Սոսի հայ (Սոս Գրիգորի Չիլինգարյան)-20-րդ դարի սկզբների Տավուշի տարածաշրջանի նշանավոր դեմքերից է։ Ծնվել է 1870-ական թվականներին Տավուշի Նավուր գյուղում բազմանդամ նահապետական ընտանիքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքին օգնելու համար Աղսու հանդամասում աշխատել է անասնապահ թուրք մեծահարուստի մոտ։ Եղել է շատ աչքաբաց ճարպիկ երեխա, ում պատճառով թուրք երկու մեծահարուստ ընտանիքներ կռվում են ու նրանցից մեկը հեռանում է Աղսու հանդամասից։ Պատմում են, որ Սոսը իրենց ցլիկների պոզերը գաղտնի սրել է, որպեսզի ոչ մեկի ցուլերը չհաղթեին իրենց ցլերինի։ Շատ հայասեր է եղել, որի պատճառով էլ պատանի հասակից կրել է Սոսի Հայ անունը։ 18 տարեկանում, երբ նա արդեն ճանաչված պատանի էր, համարձակ, ֆիզիկապես ուժեղ ու շատ զիլ ձայնով, իր ձեռք բերած "բերդանկա" հրացանով դառնում է շրջակա թուրքերի ահ ու սարսափը։ Հետագայում նա շատ է մասնակցում հայ-թուրքական կռիվներին։ Հայտնի է, որ 1907 թվականին Սոսի Հայը իր 240 զինված ձիավորներով հանդիպում է Սեպուհ զորավարին ու միասին կռիվ են տալիս թուրքերի դեմ։ Եղել է աշխատասեր մարդ, շատ արագ դարձել է մեծահարուստ, ունեցել է մեծ քանակով անասուններ, վարելահողեր, ջրաղացներ, Այգեձորում ստեղծել է կղմինդրի գործարան, տարածաշրջանում առաջինն է ձեռք բերել տրակտոր (գերմանական արտադրության՝ "Ֆուձոն" մակնիշի)։ Իր հանրահայտ լինելով դարձել է շրջակա յոթ գյուղերի վերակացու /գլավին/ և համարվել է Ղազախի փոխգուբերնատոր։ Շատ հանդամասեր են անվանվել նրա անունով (ինչպես՝ Սոսի թալա, Սոսնանց աղբյուր, Սոսնանց ջաղացատեղեր …)։ Սոսի Հայը իր աշխատողների ու ընտանիքի անդամների նկատմամբ եղել է շատ խիստ, իսկ թշնամիների նկատմամբ դատաստան է տեսել դաժան ձևով։ Նրա ահից են Ղազախի թուրքերը հալածվել Նավուրի շրջակայքի ամառային արոտավայրերից։ Երկրի սովետականացման տարիներին Սոսի Հային կուլակաթափ են անում, ունեցվածքը խլում, իսկ 1937 թվականին էլ՝ աքսորում Սիբիր։ Աքսորից առաջ նա հրահանգում է իր տոհմակից բարեկամներին. "Ոչ մեկդ Չիլինգարյան ազգանունը չփոխեք, դա մի հին ու հերոսական տոհմի ազգանուն է": Մեկ տարի աքսորում անց կացնելուց հետո վերադառնում է ծանր հիվանդ վիճակում և կարճ ժամանակ անց մահանում։ Թաղված է ծննդավայր Նավուրում։ Սոսի հայի մասին ժողովրդի մեջ բազմաթիվ լեգենդներ են պահպանվել։

Սոսի հայ
Դիմանկար
Ծնվել է1870-ականներ
ԾննդավայրՆավուր, Տավուշի մարզ, Հայաստան