«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 141.
 
Հայկական հարցն իր արտահայտությունն է գտել [[Ռուսաստան]]ի և [[ԽՍՀՄ]] արտաքին քաղաքականության հարցերի փաստաթղթերի ու նյութերի մի շարք ժողովածուներում՝ [[Յուրի Կլյուչնիկով]], Ս. Սաբանին, «Նորագույն շրջանի միջազգային քաղաքականությունը պայմանագրերում, նոտաներում ու դեկլարացիաներում» (մաս 1-2, 1925, «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթեր» (հ. 1-3, 1957-1959), «Սևրը և Լոզանը» (1927), «Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում» (1926), «Ասիական Թուրքիայի բաժանումը նախկին Արտգործնախարարության փաստաթղթերում» (1924), «Խորհրդային Միությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի միջազգային կոնֆերանսներում», հ. 6, «Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսը (1945 թ. հուլիսի 17-օգոստոսի 2)» (1984) և այլն։
 
== Անգլիական պատմագրություն ==
=== 19-րդ դար ===
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, [[հայկական հարց]]ի խնդիրները [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից սկսած իրենց արտահայտությունն են գտել անգլիական պատմագրության մեջ։ Արևմտահայերի ծանր դրությունը սուլթանական տիրապետության տակ, թուրքական իշխանությունների կողմից [[1870]]-[[1880]]-ական թվականներին հայերի հալածանքների ու ճնշումների ուժեղացումը, հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի դրսևորումները քննարկվել են անգլիական հեղինակներ Ու. Դյութոնի («Թուրքիայի քրիստոնյաները, նրանց դրությունը մահմեդական կառավարման ներքո», 1876), [[Ջեյմս Ֆարլեյ]]ի («Թուրքերն ու քրիստոնյաները. Արևելյան հարցի լուծումը», 1876), Ջ. Փրոբինի («Հայաստան և Լիբանան», 1877), Հ. Սենդվորթի («Ինչպես են թուրքերը կառավարում Հայաստանը», 1878), Ջ. Սմիթի («Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ», 1878), Ու. Ռայլիի («Քրիստոնյաները և քրդերը արևելյան Թուրքիայում», 1889) աշխատություններում։ Ս. Նորմանի («Հայաստանը և 1877-78-ի պատերազմը», 1878), Ֆ. Գ ր ի ն ի («Ռուսական բանակը և նրա 1877-78-ի պատերազմը», 1879), Զ. Ուիլյամսի («Հայկական ռազմարշավ. Հայաստանի և Քրդստանի 1878-ի պատերազմի օրազիր», 1878) և այլն հետազոտություններում լուսաբանված են [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ հայերի դրության, [[Արևմտյան Հայաստան]]ի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների, հայ բնակչության կողմից ռուսական բանակին ցուցաբերած օգնության հարցերը։ [[Հայկական հարց]]ի շուրջ տերությունների դիվանագիտական մրցակցությանը, [[1878]] թվականի [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]] և [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի]] բանակցություններում դրանց արդյունքների վերլուծությանն են նվիրված Մ. Մաքկոլի («Արևելյան հարցը, փաստեր և հերյուրանքներ». 1877), Ս. Աբգարի («Հայերը և Արևելյան հարցը», 1878), Ջ. Արգայլի («Արևելյան հարցը Փարիզի 1856-ի դաշնագրից մինչև Բեռլինի 1878-ի պայմանագիրը», 1879), Ջ. Բրայսի («Անդրկովկասն ու Արարատը», 1877, «Ասիական Թուրքիայի ապագան», 1878), Ի. Ուայթեքերի («Ասիական Թուրքիայի հեռանակարները», 1880), Թ. Հոլլանդի («Եվրոպական կոնցերտը Հայկական հարցում», 1895), Մ. Սասլիի («Հայկական հարցը», 1889) աշխատանքները։ Դրանցում արտահայտված է [[Մեծ Բրիտանիա]]յի հասարակայնության մտահոգությունը արևմտահայերի ճակատագրով, դատողություններ ու առաջարկություններ են պարունակում [[Արևմտյան Հայաստան]]ի ապագա կառուցվածքի, բարենորոգումների իրականացման և քրիստոնյա բնակչության կենսապայմանների բարելավման, Բեռլինի կոնգրեսում տերությունների ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։
 
Անգլիական պատմագրության մեջ լայն արտացոլում են գտել [[Աբդուլ Համիդ II]]-ի հակահայկական քաղաքականության ուժեղացումը, սուլթանական կառավարության՝ [[1894]]-[[1896]] թվականներին կազմակերպած հայկական ջարդերն ու կոտորածները։
 
[[1889]]-[[1900]] թվականներին [[Մեծ Բրիտանիա]]յում հրապարակվել են ավելի քան 100 գիրք ու հոդված [[հայկական հարց]]ի մասին։ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայերի դրության լուսաբանմանը, [[1890]]-ական թվականների հայկական ջարդերի ու կոտորածների նկարագրությանը, հայերի ազգային-ազատագրական շարժմանն են նվիրված Ռ. Դեյվիի («Թուրքիան և Հայաստանը», 1895, «Սուլթանը և նրա հպատակները», 1897), Է. Դիլոնի («Հայաստանը և հայ ժողովուրդը», 1890), Ու. Գլադստոնի («Ջարդերը Թուրքիայում», 1896), Ռ. Գինեսի («Թուրքիայի ջարդերը», 1896) , Ու. Հարրիսի («Անկողմնակալ հայացք Հայկական հարցի վրա», 1895), Ի. Հոդգեթսի («Հայաստան, ջարդեր», 1895), Մ. Մաքկոլի («Կոստանդնուպոլսի սպանդն ու նրա դասը», 1895), Ու. Ռամսեյի («Երկու կոտորած Փոքր Ասիայում», 1896), Հ. Ռաունսլիի («Հայաստանի տառապանքները», 1896), Ջ. Ռոջերսի («Ջարդեր Թուրքիայում», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Հայաստան», 1895), Ու. Ուինթլի («Հայաստանը և նրա տառապանքները», 1896) և ուրիշներ աշխատանքները։ Որոշ անգլիական հեղինակներ հանդես էին գալիս մեծ տերությունների միջև Օսմանյան կայսրության բաժանման կամ նրա տեղում մի շարք ինքնուրույն պետություններ, այդ թվում՝ անկախ [[Հայաստան]] ստեղծելու օգտին։ Ոմանք էլ դեմ էին սուլթանի վրա ճնշում գործադրելուն և պահանջում էին բարենորոգումներ անցկացնել տերությունների վերահսկողությամբ։ Ջ. Բրայսը, Ի. Հոդգեթսը, Մ. Մաքկոլը [[Թուրքիա]]յի հայ բնակչության միակ փրկությունը տեսնում էին եվրոպական տերությունների աջակցությամբ [[Մեծ Բրիտանիա]]յի ռազմական միջամտության մեջ։ Ջ. Արգայլի դքսի («Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ահ ու սարսափի համար Անգլիայի պատասխանատվության փաստագրական ու պատմական վկայություններ», 1896, «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար», 1896), Է. Դիլոնի («Հայաստան, կոչ», 1896, «Ձախողանք Հայաստանում», 1896), Ֆ. Գեֆքենի («Արևելյան հարցը, թուրքական բարենորոգումները և Հայաստանը», 1895), Ու. Գլադստոնի («Հայկական հարց», 1896, «Արևելյան ճգնաժամ», 1897), Հ. Լինչի («Հայկական հարց», 1894-1896), Մ. Մաքկոլի («Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ», 1897), Ջ. Ռասսելի («Հայաստանը և առաջավոր շարժումը», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը. պատմության հետադարձ հայացք», 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896) աշխատություններում վերլուծվում են եվրոպական տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, քննադատվում նրանց դիրքորոշումը [[Արևմտյան Հայաստան]]ի նկատմամբ։ Հայկական հարցի մասին փաստագրական հարուստ նյութեր են պարունակում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության [[1890]]-ական թվականների հրատարակած դիվանագիտական վավերագրերի ժողովածուները, ինչպես նաև անգլիական «Սփեքթեյթր», «Քընթեմփորըրի ռեվյու», «Ֆորթնայթլի ռեվյու», «Նայնթինթ սենչըրի» ամսագրերի խմբագրական հոդվածները։
 
=== 20-րդ դար ===
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին [[Թուրքիա]]յի հայ բնակչության դրության, երիտթուրքական կառավարության ներքին քաղաքականության, [[Ադանայի կոտորած|Ադանայի 1909 թվականի ջարդեր]]ի և կոտորածների, [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների [[1912]]-[[1914]] թվականների հարցի քննարկման, [[հայկական հարց]]ի նոր փուլում տերությունների քաղաքականության խնդիրներն են արծարծված Է. Փիրսի («Թուրքիան և նրա բնակչությունը», 1911, «Թուրքիան և պատերազմը», 1913), Ֆ. Կավենդիշի («Վտանգ Հայաստանում», 1913), Է. Ռոբինսոնի («Ճշմարտությունը Հայաստանի մասին», 1913), Է. Ֆերիմանի («Երիտթուրքերը և ճշմարտությունը Ադանայի 1909-ի ապրիլյան կոտորածի մասին», 1913), Մ. Փրայսի («Ասիական Թուրքիայի խնդիրները», 1914), Ֆ. Սքեչարդի («Հայկական հարց», 1914) և ուրիշներ հոդվածներում ու գրքերում։ Անգլիայի շատ հեղինակներ [[Մեծ Բրիտանիա]]յի կառավարությանը նախազգուշացնում էին համաշխարային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության վրա կախված ֆիզիկական ոչնչացման վտանգի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիայում արևմտահայերի ցեղասպանությունը էլ ավելի սրեցին անգլիական պատմագրության ուշադրությունը հայկական հարցի խնդիրների վրա։ Երևան եկան պատերազմի տարիներին Թուրքիայի հայ բնակչության դրության և նրանց զանգվածային տեղահանությունների վերաբերյալ փաստագրական նյութերի արժեքավոր հրապարակումներ, մասնավորապես՝ Ջ. Բրայսի («Հայերի վիճակր Օսմանյան կայսրությունում. 1915-1916», 1916), Ա. Թոյնբիի («Փաստաթղթեր Օսմանյան կայսրության և հյուսիս-արևելյան Իրանի հայերի ու քրիստոնյա ասորիների նկատմամբ վերաբերմունքի մասին», 1916), Ա. Անտոնյանի («Նայիմ բեյի հուշերը», 1920) ժողովածուները։ Երիտթուրքերի հայատյաց քաղաքականության, հայերի տեղահանության և ցեղասպանության, հայ գաղթականների ծանր վիճակի մասին փաստական հարուստ նյութեր ու վկայություններ են պարունակում Ա. Սաֆրաստյանի («Հայաստանի ներկա կացությունը», 1915), Է. Ռոբինսոնի («Հայաստանը և հայերը», 1918, «Մեր դաշնակից Հայաստանի դրությունը», 1919), Ա. Թոյնբիի («Հայկական սարսափները, մի ազգի բնաջնջումը», 1915, «Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը». 1917), Ու. Ուիլյամսի («Հայաստանի ողբերգական պատմությունը» 1916), Լ. Չամբերսի («Հայաստանի կոտորածը», 1916), Ջ. Դուգլասի («Մահվան ճանապարհը Անատոլիայում և Հայաստանում», 1920), Լ. Էյնշտեյնի («Հայկական ջարդերը», 1917), Ի. Մկրտչյանի («Թուրքական լծից», 1918), Մ. Ուորդի («Տեղահանությունը Փոքր Ասիայում», 1922) և ուրիշներ աշխատությունները։ Հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության խնդիրներին, բրիտանական կաբինետում և պառլամենտում, հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում Հայաստանի հարցի քննարկմանն են նվիրված Ջ. Բրայսի («Հայաստանի ապագան», 1919, «Մերձավոր Արևելքի կարգավորումը», 1920), Հ. Բաքսթոնի («Հայաստանը և կարգավորումը», 1919), Ս. Լիզի («Հայաստանը և դաշնակիցները», 1920), Ի. Փիթլի («Հայկական հարցը ներկայացուցիչների պալատում», 1918), Ջ. Մերիոթի («Արևելյան հարցը եվրոպական դիվանագիտության մեջ», 1917), Գ. Միքայելյանի («Հայերի ապագան», 1924), Ռ. Ռոդի («Հայաստան։ Բրիտանական պարտավորությունները և Մերձավոր Արևելքը», 1920), Ա. Սաֆրաստյանի («Գերմանիան և Հայաստանը», 1917) և ուրիշներ ուսումնասիրությունները։
 
1920-ական թվականներից մինչև մեր օրերը անգլիական պատմաբանները հետազոտել են հայկական հարցի պատմության, մասնավորապես՝ [[Արևմտյան Հայաստան]]ի նկատմամբ [[Մեծ Բրիտանիա]]յի և մյուս տերությունների քաղաքականության հետ կապված բազմաթիվ հարցեր, թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը, Հայկական հարցի քննարկումները միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև Թուրքիայից արտաքսված և [[Մերձավոր Արևելք]]ի, [[Եվրոպա]]յի և [[Ամերիկա]]յի երկրներում ապաստանած հայության ճակատագրի, [[1944]]-[[1946]] թվականներին հայկական հարցի վերարծարծման խնդիրները։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության այս և մյուս խնդիրները շոշափված են Ի. Փայի («Հայկական խնդիրը», 1926), Ջ. Բարթի («Հայերի տարաբնակեցումը», 1919), Հ. Վուդսի («Հայերը երեկ և այսօր», 1930), Փ. Շափի («Եվրոպական տերությունները և մերձավորարևելյան հարցը», 1931), Ֆ. Քորբինի («Հայ ժողովրդի ներկա վիճակը», 1932), Ռ. Սեթոնի Ուոթսոնի («Դիգրայելին, Գլադստոնը և Արևելյան հարցը», 1935), Հ. Գուհի և Հ. Թեմփերլիի («Պատերազմի նախօրեի բրիտանական փաստաթղթեր. 1894-1914», 1936), Դ. Լլոյդ Ջորջի («ճշմարտությունը հաշտության պայմանագրի մասին», 1938), Ռ. Լենսի («Հայկական հարցի հարությունը», 1945), Ա. Սարգսյանի («Դիվանագիտական կոնցերտը և հայերը. 1890-1897», 1961), Ռ. Դուգլասի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1894-1897», 1976), Դ. Լանգի («Հայերը», 1976, «Հայաստան, քաղաքակրթության օրրան», 1970, «Հայերը. Արտաքսված ժողովուրդ», 1981), Ա. Նասիբյանի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1915-1923», 1984), Ք. Ուոքըրի («Հայաստան. Մի ժողովրդի վերապրումը», 1980, 1990) հետազոտություններում։
 
Վերջին շրջանի աշխատություններում օգտագործված են [[Մեծ Բրիտանիա]]յի և այլ երկրների արխիվներում եղած բազմաթիվ փաստագրական նյութեր։ Հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները քննարկելիս տեղեկություններ են տրվում [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] և [[Հայկական մշակույթ|մշակույթի]] մասին, ընդգծվում է հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։
 
== Ծանոթագրություններ ==