Բյուրեղօպտիկա, գիտություն բյուրեղներում լույսի տարածման մասին։

Նկարագրությունը խմբագրել

Բյուրեղների սեփական ճառագայթումը, նրանց սպեկտրային բնութագրերի և էներգիայի մակարդակների ու անցումների հավանականության կապը սովորաբար քննարկվում է բյուրեղների սպեկտրոսկոպիայում։ Բյուրեղօպտիկայում, ինչպես և ողջ մակրոսկոպիկ ֆիզիկական օպտիկայում, նյութը բնութագրվում է իր հատկությունները նկարագրող մի քանի մեծություններով։ Միկրոսկոպիկ բյուրեղօպտիկան այդ պարամետրերը կապում է բյուրեղը կազմող մասնիկների հատկությունների, նրանց դասավորության և փոխազդեցության հետ։ Բյուրեղներին բնորոշ է նրանց ֆիզիկական հատկությունների անիզոտրոպությունը, այդ թվում նաև այնպիսի հատկությունների, որոնք նկարագրվում են դիէլեկտրիկ (е), մագնիսական (р), թափանցելիություններով և էլեկտրահաղորդականությամբ (а)։ Լուսային ալիքի դաշտի ազդեցությամբ բյուրեղում էլեկտրոնների տեղափոխման ուղղություններն ու մեծությունները այդ դաշտի ուղղությունից կախված տարբեր են, ուստի և տարբեր են էներգիայի կլանման հավանականությունները։ Դրա հետևանքը բյուրեղի օպտիկական անիզոտր աղությունն է, որն անդրադառնում է բյուրեղի օպտիկական հատկությունների (լույսի տարածման արագություն, կլանում, օպտիկական ակտիվություն, անդրադարձնող ունակություն) վրա։ Անիզոտրոպությամբ են պայմանավորված նաև բյուրեղլույսի այնպիսի բնութագրական օպտիկական հատկանիշներ, ինչպիսիք են երկբեկումն ու դիքրոիզմը։ Բյուրեղօպտիկայի տեսական և փորձնական մեթոդները կիրառելի են նաև բյուրեղային կառուցվածք չունեցող անիզոտրոպ նյութերի համար, ուստի երբեմն «բյուրեղօպտիկան» ասելով հասկացվում է նաև ցանկացած անիզոտրոպ միջավայրի օպտիկա։ Բյուրեղօպտիկայի մեթոդները կիրառվում են բյուրեղագիտության բոլոր բնագավառներում, միներալոգիայում և պետրոգրաֆիայում։ բյուրեղօպտիկայի մեթոդները թույլ են տալիս բացահայտելու և հետազոտելու արհեստական անիզոտրոպությունը, որն առաջանում է մեխանիկական լարվածության դեպքում։ Բյուրեղօպտիկայի մեթոդները կիրառվում են նաև պլազմայի ֆիզիկայում (պլազմայի հատկությունները մագնիսական դաշտում ձևականորեն հիշեցնում են օպտիկապես ակտիվ միաառանցք բյուրեղի հատկությունները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 483