասրտերի և փորոքների ռիթմիկ և խիստ փոխհամաձայնեցված կծկումների (սիստոլա) ու թուլացումների (դիաստոլա) շնորհիվ։ Սրտի հարաբերական անդադար աշխատանքը, որը սկսվում է արգանդային զարգացման վաղ շրջանից և ավարտվում է մարդու մահվան պահին իրականանում է որոշակի օրինաչափ ցիկլերով, որոնց տևողությունը 0,8 վայրկյան է։ Սրտի գործունեության յուրաքանչյուր ցիկլը կամ շրջանը ընդգրկում է 3 փուլ։ 1. Կծկում կամ սիսթոլա 2. Թուլացում կամ դիաստոլա 3. Դադար Առաջին փուլը իր հերթին բաղկացած է 2 ենթափուլերից` ա. նախասրտերի կծկում, որը տևում է 0,1վ, այս ենթափուլում փորոքները գտնվում են դիաստոլիկ վիճակում, բ. փորոքների կծկում, որը տևում է 0.3վ, այս ենթափուլում նախասրտերը գտնվում են դիաստոլիկ վիճակում։ Դիաստոլայի ընդհանուր փուլը, որը կազմված է նախասրտերի թուլացումից (0,3վ) և փորոքների թուլացումից (0,1վ) այսինքն ընդհանուր հանգիստը 0,4վ։ Փորոքների կծկումից հետո վրա է հասնում 3-րդ փուլը` դադարը, որը տևում է դարձյալ 0,4վ։ Սրտամկանում ծագած ռիթմիկ կծկումների շնորհիվ սրտում տեղի է ունենում արյան շարժ։ Նախասրտի կծկման ժամանակ երկփեղկանի և եռափեղկանի փականները բաց են, քանի որ փորոքները գտնվում են հանգիստ վիճակում։ Նախասրտերի կծկումները ուղեկցվում են նրանցում արյան ճնշման բարձրացմամբ և այլ ճնշման տակ արյան մղմամբ դեպի փորոքները։ Վերջինների կծկման պահին, որը տեղի է ունենում նախասրտերի կծկումից հետո, ճնշումը փորոքում ավելանում է։ Նախասրտափորոքային փականները այդ ճնշման տակ փակվում են, իսկ կիսալուսնաձև փականները բացվում։ Զարկերակային արյունը լցվում է աորտայի մեջ, իսկ երակայինը` թոքային զարկերակների մեջ։ Փորոքում այդ պահին ճնշումը հասնում է 120-ից 140մմ ս.ս։ Փորոքի աշխատանքը ավարտվում է նրանց իզոմետրիկ կծկումներով, դա նշանակում է, որ փորոքների մկանների լարվածությունը մեծանում է, իսկ մկանաթելերը` այլև չեն կարճանում։ Այդ հավասարաչափ կծկումը տևում է 0,2-ից 0,3վ։ Արյունը զարկերակների մեջ մղվելու պատճառով, փորոքներում ճնշումը իջնում է Երբ նրանցում ճնշումը պակասում է, խոշորագույն զարկերակների համեմատ կիսալուսնաձև փականները արյան անոթային փականների տակ փակվում են։ Վերը նկարագրվածից եզրակցնում ենք այն, որ, երբ կծկվում են նախասրտերը, փորոքները այդ ժամանակ հանգստանում են 0,1վ-ը, 0,4վ ընդհանուր դադարի ժամանակ են հանգստանում, այսինքն ընդհանուր հանգստանում են 0,5վ։ Ինչ վերաբերում նախասրտերին` հանգստանում են նույնպես փորոքsների ժամանակ` 0,3վ և ընդհանուր դադարի ժամանակ` 0,4վ։ Այսինքն օրվա մեջ նախասրտերը հանգիստ են 0,7վ։ Սակայն ընդհանուր դադարի ժամանակ աջ և ձախ նախասրտեր են լցվում համապատասխանաբար վերին և ստորին սիներակներից թափվող երակային արյունը, և ձախ նախասիրտ` թոքից եկող թթվածնով հարուստ զարկերակային արյունը։ Սրտի կծկումների հաճախականությունը տարբեր անհատների մոտ կարող է տարբեր լինել, բայց հիմնականում այն կապված է մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզականության (էմոցիայի), ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների և այլ գործոնների ազդեցության հետ։ Սովորաբար սրտային ցիկլը մեկ րոպեում բաբախում է 75 անգամ, սակայն վերը նշված տարբեր իրավիճակներում կարող է մեծանալ կամ փոքրանալ, հասնելով 150-200-ի, ըստ որում կծկումների հաճախականությունը կարող է ավելանալ մի դեպքում սիստոլիկ փուլերի տևողության փոքրացման, մյուս դեպքում` դադարի փուլի կրճատման, երրորդ դեպքում` դիաստոլայի տևողության պակասեցման, չորրորդ դեպքում` բոլոր երեք փուլերի միակցման միաժամանակյա կարճացման հետևանքով։ Սրտի մկանունքի կատարած աշխատանքը ծախսվում է, նախ` արյունը աորտայի մեջ մղելու, հետո, դուրս մղված արյանը արագություն հաղորդելու վրա։ Ընդ որում արյունատար անոթների պատերը ձգվում են և սրտի կծկման էներգիայի մի մասը վեր է ածվում անոթների պատերի կողմից կուտակված պոտենցիալի էներգիիայի, իսկ էներգիայի մի մասն էլ վեր է ածվում շարժվող արյան կինետիկ էներգիայի։ Քանի որ սիրտը արյուն դուրս նետելիս հաղթահարում է արյան ճնշմանը համազոր դիմադրություն, ապա կարելի է համարել, որ սիրտը որոշ ծավալի արյուն դուրս է մղում մինչև արյան ճնշման բարձրության մակարդակը։ Ուստի աշխատանքը կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևի միջոցով.


W = PR + PV2

    2g

ըրտեղ W – ն ցույց է տալիս աշխատանքը, P – ն` արյան կշիռը R- ը` - արյան միջին ճնշումը V – ն` արյան հոսքի արագությունը g – ն` ծանրության ուժի արագացումը Ըստ փորձնական արդյունքների, պարզ է այն, որ սրտի հզորությունը հանգիստ վիճակում մեկ րոպեում հավասար է 70 զարկի։ Սրտի կծկումների քանակի ավելացումը կոչվում է հաճախասրտություն (տախիկարդիա)։ Քնած ժամանակ սրտի կծկումների քանակը պակասում է մեկ րոպեում հասնելով 40-50-ի։ Սրտի կծկումների հաճախականության պակասեցումը կոչվում է բրոդիկարդիա, կան մարդիկ, որոնց մոտ սիմպաթիկ նյարդային համակարգը իշխում է պարասիմպաթիկի վրա։ Սրանք կոչվում են սիմպաթիկոտոնիկներ, որոնց սրտի կծկման հաճախականությունը նորմայից բարձր է։ Գոյություն ունի մարդկանց հակառակ խումբ, որոնց մոտ թափառող նյարդը գերիշխում է սիմպատիկի վրա։ Այս խմբին պատկանողները կոչվում են վագոտոնիկներ, որոնց սրտի կծկումների թիվը մեկ վայրկյանում 45-50 է։

Սրտամկանի գործունեության առանձնահատկություն խմբագրել

Սրտի ռիթմիկ աշխատանքը արդյունք է սրտամկանում ծագող դրդելիության։ Սրտամկանը օժտված է հետևյալ կարևորագույն առանձնահատկություններով։ 1. Ինքնուրույն աշխատանքը կամ ավտոմատիան` կապված նրա դրդելիության հետ։ 2. Սրտի կծկվելու և թուլանալու հատկությունն է։ 3. Հաղորդելիությունն է։ 4. Անդրդելիությունը (ռեֆիկատորությունը)։ Սրտամկանում տեղի ունեցող ռիթմիկ կծկումները իրականանում են ինքնաբերաբար։ Վերջիններս ծագում են առանց արտաքին խթանիչի։ Դրանում համոզվելու համար բավական է գորտերի մեկուսացված սրտի միջով անցկացնլ ֆիզիոլոգիական լուծույթ` նա կսկսի ռիթմիկորեն կծկվել։ Ելնելով ձևաբանաֆունկցիոնալ առանձնահատկություններից տարբերում են սրտի մկանաթելերի 2 տիպեր։ 1. Նախասրտերի և փորոքների ՙբանվորական թելիկներ՚, որոնք կազմում են սրտի հիմնական զանգվածը` ապահովելով նրա մղող ֆունկցիան։ 2. Թելիկներ, որոնք վարում են ռիթմը և հայտնի են որպես ռիթմավարներ (պեյսմեկերի) և դրդման ալիքը սրտի բանվորական մկանաթելերի հաղորդիչներ։ Սրտամկանը օժտված է հանգստի և գործունեության հոսանքով։ Նախասրտերի և փորոքների մկանները իրենց պահում են ֆունկցիոնալ սինցիտիի նման։ Դա նշանակում է, որ այդ բաժիններից մեկին հասած կամ ինքնաբերաբար ծագած դրդելիությունը ընդգրկում է սրտամկանի բոլոր թելիկները։ Ի տարբերություն կմախքային մկանների բջիջների և նյարդաբջիջների, որոնցից յուրաքանչյուրը կարող է գրգռվել մեկուսացված ձևով` մյուսներից անկախ, սրտում գործում է ՙԱմեն ինչ կամ ոչինչ՚ օրենքը։ Դա նշանակում է, որ շեմքային գրգիռ հասնելիս բոլոր մկանները դրդվում են, կամ ոչ մեկը չի դրդվում, եթե գրգռիչի ուժը ենթաշեմքային է։ Ինքնածին ազդակը ծնունդ առնելով սինոատրիալ հանգույցում, նախ փոխանցվում է նախասրտերի ՙբանվորական՚ մկարններին, այնուհետև հասնելով նախասրտափորոքային հանգույցին (հաղորդվող համակարգի կենտրոնին), ազդակը փոքր ինչ պահվում է, որից հետո արագ անցնում հիսի խրցով, դեպի պուռկինեի թելիկները, և փորոքների մկաններն ու կծկում նրանց։ Սրտի ինքնուրույն կծկումները տեղի են ունենում ոչ միայն սինոատրիալ հանգույցի, այլ նաև հաղորդող համակարգի բաժինների ինքնածին դրդման շնորհիվ։ Սակայն այդ բջիջների գրգռման սեփական հաճախականությունը ցածր է։ Որքան հեռանում ենք ռիթմավարի բջիջներից, այնքան պակաս է հաղորդակից համակարգի ինքնուրույն աշխատունակությունը։ Այսպես, երկրորդ հանգույցը օժտված է պակաս ինքնուրույնությամբ, քան առաջին հանգույցը, իսկ հիսի փունջը ավելի թույլ պեյսմեկեր է, քան երկրորդ հանգույցը։ Վերջինս միացած է երրորդ հանգույցի հիսի խրցի հետ, որի ճյուղերը տարածվելով փորոքների մկաններում վեր են ածվում պուռկինեի թելիկների։ Նյարդային հանգույցների ֆունկցիաները պարզելու համար մեկուսացված գորտի սրտի վրա գնում են կապեր։ Եթե կապերը դրվեն այնպես, որ սրտից սինոատրիկուլային հանգույցը մեկուսացվի, ապա նրանում ռիթմավարային ավտոմատ կծկումները կշարունակվեն։ Իսկ սրտի մնացած հոծ զանգվածի կծկումները կդադարեն։ Սակայն 20-30 ր անց վերականգնվում է նաև 2-րդ հանգույցի հատվածը, կսկսի աշխատել, բայց ավելի պակաս հաճախությամբ, քան առաջինն էր։ Փորձերը ցույց են տվել, որ սինոատրիալ հանգույցը իրկանացվում է առաջի կարգի կամ գլխավոր ռիթմավարի ֆունկցիան ապահովելով մեկ րոպեում մոտ 70 զարկ։ Եթե այս կամ այն պատճառով առաջին հանգույցը դադարում է գործելուց, ռիթմավարի ֆունկցիան իրականացվում երկրորդ հանգույցի կողմից, որը ապահովում 1 րոպեում 40-ից 60 զարկ։ Եթե սրտային շրջափակումը (բլոկադան) ընդգրկել է երկրորդ հանգույցը, ապա սիրտը շարունակում է գործել երրորդ կարգի ռիթմավարի հիսի փնջի թելադրանքով, ապահովելով մեկ րոպեում 30-ից 40 զարկ։ Եթե զանազան ախտաբանական պատճառներով տեղի է ունեցել լրիվ շրջափակում նախասրտերի և փորոքների միջև, ապա նախասրտերը կաշխատեն սինոատրիալ հանգույցի հաճախականությամբ (70 զարկ մեկ րոպեում), իսկ փորոքների երրորդ կարգի ռիթմավարների հաճախականությամբ մեկ րոպեում 30-ից 40 զարկ։ Դա նշանակում է, որ արգելակումը ընդգրկել է միջացիկ հարթությամբ, որի հետևանքով փորոքների մեկուսացված կծկումը սկսվում է մի քանի վայրկյան ուշացումով։ Այդ մի քանի վայրկյանում գլխուղեղը սնունդ չստանալով առաջանում է ուշագնացություն, նույնիսկ կլինիկական մահ։ Երբ փորոքային ռիթմավարը ևս չի գործում, այդ դեպքում վերակենդանացնող բժիշկները հարկադրված են օգտագործել արհեստական ռիթմավար։

Սրտամկանի կծկումը արդյունք է նրանում ծագած գործունեության պոտենցիալի։ Այդ նույն գործունեության հոսանքը հանգում է նաև կմախքային մկանի կծկման, միայն այն տարբերությամբ, որ վերջինում կծկումը սկսվում է գործունեության հոսանքի ալիքի ավարտման պահին, և շատ կարճ է տևում (մի քանի մվ)։ Մինչդեռ սրտամկանի բջջի գործունեության հոսանքը բավականին երկար է տևում։ Այս պատճառով էլ կարդիոմիոցիտի գործունեության պոտենցիալը ավարտվում է թուլացման փուլի սկզբից հետո։ Այլ կերպ ասած` գործունեության հոսանքը և մկանի կծկումը որոշ շրջանում ժամանակի առումով համընկնում են։ Սրտամկանի յուրաքանչյուր հաջորդ կծկում առաջանում է միայն հաջորդ դրդելիությունից հետո։ Իսկ ամեն մի հաջորդ դրդելիութունը հնարավոր է դառնում միայն նախորդ պոտենցիալի բացարձակ ռեֆրակտոր փուլի ավարտումից հետո։ Սրտամկանը, ի տարբերություն սոմատիկ մկանի ընդունակ չէ տետանուսի (պրկանքի), ինչպես նաև մեկական կծկումների կուտակման։ Եթե սրտամկանը կծկվեր տետանիկ եղանակով, ապա, դիաստոլայի բացակայության պատճառով արյունը սրտում չէր հավաքվի և կխախժտվեր նրա հիմնական ֆունկցիան։ Գումարման հնարավորությունը ևս խանգարիչ հանգամանք կլիներ սրտամկանի համար, քանի որ սրտի մկանների բոլոր թելիկները գործում են գրեթե միաժամանակ։ Մեկական ազդակների կուտակմանը կհանգեր սրտի նորմալ գործունեության խախտման։ Սրտի նորմալ գործունեության վրա ազդում են մի շարք այլ գործոններ։ Դրանց թվին են պատկանում Ca2+ կատիոնը։ Սրտաբջջային հեղուկից Ca2+ հեռացնելիս, թեկուզ գործունեության հոսանքը մնում է գրեթե անփոփոխ, սրտի կծկումները դադարում են։ Սրտամկանի գործունեությունը կանոնավորում կամ ուժեղացնում են ադրենալինը, նորադրենալինը, սրտային գլյուկոզաները և այլն։ Այսպիսով, սրտամկաննրի կծկման պատճառը ինքնածին կամ ոչ ինքնածին գործունեության պոտենցիալն է, որն իրականացնում է 2 եղանակով` 1. Ներբջջային պահեստից Ca2+ կատիոնի դուրս բերմամբ։ 2. Ca2+ պաշարի լրացմամբ պայմաններ ստեղծելով հետագա կծկման համար։

Էլեկտրասրտագիր խմբագրել

Սրտամկանի գործունեության հիմքում, ինչպես նշվեց վերևում ընկած են իոնների տեղաշարժման սկզբունքով առաջացող կենսաէլեկտրական երևույթները։ Մկանների դրդելիության պահին այդ պոտենցիալները ստեղծում են էլկտրական դաշտ, որը կարելի է գրանցել մարմնի մակերեսից։ Մարմնի տարբեր հատվածների միջև առաջանում է պոտենցիալների տարբերություն, որոնք տատանվում են, կապված դաշտի լարվածության և մեծության փոփոխությունների հետ։ Պոտենցիալների տարբերության կորագծի գրառումը կոչվում է էլեկտրասրտագրություն, որը կատարում է էլեկտրասրտագիր կոչվող սարքի օգնությամբ։ Ժապավենը որի վրա գրի են առնում սրտի կենսաէլեկտրական պոտենցիալյները կոչվում է էլեկտրասրտաագիր (էլեկտրակարդիոգրամմա ԷԿԳ)։ Ուստի էլեկտրասրտագիրը արտահայտում է ոչ թե սրտի կծկումները, այլ դրդվելիությունը։ Քանի որ սրտագիրը գրանցվում է մարմնի մակերեսից, իսկ դրդման ամպլիտուդը այստեղ թույլ է լինում (1մկվ-ից պակաս), ուստի սրտագրերի վրա հարմարեցված են ուժեղարարներ, որոնց շնորհիվ 1 մվ-ին համապատասխանում է գրիչի տատանումը 1 սմ տարածության վրա (Նկ. 1): Դրդման ալիքի յուրաքանչյուր ցիկլը կազմում է համաչափորեն կրկնվող մի կորագիծ, որը ունի 5 կամ 6 ատամիկներ։ Սրտագրի կորի ատամիկները նշված են լատիներեն P, Q, R, S, T, U տառերով։ U հանգես է գալիս միայն որոշ դեպքերում ։ Ենթադրվում է, որ U ատամիկը արտահայտում է համակարգի վերջույթների վերաբևեռացում։ P ատամիկը արտահայտում է նախասրտերի դրդելիությունը, այս ատամիկի բարձրացող մասը արտացոլում է աջ, իս իջնողը ձախ նախասրտի դրդումը։ P, Q հատվածը կարճ է, այն տևում է 0.14վ. և համընկնում է այն ժամանակին երբ դրդման ալիքը ընդգրկում է նախասրտերից մինչև փորոքների սկիզբը։

Զարգացում խմբագրել

Սիրտը սկսվում է ձևավորվել սաղմի զարգացման 15-16 օրական հասակում մեզենքիմայի բջիջներից, որոնցից նախ ձևավորվում են 1-2 մմ երկարությամբ երկու էնդոթելային խողովակներ։ Նրանց միացումից ստեղծվում է մեկ սրտային խողովակ։ Բջիջների բուռն կիսման և զարգացման շնորհիվ խողովակի ներքին շերտից ձևավորվում է էնդոկարդը, իսկ արտաքին շերտից սկիզբ է առնում սրտի ապագա մկանային պատը։ Սրտի նախնական խողովակը զարգանում է շատ արագ, բայց անհավասարաչափ` կորություններով։ Դրանցից ձևավորվում է նախ երկխոռոչանի սիրտը, կազմված մեկ նախասրտից և մեկ փորոքից։ Սկսած պտղի 35-40 օրական հասակից նախասրտի մեջ ձևավորվում է մի միջնապատ, այն բաժանելով երկու խոռոչների` աջ և ձախ նախասրտեր։ Մոտավորապես այդ շրջանում էլ սիրտը պարանոցային հատվածից աստիճանաբար տեղափոխվում է կրծքային հատված և ընդունում վերջնական դիրք։ Մինչ այդ, փորոքային մասով այն թեքվում էր դեպի առաջ, դրանից հետո փորոքը իջնում է դեպի ցած և ձախ, իսկ նախասրտերը ընդունում են դեպի վեր ու աջ դարձած դիրք։ Սաղմի 60 օրական հասակում ձևավորվում է միջնապատ նաև փորոքում, որը նրան բաժանում է աջ և ձախ կեսերի։ Ձևավորվում է քառախորշ սիրտ։ Սրտի զարգացման միափորոքային շրջանում աորտան, փորքից դուրս գալիս, բաժանվում է երկու ճյուղերի, որոնցից մեկը` աորտան է, իսկ երկրորդը` թոքային զարկերակը։ Վերջինս, սաղմի մոտ իր հերթին միացած է աորտայի հետ բոտալյան ծորանի միջոցով, որը ծնվելուց հետո վեր է ածվում կապանի։ Պտղի նախասրտերի միջև կա ձվաձև անցք, որի միջով արյունը շրջանցելով թոքային շրջանառությունը, աջ նախասրտից անցնում է ձախը, իսկ վերջինից` ձախ փորոքը։ Սա պտղի սրտի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, քանի որ ծնվելուց հետո որպես կանոն ձվաձև անցքը պետք է փակվի։ Որոշ դեպքերում ծնվելուց հետո այդ անցքը չի փակվում։ Դա համարվում է սրտային ծանր արատներից մեկը։ Զարգացման պրոցեսում հետաքրքիր փոփոխություն է կրում սրտի ձևը։ Ծնվելուց առաջ և հետո ծննդյան սկզբնական շրջանում սրտի լայնքը ավելի մեծ է, քան երկարությունը։ Հասունացած մարդու սիրտը մոտավորապես կոնաձև է, սուր մասով դեպի ցած։ Իսկ մինչ ծնվելը և վաղ մանկության շրջանում այն գրեթե կլորավուն է, վերևից ներքև քիչ սեղմված։ Նորածնի սրտի զանգվածը 18-22գր է, իսկ հասունացած մարդու մոտ 250-300գր։ Անհատական զարգացման ընթացքում տարբերում են սրտի զարգացման ընթացքում տարբերում են սրտի զարգացման 3 փուլեր` տարբերակման, կայունացման և հետաճման։ Սրտային բջիջների տարբերակումը չի ավարտվում ոչ միայն զարգացման արգանդային շրջանի վերջում, այլ ծնվելուց տարիներ հետո։ Տարբերակման ընթացքում միոցիտները հաստանում են սարկոպլազմայով և մկանաթելիկների քանակով։ Բջջային տարրերի տարբերակումը ավարտվում 16-20 տարեկան հասակում։ Կայունացումը տեղի է ունենում 20-30 տարեկանում։ Հետաճը սկսվում է 30-40 տարեկանից, այսինքն այն շրջանից երբ սրտի վրա սկսվում են երևան գալ ճարպայիօն թելիկներ։ Սաղմի զարգացման վաղ շրջանում, սաղմնային թաղանթներից մեկի` խորիոնի թավիկների միջև ձևավորվում են ճեղքեր, որոնք կոչվում են լակուններ։ Այդ ճեղքերի մեջ անընդհատ լցվում է մոր արգանդի պատերը սնուցող զարկերակներով այստեղ հասած արյունը։ Լակունները սաղմի արյունից սահմանազատված են նրա անոթների նուրբ պատերով։ Ընտրողաբար դեպի սաղմի արյուն են ներծծվում մոր զարկերակային արյան մեջ եղած սննդանյութերը և թթվածինը։ Այդ պատերի յուրահատուկ կառուցվածքը շնորհիվ սաղմի արյունից դեպի լակումներն են անցնում նրա նյութափոխամակության արգասիքները և ածխաթթու գազը։ Այսպիսով լակունային կամ մայրական զարկերակային արյունը, առանց սաղմի արյանը խառնվելու, փոխադարձ նյութափոխանակության և գազափոխանակության մեջ է մտնում պտղի արյան հետ։ Վերջինիս տալով անհրաժեշտ սնունդ և թթվածին, և ընդունելով պտղի նյութափոխանակության մնացորդները, վեր է ածվում երակային արյան և երակներով հոսում դեպի մոր սիրտ։ Իսկ պտղի պորտային երակը դեպի պտուղն է տանում սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունը։ Սաղմի զարգացման վաղ շրջանում, նրա մատակարարման այս հասարակ ձևը հետագայում չի կարող ապահովել ինտենսիվ զարգացող պտղի պահանջները։ Այս կապակցությամբ, շուտով արյան մատակարարման կակունային եղանակին (որը հատուկ է կենդանական աշխարհի զարգացման` ֆիլոգենեզի վաղ փուլերին) փոխարինման է գալիս ավելի առաջադեմ ընկերքային (պլանցենտար) ձևը։ Արյան մատակարարման ընկերքային եղանակը սկսվում է պտղի զարգացման 5-6 շաբաթական հասակից։ Նրա նյութափոխանակոթյան արգասիքները պորտային զարկերակով մղվում են դեպի ընկերքը։ Այստեղ` ընկերքում երակային արյունը վեր է ածվում թթվածնով և սննդանյութերով հարուստ արյան, կամ ինչպես ընդունված է ասել զարկերակային արյան, որը պորտային երակով հոսում է դեպի պտուղը։ Ընկերքում, բացի արյանը սննդանյութեր և թթվածին մատակարարելուց, գործում է նաև, այսպես կոչված, ընկերքային խոչընդոտը, որի շնորհիվ, պահվում և ոչնչացվում են մոր արյան հետ այստեղ հասած միկրոօրգանիզմներն ու զանազան թունավոր նյութերը։ որոնցից զերծ է մնում ՙմաքրված՚ արյունը։ Պտղի պորտային երակը բաժանվում է երկու ճյուղերի։ դրանցից մեկը մտնում է լյարդի մեջ գազափոխանակության և, հավանական է, այլ նպատակներով, իսկ մյուսը միանում է ստորին սիներակին։ Իհարկե այդ նույն սիներակին է միանում նաև լյարդում ճյուղավորված պորտային երակի մյուս (լյարդային) ճյուղը։ Պտղի աջ նախասրտից շատ թե քիչ մաքուր զարկերակային արյունը ձվաձև անցքով լցվում է ձախ նախասիրտը, այնտեղից էլ իջնում է ձախ փորոքը, իսկ վերջինից էլ մղվում աորտայի մեջ։ Աջ նախասրտում լցված արյան մնացած մասը իջնում է դեպի աջ փորոքը, այստեղից էլ նրա մի չնչին մասը մղվում է թոքերը։ Բայց քանի որ արյան փոքր շրջանը չի գոչծում, ուստի թոքային զարկերակներում ստեղծված լարվածության պատճառով, արյան մեծ մասը բոտալյան ծորանով մղվում է դեպի աորտայի այն հատվածը, որից քիչ վեչ անջատվում են բազկագլխիկային և ենթաանրակային զարկերակները։ Եթե բոտալյան ծորանը աորտային միանար մինչբազկագլխային և ենթաանրակային զարկերակների սկսման հատվածում, ապա գլուխն ու վերին վերջույթները պիտի սնվեին նույն խառը արյունով, որով սպասարկվելու էին իրանն ու ստորին վերջույթները։ Բայց քանի որ, բոտալյան ծորանի միացումը կատարվում է ավելի ցած, ուստի գլոիխը և վերին վերջույթները սնվում են թթվածնով և սննդանյութերով համեմատաբար հարուստ արյունով։ Արյան մեծ թթվածնի որովայնային հատվածի զարկերակի, սկսվում ու երկու պորգային զարկերակները, որոնք հեռանում են դեպի ընկերքը։ Չորսից-հինգ ամսական պտուղը սկսում է շարժվել և գնալով այդ շարժումները ակտիվանում են։ Այդ շարժումները նպաստում են պտղի արյան շրջանառության արագանալուն։ Ծնվելուց հետո երեխայի օրգանիզմում կատարվում են մի շարք էական անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխություններ։ 1. Սննդանյութերի մատակարարման պորտալարային համակարգից նորածինը անցնում է ինքնուրույն սննդառության։ Այդ կապակցությամբ առաջին անգամ սկսում է գործել մարսողական համակարգին վերաբերվող բոլոր օրգանները, մարսողական գեղձերը, արյան օրգանական և անօրգանական կազմի նորման ապահովող ներծծման, ասիմիլյացիայի և դիսիմիլյացիայի պրոցեսները։ 2. Թթվածնի մատակարարումը ընկերքային ձևին փոխարինում է արյան փոքր շրջանի գործունեությունը։ 3. Այդ կապակցությամբ սկսվում է գազափոխանակության բարձր կատարելագործված ձևը։ 4. Օրգանների և հյուսվածքների խառը արյունով սնուցումը փոխարինվում է մաքուր զարկերակային արյան մատակարարման և այդ կապակցությամբ էլ, սպիտակամաշկ նորածնի մարմինը մուգ կարմրակապտավունից աստիճանաբար բացվելով ընդունում է սպիտակավուն նորմալ մաշկի ձև։ 5. Արյան շրջանառության համակարգում կատարվում է հետևյալը։ Ծնվելուց պորտալարը կտրվում է։ Պտուղը զրկվում է մոր օրգանիզմից թթվածին ստանալուց, ածխաթթու գազի ավելացումը արյան մեջ գրգռում է պտղի շնչառական կենտրոնը, որը շնչառական նյարդի միջոցով առաջին անգամ գործի է դնում շնչառական համակարգը։ Ալվիոլների երակային մազանոթներում հավաքված թթվածնով հարուստ արյունը թոքային երակներով սկսում է հոսել դեպի ձախ նախասիրտը։ Բոտալյան ծորանը փակվում է, արյան թոքային շրջանի գործունեության հետ կապված աջ նախասրտի էնդոթելային ծալքը աստիճանաբար փակում է ձվաձև անցքը։ Շուտով նախասրտերի միջև սերտաճում է հոծ միջնապատ, որի հետևանքով արյան շրջանառությունը բաժանվում է երկու ինքնուրույն բաժինների` մեծ և փոքր շրջանի։ Պորտային զարկերակները պորտալարի հատումից հետո վեր են ածվում կապանների։

Նորածնի սրտի դիրքը բավականին բարձր է, քանի որ արգանդային շրջանում թոքերը չեն գործում. ստոծանու հետ նա սեղմված է դեպի վեր։ Երբ երեխան ընդունում է ուղղահայաց դիրք, կրծքվանդակի օրգանները կիսվում են և աստիճանաբար իջնում դեպի որովայնը։ Երկու երեք տարեկան հասակում սրտի վերին մասը հավասարվում է ձախ հինգերորդ կողմի մակարդակին։ Հինգ տարեկանում այն իջնում է 6-րդ կողմի սահամանում։ 10 տարեկանում սրտի զբաղեցրած դիրքը նույնն է, ինչ-որ հասուն մարդու մոտ։ Նորածնի մոտ աջ և ձախ փորոքների պատերի հաստության հարաբերությունը կազմում է 1/1,3: Քանի որ ձախ փորոքների լարվածությունը անհամեմատ մեծ է, քան աջ փորոքինը, ուստի տարիքի հետ զուգահեռ ձախ փորոքի պատը ենթարկվում է աշխատանային գերզարգացածության (ֆունկցիոնալ հիպերտոնիա), որի պատճառով այդ տարբերությունը հասուն մարդու մոտ կազմում է 1/2,1: Սրտի զանգվածը նորածնի մոտ միջին հաշվով կազմում է մարմնի զանգվածի 0,85-0,90 (20-30գր)։ Հասուն շրջանում այն կազմում է մարմնի զանգվածի 0,5-ը։ 10 ամսական հասակում սրտի զանգվածը մոտ 50գր է. երկու երեք տարեկանում` 75գր, հինգ տարեկանում` 100գր, վեց տարեկանում` 275գր, 7-12 տարեկանում սրտի աճը որոշ չափով հետ է մնում մարմնի զանգվածի աճից։ Սեռահասունության շրջանում սրտի զանգվածի աճը նորից ակտիվանում է, քանի որ այդ շրջանում ինտենսիվ է դառնում նաև մարմնի ընդհանուր զանգվածի աճը նորից ակտիվանում է, քանի որ այդ շրջանում ինտենսիվ է դառնում նաև մարմնի ընդհանուր զանգվածի աճը, ուստի մարմնի և սրտի զանգվածի զարգացումը անցողիկ շրջանում մոտենում է հասունացած մարդու մոտ նրանց մոտ ունեցած տոկոսային հարաբերությունը։ Սրտի հրոցները, սկսած նորածնության շրջանից մինչև երեք տարեկան հասակը, լավ արտահայտված են ձախ 4-րդ միջկողայւն հատվածում, պտղից 1,5-2,0սմ ձախ։ Նիհար երեխաների մոտ այն երևում է նույնիսկ անզեն աչքով դիտելիս, իսկ գեր երեխաների մոտ հրոցները զգացվում են ձեռքով շոշափելիս։ 4-7 տարեկանների մոտ հրոցները շոշափվում են 5-րդ միջկողային տարածություններով։ Պտղի մոտ կծկումների թիվը մեկ րոպեում 130-150 է։ Պտղի շարժումների մոտ այն կարող է արագանալ 10-15 զարկով:Օրվա տարբեր ժամերին կծկումների քանակը կարող է տարածվել 35-45 սահմաններում։ Մոր շարժումները պտղի սրտի կծկումների հաճախության վրա չեն ազդում։ Սրտի կծկումների քանակը երեխայի ավելացման հետ զուգընթաց օրինաչափորեն պակասում են, որը բացատրվում է թափառող նյարդի ազդեցության աստիճանական ուժեղացմամբ։ Արգանդային շրջանի 130-150 հարվածից, 15 տարեկանում այն հասնում է 70-75-ի։ Աղջիկների մոտ սրտի կծկման հաճախականությունը փոքր ինչ բարձր է տղամարդու համեմատ։ Սրտի հնչյունները երեխաների մոտ կարճատև են մեծերի համեմատ, քանի որ բաբախումները մանկության շրջանում բարձր է։ Առաջին հնչյունը հասուն շրջանում 0,1-0,17վ է։ Իսկ երեխաների մոտ` 0,1-0,12վ է։ Բայց երկրորդ հնչյունը երեխաների մոտ տևական է (0,07-0,1վ), քան հասունների մոտ 0.06-0.08: Երեխաների վաղ մանկության շրջանում երբեմն լսվում է սիստոլիկ և դիաստոլիկ ձայների ճեղքում։ Առաջին կամ սիստոլիկ հնչյունը ճեղքվում է աջ և ձախ նախախորշափորոքային փորոքների ոչ միաժամանակյա թակման շնորհիվ։ Իսկ երկրորդ հնչյունը ճեղքվում է աորտայի և թոքային զարկերակների կիսալուսնաձև փականների ոչ միաժամանակյա փակման հետևանքով։ Երեխաների մոտ հաճախ լսվում են նաև երրորդ հնչյունը, որը ձևավորվում է դիաստոլայի սկզբից 0.1-0.2վ անց։ Երրորդ հնչյունը արդյունք է փորոքների մկանների ուժեղ ձգման, երբ նրանք լցվում են արյունով։ Երեխայի սիրտ նաոթային համակարգի զարգացմանը զուգահեռ ավելանում են նրա սիստոլիկ և րոպեական ծավալները։ Թերևս սիստոլիկ ծավալը ավելի ինտենսիվ է աճում, քան րոպեական, քանի որ մեկ րոպեում կատարվող կծկումների քանակը գնալով պակասում է։ Երեխաների մոտ, անկախ նրանց հասակից, չափավոր ֆիզիկական աշխատանքի դեպքում րոպեական ծավալի ավելացումը արդյունք սիստոլիկ ծավալի ավելացման։ Իսկ այդ ավելացումը պահանջում է նորմայից վել թթվածնի օգտագործում։ Աճող օրգանիզմի համար թթվածնի պահանջը մոտ երկու անգամ ավելի հասունացած օրգանիզմի համեմատ։ Հետևապես, այդքան էլ ավելի են նրանց սրտի րոպեական կամ սիստոլիկ ծավալները։ Իգական սեռի մոտ սրտի րոպեական և սիստոլիկ ծավալները պակաս են արականի համեմատ։ Պտղի սրտի աշխատանքի բարձր հաճախականությունը բացատրվում է սիմպաթիկ նյարդային համակարգի անարգելք լարվածությամբ։ Բանն այն է, որ պտղի սրտի սիմպաթիկ նյարդավորումը սկսվում է ավելի շուտ քան մյուս օրգանների սպասարկումը այդ նույն սիմպաթիկ նյարդով։ Իսկ նրա հակազդիչը թափառող նյարդը սրտի աշխատանքի կանոնավորմանը մասնակից է դառնում միայն ծնվելուց հետո, այն էլ երեք-չորսամսական հասակում։ Դա համընկնում է մոտավորապես այն շրջանին, երբ երեխան կարողանում է ինքնուրույն պահել իր գլուխը` պարանոցի մկանների լարվածության շնորհիվ։ Մկանային աշխատանքի ակտիվությունը կապված թափառող նյարդի լարվածության բարձրացման և սրտի գործունեության ակտիվ միջամտության հետ։ Սիմպաթիկ նյարդային համակարգին լարվածության մեջ է դնում գլխավորապես պտղի թթվածնի աղքատ արյունը` թթվածնաքաղցը, քանի որ նրա օրգաններն ու հյուսվածքներն սնվում են ՙոչ մաքուր՚ զարկերակային արյունով։ Պտղի զարկերակային և երակային արյունները գրեթե կիսով չափ խառնվում են, իսկ թթվածնաքաղցը գրգռում է սիմպաթիկ բաժնի սրտային կենտրոնը։ Նորածնի մոտ թեկուզ լավ են ձևավորվում սիրտը սպասարկող թե` սիմպաթիկ և թե` պարասիմպաթիկ նյարդային վերջույթները, այնուամենայնիվ ինչպես նշվեց գործում է միայն սիմպաթիկ բաժինը, իսկ պարասիմպաթիկ բաժնի կենտրոնը դեռևս չի գործում։ Երեխայի սրտի գործունեության վրա էական ազդեցություն ունի ջրի միջավայրի ջերմաստիճանը։ Նրա աճի ու զարգացման, նյութափոխանակության լավագույն ջերմաստիճանը համարվում է 200C: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացումը իջացնում է օրգանիզմի մկանային լարվածությունը, որն իր հերթին պակասեցնում է սրտի սիմպաթիկ նյարդային կենտրոնի լարվածությունը։ Այդ պատճառով էլ պակասում է նաև սրտի գործունեության հաճախականությունը։

Գրականություն խմբագրել

  • Գալպերին Ս. Ի., Գոլիշևա Պ. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա. 1981, 335 էջ։
  • Մինասյան Ս. Մ., Ադամյան Ծ.Ի., Սարգսյան Ն.Վ. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա. / Եր.;Երևանի համալսարանի հրատ., 2006, 480 էջ։
  • Միքայելյան Ն.Գ. Ֆիզիոլոգիա։ Եր., ՙԼույս՚, 1990, 440էջ։
  • Խուդավերդյան Բ. Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքեր, 1998թ.