Սուրբ Տրդատ եկեղեցի, հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցու կազմում։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց ձորի թեմի մեջ։

Սուրբ Տրդատ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Վայոց ձորի մարզ, Վայք
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձոր
Օծման թվական2000 թ. օգոստոսի 6
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն
Քարտեզ
Քարտեզ
 Saint Trdat Church, Vayk Վիքիպահեստում

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թ. ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների ֆինանսավորմամբ։

Սուրբ Տրդատ եկեղեցին օծվել է 2000 թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն՝ իրենց փոքրիկ գմբեթներով։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով։ Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները։

Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը եկեղեցու տարածքում

Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի»։ Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000 թ.», իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000 թ.»։ Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է. «Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան՝ կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.«Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց. յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան Հայոց. Ճարտարապետ Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան. Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի 2000 թ., կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա՝ եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար։ Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ։ Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է՝ օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը։

Արտաքին հղումներ խմբագրել