Սոցիալիստական ապրելակերպ

Սոցիալիստական ապրելակերպ, ԽՍՀՄ-ում տարածված գաղափարական կլիշե, որը փորձում էր մատնանշել Խորհրդային քաղաքացիների անհատական, խմբային կյանքի և գործունեության բնորոշ ձևը, բնութագրել տարբեր ոլորտներում նրանց հաղորդակցության, վարքի և մտածելակերպի առանձնահատկությունները։

Սովետական քաղաքացիները կինոթատրոնի դրամարկղի մոտ հերթ կանգնելիս (Խարկով, 1981)

Խորհրդային գաղափարախոսությամբ սոցիալիստական ապրելակերպի նախադրյալներն առաջանում պիտի առաջանային պրոլետարիատի դասակարգային պայքարում, ձևավորվելով սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո՝ սոցիալիզմի շինարարության ու զարգացման ընթացքում և դառնային «կոմունիստական ապրելակերպի» հիմքը։ Սոցիալիստական ապրելակերպը պիտի բնութագրվեր հասարակական սեփականության տիրապետությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների արմատական շահերի միասնությամբ, պայմանավորված լիներ սոցիալտնտեսական պայմաններով (կենսամակարդակ), սոցիալ-քաղաղաքական կարգով (կյանքի որակ), մշակութային և սոցիալ-հոգեբանական գործոններով (կենսաոճ, վարքի տիպօրինակ, կյանքի իմաստ, իդեալ և այլն), ինչպես և բնական ու աշխարհագրական միջավայրով։

«Սովետական ապրելակերպ» սոցիալ-պատմագիտական ագիտացիոն եզրույթը ներառում էր սովետական մարդկանց կենսագործունեության բոլոր ձևերը (ազգային, սոցիալական, հոգեբանական և այլն), իսկ սոցիալիստական ապրելակերպն արդեն դրանց ֆունկցիոնալ ուղղվածությունը պիտի լիներ։ Այս առումով սոցիալիստական ապրելակերպը ենթադրաբար ըմբռնվում էր որպես կոմունիստական ապրելակերպի գոյացման պրոցես, մարդկանց կենսագործունեության բնութագիր, «տիրող պայմաններով կանխորոշված կենսագործունեության նորմա», «ընդհանուր մշակութային նպատակ և իդեալ», «սոցիալիզմի զարգացումը պլանավորելու և կառավարելու, ապրելակերպի սոցիալական միանշանակության հասնելու միջոցով դասակարգերի ու սոցիալական շերտերի մերձեցման և անձնավորության անհատականության լրիվ դրսևորման համար պայմաններ ստեղծելու հիմք»։

Սոցիալիստական ապրելակերպը փորձում էր հանդես գալ նաև որպես աշխատանքային ապրելակերպ, աշխատանքի մեջ դրա արժենորմատիվային համակարգը ձևավորող ուժ։ Այն իր բնորոշ գծերից էր համարում կոլեկտիվիզմը, աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունքը, սոցիալիստական ինտերնացիոնալիզմը, դեմոկրատականությունը, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների միասնությունը, սոցիալական լավատեսությունը, ակտիվ կենսադիրքորոշումը և այսպես կոչված «անհանդուրժողականությունը սոցիալիզմին անհարիր երևույթների նկատմամբ»։ Այն աշխատանքային և հասարակական-քաղաքական գործունեության շրջանակներից դուրս պետք է այլև դրսևորվեր խորհրդային ԽՍՀՄ քաղաքացիների կենցաղում, ընտանիքում, միջանձնային հարաբերություններում։

Գրականություն խմբագրել

  1. Струков 3․ В․, Социалистический образ жизни, М․, 1977
  2. Образ жизни и ценностная ориентация личности, [Сб․ ст․], Е․, 1979
  3. Социалистический образ жизни, М․, 1980
  4. Социальные показатели образа жизни советского общества, М․, 1980
  5. Ա․ Ադիբեկյան, Մ․ Հարությունյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 33