Սսի պայմանագիր 1194, կնքվել է Սիս քաղաքում, Կիլիկյան Հայաստանի և դրացի Անտիոքի դքսության միջև։ Երկու երկրների միջև սահմանային վեճերը կարգավորելու և բարեկամություն հաստատելու պատրվակով, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազը (1173—1205) 1193 թվականին Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործին հրավիրել է բանակցության՝ նրան ձերբակալելու և իրեն ձեռնտու պայմանագիր պարտագրելու մտադրությամբ։ Սակայն Լևոն Բ հանդիպման վայրը փոխել է Կաստոն բերդը, ինքը ձերբակալել դքսին և նրան տարել Սիս։ Նրանց միջև հաշտության պայմանագիրը ստորագրվել է տևական բանակցություններից հետո՝ Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ։ Դուքսն ընդունել է Հայոց թագավորի գերագահությունը, վերադարձրել դեռևս 1185 թվականին զավթած սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը) հայկական հողերը, ինչպես նաև Ասորվոց դրունք ռազմական կարևոր հանգույցը։ Պայմանագիրն ամրապնդվել է դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ։ Բոհեմունդ III Կակազն ազատ է արձակվել՝ Ռայմոնդ որդուն պատանդ թողնելով Սսում։ Սի քանի տարի անց Լևոն Բ որդեգրել է հանկարծամահ եղած Ռայմոնդի գահաժառանգ որդի Ռուբենին և նրան հռչակել նաև իր գահաժառանգը (Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու նպատակով)։

Սսի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1194 թ.
Սիս
Կողմեր Կիլիկյան Հայաստան

Անտիոքի դքսության

Բոհոմունդ 3
Լևոն Բ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 84