Ստուպլե վանք
Ստուպլե վանք (սերբ.՝ Манастир Ступље), սերբ ուղղափառ եկեղեցու Բանյա Լուկայի թեմի` Միքայել Հրեշտակապետին նվիրված վանք։ Գտնվում է Մանաստիրիցե գետի վրա, Պրնյավոր, Չելինաց և Տեսլիչ համայնքների սահմանակետում։ Պատմականորեն սերտորեն կապված է եղել Լիպլե վանքի հետ։
Ստուպլե վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Gornji Vijačani? |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Բանյա Լուկայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
Հիմնադրված | 15-րդ դար |
Stuplje monastery Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՎանքն առաջին անգամ հիշատակվել է Դոբրուն վանքի գրառումների մեջ, որը թվագրվում է 15-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ հիշատակումը պահպանվել է Բելգրադի Ազգային գրադարանում, սակայն ոչնչացվել է 1941 թվականի ապրիլի 6-ին, գերմանական ավիառմբակոծման արդյունքում։ Ժողովրդական զրույցները վանքի կառուցումը վերագրում են թագավոր Ստեֆան Սրագուտինին, սակայն այս լեգենդի գրավոր ապացույցներ չկան։ Առավել հնարավոր է, որ վանական կյանքն այստեղ վերածնվել է 15-րդ դարի կեսերին[1]։
Օրախովիցի սլավոնական վանքում մինչև 1991 թվականը պահպանվել են Ստուպլեում արտագրված բազմաթիվ գրքեր։ Գրչատան գոյությունը վկայում է մեծ միաբանության և զարգացած օթևանի առկայության մասին։ 1696 թվականի Օրախովիցյան տարեգրության մեջ ասվում է նաև Ստուպլեի վանքի ճակատագրի մասին. «Այդ ժամանակներում վանքերից շատերը դատարկվել ու այրվել էին անիծյալ մուսուլմանների խմբերի կողմից... այդ ժամանակ Լիպլեի և Ստուպլեի վանքերն այրվել ու վերջնականապես դատարկվել են»։ Թուրքերի կողմից վանքի ոչնչացումը տեղի է ունեցել 1690 թվականին, Թուրքական մեծ պատերազմի ընթացքում[1]։
Երկար ժամանակ վանքը հայտնի էր միայն ըստ պատմական փաստաթղթերի։ 1994 թվականի մարտին հայտնաբերվել են վանական եկեղեցու, իսկ երեք տարի անց` միաբանության մասնաշենքի և նախկին վանքի այլ շինությունների ավերակները։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 600 քմ։ Եկեղեցու հիմքը գտնվել է 30 սմ խորությամբ։ Հիմքի երկարությունը արևմտյան պատից մինչև գլխավոր աբսիդը կազմել է ավելի քան 14 մ, նավի լայնությունը` 5 մ, իսկ խորանային աբսիդները` 4.44 մ[1]։
Բանյալուկացի եպիսկոպոս Եֆրեմի նախաձեռնությամբ վանքը վերականգնվել է։ 2008 թվականի նոյեմբերին մենաստանում վերականգնվել է վանական կյանքը, իսկ դրա վերահսկիչ է նշանակվել աբեղա Դանիիլը[2]։ 2018 թվականի դրությամբ վանքում շարունակվում էր նոր մասնաշենքերի շինարարությունը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ljiljana Ševo. «Manastir Stuplje». zapadnisrbi.com (սերբերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ GORAN ĐURIĆ (2009 թ․ հունվարի 6). «Ponovo sija monaško kandilo u Stuplju». Blic.rs (սերբերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Manastir Stuplje – Decenija monaškog života (Foto)». Blic.rs (սերբերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Nenad Novaković, Ranko Pavlović Manastir Stuplje. — Banja Luka: Glas srpski, 1998. — 52 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստուպլե վանք» հոդվածին։ |