Համագործակցային ուսուցում

Համագործակցային ուսուցումը այլընտրանքային մանկավարժական մոտեցում է։ Այն ենթանդրում է խմբային աշխատանքի համագործակցության նոր մշակույթ։ Համագործակցային ուսուցման կարևոր պայմաններից է խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովումը։

Համագործակցային ուսուցման տարրերը խմբագրել

Համագործակցային ուսուցման տարրերը ըստ Ջոնսոնների[1] հինգն են՝

  1. Դրական փոխկախվածություն. Խմբում ձևավորվում է միմյանց օգնելու, խրախուսելու, աջակցելու մթնոլորտ։ Սովորողի ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն։ Այն նպաստում է հանդուրժողականության և վստահության ձևավորմանը։ Քննարկումներն ու ձգտումներն օգնում են խմբի անդամների փոխհարաբերություններին։
  2. Դեմ առ դեմ, խթանող փոխազդեցություն. Խմբի անդամները համգործակցում են, փոխանակում են տեղեկություններ, կարծիքներ և ռեսուրսներ, մշակում և վերլուծում են տեղեկությունը, ապահովում են հետադարձ կապ, քաջալերում և աջակցում են միմյանց՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։
  3. Անհատական հաշվետվություն և պատասխանատվություն. Խմբի յուրաքանչյուր անդամ պատրաստ է պատասխանելու և մտքեր փոխանակելու, կրում է պատասխանատվություն ուսուցման արդյունքների համար, խմբի մաս է, գաղափարներով և մտքերով կիսվում է մյուս անդամների հետ, պատրաստ է ներկայացնելու խմբի աշխատանքի արդյունքը։
  4. Սոցիալական հմտություններ. Խմբի անդամների միջև ձևավորվում են վարքագծային նորմեր՝ անաղմուկ աշխատանք, ներկայություն մինչև աշխատանքի ավարտը, խոսողին հետևելը, առաջադրանքը կատարելիս ներդրում ունենալը։
  5. Խմբային գործընթաց. Խմբի անդամների հաջողությունների, փոխհարաբերությունների, համագործակցության բարելավման հետ կապված խնդիրների քննարկման փուլ է։ Դրանք զարգացնում են սոցիալական հմտությունները, ապահովում են խմբի անդամների գործողությունների և մասնակցության հետադարձ կապը։

Հետագայում այդ տարրերին Պասի Սալբերգի կողմից ավելացվեց փոխներգործուն/ինտերակտիվ առաջադրանքը որպես համագործակցային ուսուցման 6-րդ տարր։ Նրա կարևոր չափանիշը այն է, որ խմբի անդամները հեշտությամբ մասնակցեն առաջադրանքի կատարմանը։

Համագործակցային ուսուցման խմբերի տեսակները խմբագրել

Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբեր խմբագրել

Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբերը փոքր են՝ 2-4 անդամ։ Հանձնարարականների ռազմավարությունը հետևյալն է ՝

  1. խմբերը ձևակերպում են առաջադրանքը, լուծում այն և պատրաստվում ներկայացնել,
  2. պատահականորեն ընտրված խմբի անդամը ներկայացնում է խմբի աշխատանքի արդյունքը,
  3. բոլոր անդամները քննարկում են բոլոր լուծումնեը, տալիս հարցեր,
  4. յուրաքանչյուր խումբ պատրաստում և ներկայացնում է աշխատանքի հաշվետվություն։

Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբեր խմբագրել

Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբերը ժամանակավոր գործող խմբեր են, որոնք օգտագործվում են դասախոսության, դիդակտիկ նյութերի ցուցադրման, ֆիլմ դիտելու ժամանակ սովորողների ուշադրությունը ուսուցանվող նյութի վրա կենտրոնացնելու, ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերը նախապատրաստելու համար։

Համագործակցային ուսուցման հենակետային խմբեր խմբագրել

Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի, ծրագրի շրջանակներում։ Խմբի անդամները միմյանց օգնում են, աջակցում, խրախուսում՝ նպաստելով առաջադրանքի կատարմանն ու գիտելիքների ձեռքբերմանը։ Դրանք մշտական են և ապահովում են երկարաժամկետ, գործընկերային փոխհարաբերություններ։

Համագործակցային ուսուցման մեթոդներ խմբագրել

  1. Աշակերտների թիմային առաջադիմություն
  2. Խճանկար
  3. Շրջագայություն պատկերասրահում
  4. Երեք բանալի և մեկ կողպեք
  5. Հինգրոպեանոց ազատ շարադրանք։

Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ։ Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից։ Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը։ Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում։ Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները։ Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին։

Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է։ Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի A&M համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից։ Խճանկարի փուլերն են.

  • նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,
  • աշխատանք փորձագիտական խմբում,
  • աշխատանք ուսումնական խմբում,
  • ավարտական աշխատանք,
  • ամփոփում։

Շրջագայություն պատկերասրահում։ Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ։

Երեք բանալի և մեկ կողպեք։ Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։ Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։

Հինգրոպեանոց ազատ շարադրանք։ Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։

Գրականություն խմբագրել

  • Johnson, D., Johnson, R. (1999). Learning together and alone: cooperative, competitive, and individualistic learning. Boston: Allyn and Bacon

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnson, D. W., Johnson, R. T., & Holubec, E. (2008) “Cooperation in the classroom" (8th ed.). Edina, MN: Interaction Book Company.