Սուբլիմացիա (հոգեբանություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուբլիմացիա (այլ կիրառումներ)

Սուբլիմացիա, սուբլիմում (ուշ լատ․ sublimatio՝ վսեմացում, լատ․ sublimare՝ բարձրացնել), հոգեբանության մեջ, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և գործունեության մեջ։ Սուբլիմացիայի միջոցով վերլուծվում և նոր գնահատականի են արժանանում մարդու մտավոր, բարոյական և գեղագիտական ըմբռնումները, նոր լիցք և բովանդակություն են ստանում նրա սոցիալական այլասիրական (ալտրուիստական) ձգտումները։ Սուբլիմացիա հասկացությունը մտցրել է Զիգմոնդ Ֆրոյդը (1900)։ Ֆրոյդիզմը նրա ակունքները և դրդապատճառները բացատրում է սեռական բնազդի (լիբիդո) և ինքնապաշտպանական մեխանիզմների շրջանակներում։

Սուբլիմացիան ըստ էության ինքնորոշման, ինքնավերափոխման և ինքնադաստիարակման օրինաչափ պրոցես է։ Նրա պրոբլեմներին կարևոր տեղ են հատկացնում ստեղծագործական, մանկան, սպորտի և այլ հոգեբանությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png