Վիրավորանք, ոչ արդարացիորեն պատճառված դառնություն, զրպարտություն[1], ինչպես նաև դրանով պայմանավորված բացասական երանգավորում ունեցող զգացմունք[2][3]։

Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։
- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մաս

ներառում է վիրավորողի նկատմամբ զայրույթը և խղճահարությունը ինքն իր նկատմամբ այն իրավիճակում, երբ ոչինչ հնարավոր չէ ետ բերել, ի տարբերություն պահանջների և նախատինքի, երբ հնարավորություն կա իրավիճակն ուղղելու։

Սերտորեն կապված է այնպիսի հասկացության հետ, ինչպիսին է արդարացիությունը[4]։ Մենք վիրավորվում ենք այն ժամանակ, երբ մեզ թվում է, թե մեզ հետ անարդարացիորեն են վարվում։ Եթե մեզ ինչ-որ բան արդարացիորեն չի տրվել, մենք կարող ենք վշտանալ, բայց չվիրավորվել։

Հոգեբանական շտկում խմբագրել

Վիրավորանքի զգացողությունն առաջանում է վիրավորողի վարքագծի վերաբերյալ սպասումների և իրականում նրա պահվածքի միջև անհամապատասխանության հետևանքով։ Այսինքն՝ վիրավորանքը հանդիսանում է երեք մտավոր գործողությունների արդյունք․ սպասելիքների կառուցում, իրական վարքի դիտարկում և համեմատություն[5]։

Հասցված վիրավորանքից առաջացած բացասական զգացումների ազդեցությունը նվազեցնելու համար կարելի է հարմարավետ և հանդարտ պայմաններում պատկերացնել այդ վիրավորանքի միջադեպը, հիշել և վերլուծել բոլոր համապատասխան բաղադրիչները (սեփական սպասելիքները, դիմացինի վարքագիծը)։ Ընդ որում, կարևոր է, որ վիրավորանքի վիճակի վերարտադրությունը կատարվի առանց իրավիճակի կրկին վերապրման[5]։

Ո՞վ է դառնում քավության նոխազ խմբագրել

Շատ հաճախ վիրավորանքի պատճառած ցավը մորմոքելու համար վիրավորվածը բարկությունը թափում է առաջին իսկ պատահածի վրա։ Վրեժը իհարկե չի լուծվում, քանի որ այն ուղղված չէ վիրավորանք հասցնողին։

Հայտնի է՝ վրեժը քաղցր է։ Սակայն ինչն է պատճառը, որ մարդիկ վրեժ են լուծում բոլորովին ոչ այն մարդկանցից ովքեր իրենց վիրավորանք են պատճառել, ցավ պատճառելով նրանց, ովքեր որևէ առընչություն չունեն իրենց ցավի հետ։

Առնեի գիտափորձ խմբագրել

Մարբուրգի համալսարանի հոգեբան Առնե Սյոստրեմը (գերմաներեն Arne Sjöström) ապացուցել է, որ վիրավորանքի հետ կապ չունեցող որևէ մեկին վիրավորելով վիրավորվածը նույնքան բավարարված է զգում իրեն, որքան կզգար, եթե իրական վիրավորողին վիրավորեր։ Պարզվում է, որ վրեժխնդրությունը կարելի է բավարարել, եթե մարդը վրեժ է լուծում վիրավորողի սոցիալական խմբին պատկանող կամ նրան բնորոշ հատկություններ ունեցող մեկից։

Այս տեսակետի ապացուցման նպատակով մի շարք գիտափորձեր են կատարվել, որոնք հաստատել են Առնեի ենթադրությունը։ Վրեժխնդրության համար քավության նոխազ ընտրելու արդյունքների վրա էականորեն ազդել են վիրավորողի հետ նմանությունը և նրա հետ ունեցած փոխհարաբերությունները, նույնիսկ արտաքին նմանությունը[6]։

Վիրավորված մարդը ձգտում է ամեն գնով հագուրդ տալ վրեժի ծարավին։ Սակայն, եթե այդ պահանջը հնարավոր է բավարարել կողմնակի մեկի հաշվին, ապա ավելի հեշտ է քավության նոխազ դարձնել շրջապատում ամենախոցելի մեկին։ Այսպիսով, Առնեի հետազոտությունից որոշ չափով պարզ է դառնում, թե բռնության հիմքում ինչը կարող է ընկած լինել ոչ միայն անձնային, այլև ազգամիջյան, միջմշակութային, միջազգային հակամարտություններում[7]։

Իրավական կարգավորում խմբագրել

Մինչ 2010 թվականի մայիս Հայաստանում գործել է պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ։ 2010 թվականի մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում վիրավորանքն ապաքրեականացվել է. խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում[8][9]։

Վիրավորանքի և զրպարտության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է սահմանել կարծիքը, դատողությունը որպես փաստ վիրավորանք և զրպարտություն որակելու համար։ Այսինքն վիճարկվող արտահայտությունը կամ բառը որպես վիրավորանք որակելու հարցում հնարավոր է օգտվել եվրոպական դատարանի նախադեպից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել