«Ուրարտագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ուրարտագիտություն''', [[Արևելագիտություն|արևելագիտության]] ուրույն գիտաճյուղ, որն ուսումնասիրում է [[Ուրարտու]] պետության պատմությունը, մշակույթը և արքունի դպրանոցում օգտագործվող սեպաձև արձանագրությունների Հուրիերեն լեզուն։ Ձևավորվել է XIX դարում, գերազանցապես եվրոպացի արևելագետների ջանքերով։ Ֆրանսիայի Ասիական ընկերությունը 1827 թվականին երիտասարդ արևելագետ Ֆ․ Ե․ Շուլցին գործուղեց Արևմտյան Հայաստան՝ հետազոտելու [[Վասպուրական]] նահանգի Տոսպավան կամ Վան քաղաքում և շրջակայքում [[Ասորեստան]]ի թագուհի [[Շամիրամ]]ին վերագրվող այն կառույցները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ էին պահպանվել [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Պատմություն Հայոց» երկում։ Դաշտային որոնումների ընթացքում (1827–29 թվականներ) Շուլցը հայտնաբերեց և ընդօրինակեց 42 սեպաձև արձանագրություն, նկարագրեց մի քանի հնագիտական հուշարձաններ։
 
1829 թվականին քուրդ ելուզակների ձեռքով Շուլցի սպանությունից հետո օսմանյան կառավարությունը տարիներ շարունակ արգելեց եվրոպացի գիտնականների մուտքն Արևմտյան Հայաստան։ Հայաստանում սփռված սեպագրերի հանդեպ հետաքրքրությունը վերստին աշխուժացավ Փարիզում Շուլցի հավաքած նյութերի հրապարակումից (1840), ապա՝ [[աքքադերեն]]ի վերծանումից հետո։ Հետագա մի քանի տասնամյակներում բազմաթիվ նոր արձանագրություններ հայտնաբերվեցին Հայաստանի զանազան գավառներում։ Առանձնապես արդյունավետ եղան Էջմիածնի միաբան Մ․ Սմբատյանցի որոնումներն Արևելյան Հայաստանում․ 1860–70-ական թվականներին նա հայտնաբերեց և հրատարակեց (գլխավորապես՝ «Համբավաբեր Ռուսիո» և «Արարատ» պարբերականներում) տասնյակ նոր արձանագրություններ, որոնցից օգտվեցին եվրոպացի գիտնականները։ Անծանոթ լեզվով այդ սեպագրերը 1848 թվականին փորձեց վերծանել իռլանդացի արևելագետ Է․ Հինքսը։ Թեև նա նկատեց, որ որոշ [[գաղափարագիր|գաղափարագրեր]] (իդեոգրամմաներ) նույնանում են աքքադերենի գաղափարագրերին, սակայն չհասավ արդյունքի։ Ապարդյուն անցան նաև Ֆ․ Լընորմանի և Ա․ Դ․ Մորդմանի վերծանման փորձերը (1870-ական թվականներ), որովհետև նրանցից առաջինն այդ սեպագրերի լեզուն դիտում էր վրացերենը, իսկ երկրորդը՝ հայերենը։ 1880 թվականին ֆրանսիացի աշշուրագետ Մ․ Գյույարը, կռահելով, որ արձանագրությունների եզրափակիչ տողերը նույնօրինակ կրկնվող անեծքի բանաձև են, ասորեստանյան զուգահեռ բնագրերի համադրությամբ վերծանեց մի քանի բառեր ու քերականական դարձվածքներ։ Հաջողությամբ օգտագործելով վաղամեռիկ Գյույարի վերծանման բանալին՝ անգլիացի աշշուրագետ Ա․ Հ․ Սեյսը ընթերցեց բազմաթիվ բառեր ու դարձվածքներ, իսկ 1882 թվականին նա Բրիտանական Ասիական ընկերության ամսագրում հրատարակեց այն ժամանակ հայտնի արձանագրությունները՝ տալով դրանց հնարավոր թարգմանություններն ու քերականության ընդհանուր ուրվագիրը։ Մի շարք արձանագրությունների հրատարակման և մեկնաբանման հարցերում Սեյսին աջակցել է հայագետ Ք․ Պատկանյանը։ Ա․ Սեյսի շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները վերծանվեցին այնքանով, որքանով դա հնարավոր էր աշշուրագետի իմացությամբ ու հայեցակետով։
 
1893 թվականին ռուս արևելագետ Մ․ Վ․ Նիկոլսկին Արևելյան Հայաստանում ուսումնասիրեց մի շարք սեպաձև արձանագրություններ ու հուշարձաններ (հնագետ Վ․ Ա․ Իվանովսկու հետ), իր «Անդրկովկասի սեպաձև արձանագրությունները» աշխատությունում (1896, ռուս․) ամփոփեց այդ տարածքում հայտնաբերված արձանագրությունները, տվեց դրանց թարգմանությունները, մի շարք բառերի ու քերականական ձևերի նշանակությունը։ 1898–99 թվականներին գերմանացի գիտնականներ Կ․ Ֆ․ Լեհման-Տաուպտը և Վ․ Բելքը Հայաստանում հետազոտեցին բազմաթիվ հուշարձաններ, ճշգրտեցին սեպաձև արձանագրությունների կասկածելի ընդօրինակությունները, պեղումներ կատարեցին Վանում և մերձակա [[Թոփրախ Կալե|Թոփրախ–կալեում]]։ 1911–12 թվականներին Թոփրախ–կալեում պեղումներ կատարեց և հարուստ նյութեր հայտնաբերեց Հ․ Օրբելին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերն առժամանակ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վանում և Թոփրախ–կալեում պեղումները շարունակեց Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ [[Նիկողայոս Մառ]]ի և [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գլխավորությամբ (վերջինս Վանի ժայռախորշում պեղեց [[Սարդուրի Բ]] թագավորի տարեգրությունը)։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո Լեհման–Հաուպտն ուսումնասիրեց Վ․ Բելքի հետ իր հավաքած հարուստ նյութերը, նախապատրաստեց հայտնաբերված արձանագրությունների լիակատար ժողովածուն, բայց հետագայում (1928 թվականին և 1935 թվականին) կարողացավ հրատարակել միայն երկու պրակ, որոնցում ամփոփված են 110 արձանագրություն։