Սրոհունդ Էլեոնորայի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Սրոհունազգիներ
Տեսակ Սրոհունդ Էլեոնորայի
Լատիներեն անվանում
Hypericum eleonorae


Սրոհունդ Էլեոնորայի (լատին․՝ Hypericum eleonorae), սրոհունդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-25 սմ բարձրությամբ բազմամյա, ցածրահասակ բույս է։ Ցողունները բազմաթիվ են։ Տերևները ձվաձև կամ կլորավուն-ձվաձև են, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված։ 2-3 ծաղիկները միայնակ են և աճում են ցողունների գագաթներին։ Բաժակաթերթերը 5 են, եզրերից միաշարք, խիտ դասավորված նստադիր կամ ոտիկավոր գեղձերով, հազվադեպ առանց գեղձերի։ Պսակաթերթերը դեղին է, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով։ Պտուղը ձվաձև է, բազմաթիվ մանր սերմերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա լեռնագագաթ՝ Աղայա) և Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին և ալպյան լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 2100-3100 մ բարձրությունների վրա, գագաթնամերձ, ժայռոտ, քարքարոտ և կրաքարային լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի են մեկական պոպուլյացիաներ Հյուսիսային և Հարավային Հայաստանում։ Աճելավայրերի միջև տարածությունը 230 կմ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին մարդածին գործոնների արդյունքում սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.