Սրնգենի կովկասյանին տերևաթափ թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ։ Ընձյուղները վառ դեղնագույն են կամ կարմրադարչնագույն։ Հին ճյուղերի կեղևը դարչնագորշավուն է, ճաքճքվող և շերտերով անջատվող։ Տերևները նուրբ են, վառ կանաչավուն, երկարավուն էլիպսաձև կամ նշտարաձև, 3,5 - 8 սմ երկարությամբ, սրածայր, ատամնաեզր, մերկ։ Ծաղիկները սպիտակավուն են, ուժեղ, հաճելի բուրմունքով, 2 - 3,5 սմ տրամագծով, հավաքված 7 - 11 ծաղիկներից կազմված ծաղկաբույլերում։ Պտուղը չոր, անկյունավոր տուփիկ է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Տարածված է Կովկասում և Փոքր Ասիայում։ Մեր հանրապետությունում տարածված է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, կաղնեբոխային անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1800 մ բարձրությունների վրա։ Հրաշալի մեղրատու է։ Լուսասեր է, պահանջկոտ հողի նկատմամբ, չորադիմացկուն, ջերմասեր և ցրտադիմացկուն։ Խոնավասեր է, սակայն լավ է դիմանում նաև ժամանակավոր երաշտին։ Լայնորեն է օգտագործվում կանաչապատման բնագավառում, խմբերով, որպես սոլիտեր ծաղ-կապարտերային ձևավորումներում։ Բնափայտը սնամեջ է, դրանից պատրաստում են ծխամորճեր և սրինգներ (այստեղից էլ՝ անվանումը)։ Բնափայտից սև ներկ են ստանում։ Բազմանում է սերմերով և թփի բաժանման միջոցով։