Ստենոբիոնտ օրգանիզմներ, ստենոբիոնտներ, բույսեր և կենդանիներ, որոնք ընդունակ են ապրելու միայն շրջապատող միջավայրի համեմատաբար կայուն պայմաններում (ջերմաստիճան, աղայնություն, խոնավություն, ճնշում, որոշակի սննդի առկայություն)։ Որոշ օրգանիզմների ստենոբիոնտությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջավայրի որևէ մեկ գործոնով (օրինակ, սննդի բնույթով)։ Հարավ-ամերիկյան առանձին կոլիբրիներ սնվում են որոշակի տեսակի բույսերի նեկտարով և դրանց տարածման շրջանը սահմանափակվում է տվյալ բույսերի նեղ նեկտարով։ Ավստրալիական պարկավոր կոալա արջը ապրում է նվենու միայն այն տեսակների վրա, որոնց տերևներով ինքը սնվում է։ Մի շարք ստենոբիոնտ օրգանիզմի գոյության հնարավորությունը և տարածվածությունը սահմանափակվում են մի քանի գործոններով, օրինակ, որոշ խորջրյա ձկներ ապրում են 6-7 կմ խորություններում, որտեղ լույսը լրիվ բացակայում է, ջրի ճնշումը 600-700 մթն է, աղայնությունը և ջերմաստիճանը կայուն են։ Ստենոբիոնտի օրգանիզմներին են պատկանում նաև շատ մակաբույծներ և սիմբիոնտներ, որոնք կարող են գոյություն ունենալ միայն որոշակի տեսակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ստենոբիոնտ օրգանիզմները հակադրվում են էվրիբիոնտ օրգանիզմներին։

Ստենոբիոնտ օրգանիզմ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 120