«Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 58.
 
'''Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի''' - [[Երևան]]ի նշանավոր եկեղեցիներից մեկը, պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է [[5-րդ դար]]ում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար<ref>http://culture.azg.am/?lang=AR&num=2010032701</ref>։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ [[Ալեքսանդր Թամանյան]]ի և [[Աշխարհբեկ Քալանթար]]ի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է [[Մոսկվա կինոթատրոն]]ի շենքը։
 
Մինչև 1930-ական թթ. Երևանի կենտրոնում պահպանվել էր հնագույն եկեղեցիների մեծ մասը, այդ թվում նաև` Սբ. Պողոս-Պետրոսը: Այդ եռանավ տաճարը եղել է Երևանի հնագույն և ամենամեծ եկեղեցին` կառուցված 5-6-րդ դդ.: Այն, սակայն, քաղաքի միակ եկեղեցին չի եղել: Այդ մասին է վկայում հետևյալ իրադարձությունը. 607 թ. նորընտիր Աբրահամ կաթողիկոսի կողմից Հայաստանի` Բյուզանդիային անցած վայրերի հոգևորականների մասնակցությամբ Դվինում հրավիրված ժողովին, որտեղ ժողովականները որոշում ընդունեցին հաստատուն մնալ հայկական դավանանքին, ի թիվս սակավաթիվ հոգևորականների, Երևանից մասնակցել է երկու վաներեց: Սա նշանակում է, որ այդ ժամանակ Երևանն ունեցել է առնվազն երկու մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն է եղել, իսկ մյուսը` հավանաբար այժմ հետադարյան վերակառուցումներով մեզ ծանոթ եկեղեցիներից մեկը, բայց հայտնի չէ, թե որը: 17-րդ դարում Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր Հին Երևանի նկարագրության մեջ նույնպես նշում է, որ Երևանում կային շատ եկեղեցիներ: Նա, սակայն, չի հիշատակում Պողոս-Պետրոս անունով եկեղեցի:
 
Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը: Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի: Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել: Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվերը, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.: Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա` դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»:
 
Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ. «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն: Ի ՌՄԿԹ (1820)»: (Արձանագրությունները տե՛ս` Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160): Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն` համայնքի հավաքած միջոցներով: Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին:
 
Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր:
 
ՈՒներ ընդարձակ աղոթասրահ, որի արևելյան կողմում տեղավորված էր ավագ խորանը` կողքին զույգ ավանդատներով: Մույթերին ու արտաքին պատերին հենվող աղոթասրահի ծածկի համակարգը առնված էր երկարալանջ տանիքի տակ:
 
Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Նրանցից հյուսիսային` Աբովյան փողոցի կողմի մուտքի առաջ ավելի ուշ կառուցվել է կամարակապ մի գավիթ, իսկ արևմտյան մուտքին կից` եռաստիճան, սյունազարդ Կաթողիկեով պսակված զանգաշտարակ, որոնք, սակայն, իրենց կառուցվածքի ոճով ամենևին չէին համապատասխանում եկեղեցու ընդհանուր ճարտարապետական ոճին, որը, ինչպես նշվեց վերևում, բազիլիկ տիպի երկարավուն կառույց էր: Պետք է նշել, որ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային երկփեղկ դուռը, որն ամբողջապես երկաթից էր, առաջ պատկանել է Հին Բայազետի բերդին, և որը 1835 թ. այնտեղից բերել ու նվիրել են Սբ. Պողոս-Պետրոսին: Կարևորն այն է, որ առանց փոփոխությունների այդ դուռը կարողացել են հարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային մուտքին: Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում: Ի դեպ, դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել Պողոս-Պետրոս եկեղեցուն:
 
Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: ՈՒներ թիթեղյա երկթեք տանիք, որը քարե սալածածկ տանիքի վրա 19-րդ դարի կարկատան էր: Թեև թե՛ ներսից, թե՛ դրսից պատերը շարված էին սրբատաշ քարերով, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին:
 
Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը` պաստառի, իսկ ներքին չորսը` կրածեփի վրա: Պաստառների վրայի նկարները պատկանում էին XIX դարին, իսկ տակինները` հին ժամանակներին: Ամենահինը, ինչպես ենթադրում են արվեստի և նկարչության մասնագետները, պատկանում էր VI դարին կամ VII-ի սկզբներին: Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել: Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են:
 
Եկեղեցին քանդելիս այդ որմնանկարները խնամքով շերտ առ շերտ տեղից հանվել և փոխադրվել են տարբեր թանգարաններ. ստորինը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, իսկ մյուսները` Հայաստանի պատմության թանգարանում:
 
Այս որմնանկարները հայկական սակավաթիվ որմնանկարչության մնացորդների մեջ ունեն իրենց պատվավոր տեղը և Երևան քաղաքի միջնադարյան պատմության համար բացառիկ արժեք են ներկայացնում: Հատկապես ուշագրավ են 5-6-րդ դարերի նախնական շերտի որմնանկարները, որոնք վաղ միջնադարյան որմնանկարչական արվեստի ուշագրավ նմուշներ են:
 
Ցավոք, երեսունականների սկզբին քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն և փողոցների կառուցապատման ընթացքում, խորհրդային անաստված կարգերի պայմաններում, Երևանի կենտրոնում գտնվող հին եկեղեցիներն ավերվեցին նոր շենքեր կառուցելու պատրվակով: Միայն նրանցից մի քանիսը պահպանվեցին` շնորհիվ մեր հայրենասեր ճարտարապետների անձնազոհ ջանքերի, որոնք քողարկվեցին նորակառույց շենքերի հետևում:
 
Ավերված եկեղեցիների շարքում էր նաև Սբ. Պողոս-Պետրոսը, որը 1931-ին քանդեցին և նրա տեղը կառուցեցին «Մոսկվա» կինոթատրոնը: Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար: Նրա գոյության լուռ վկաներից են միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները` հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները, որոնք Հին Երևանի հնագույն շինությունների պատմության անգնահատելի նմուշներ են:
 
Թեև քանդեցին տաճարը` նյութեղենը, բայց անկարող եղան արմատախիլ անել ժողովրդի հոգուց նրա հավատի տաճարը, և այն հարատևում է մինչև մեր օրերը<ref>[http://www.irates.am/hy/AqckWnVgzIOa96xbxLDxbZJw4Z Սուրբ Պողոս-Պերոս]</ref>
 
== Արտաքին հղումենր ==