«Հացահատիկային կուլտուրաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հացահատիկային կուլտուրաներ''', մշակվող բույսերի կարևորագույն խումբ, որը տալիս է հատիկ՝ Մարդ բա...»:
(Տարբերություն չկա)

14:19, 17 Մարտի 2014-ի տարբերակ

Հացահատիկային կուլտուրաներ, մշակվող բույսերի կարևորագույն խումբ, որը տալիս է հատիկ՝ մարդու հիմնական սննդամթերքը, կեր՝ գյուղատնտեսական կենդանիների և հումք՝ արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գրեթե բոլոր հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են: ՍՍՀՄ-ում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունը կազմում է 130,4 մլն հա (1977թ), որից ցորենը՝ 62,0, գարին՝ 34,1, վարսակը՝ 13,0, աշորան՝ 6,7, եգիպտացորենը՝ 3,4, կորեկը՝ 3,0, հնդկացորենը՝ 1,7 և բրինձը՝ 0,5 մլն հա: (ՀՍՍՀ-ում՝ 166 հազար հա, որից ցորեն՝ 95,9, գարի՝ 61,9 հզ. հա և այլն): Բաժանվում են 3 խմբի:

Հացահատիկային կուլտուրաների տեսակները

  • Սովորական հացահատիկային կուլտուրաներ՝ ցորեն, գարի, աշորա և վարսակ: Սրանց հատիկն ունի ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ, ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ): Երկար օրվա բույսեր են, ջերմության նկատմամբ շատ պահանջկոտ չեն:
  • Կորեկանման հացահատիկային կուլտուրաներ՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն: Սրանց հատիկները չունեն ակոսիկ, ծլելիս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ, ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն): Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են:
  • Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը:

Արմատային համակարգը

Հացահատիկային կուլտուրաների արմատային համակարգը փնջաձև է, հիմնականում տեղաբաշխված է վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմնական կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից): Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ: Հացահատիկային կուլտուրաների աճման և զարգացման փուլերն են՝ ծլում, թփակալում, խողովակակալում, հասկակալում, ծաղկում, հասունացում: Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ և վիտամիններ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։