Միջազգային նավավարության համար ծովահենությունը Սոմալիի ափերի մոտ վտանգ է դարձել 21-րդ դարի սկզբներին՝ այդ երկրի քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլից սկսած։ 2005 թվականից ի վեր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ՝ ներառյալ Միջազգային ծովային կազմակերպությունը և Համաշխարհային պարենի ծրագիրը, մտահոգություն են հայտնել՝ կապված ծովահենության դեպքերի աճի հետ։ Ծովահենությունը խոչընդոտում է բեռնափոխադրումների իրականացմանը և ավելացնում փոխադրական ծախսերը, որոնք, ըստ ՙՕվկիանոսները ծովահենությունից այն կողմ՚ կազմակերպության, համաշխարհային առևտրում արժենում են 6.6-ից 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Համաձայն Տնտեսական հետազոտությունների Գերմանական ինստիտուտի՝ ծովահենության շուրջ սպեկուլյանտների արդյունաբերությունը ևս աճ է արձանագրել։ Մասնավորապես, ապահովագրական ընկերությունները օգտվում են ծովահենների հարձակումներից, քանի որ դրանից աճում են ապահովագրական պարգևատրումները։ ՄԱԿ-ի զեկույցը և նորությունների որոշ աղբյուրներ կարծում են, որ ծովահենությունը Սոմալիի ափերի մոտ մասամբ պայմանավորված է անօրինական ձկնորսությամբ։ Ըստ Տնտեսական հետազոտությունների Գերմանական ինստիտուտի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի՝ Սոմալիի ջրերում օտարեկրյա նավերի կողմից թունավոր արտանետումները նշանակալիորեն սահմանափակել են ձկնորսների՝ ապրելու համար փող աշխատելու հնարավորությունը։ Ի պատասխան՝ ձկնորսների կողմից զինված խմբեր ստեղծվեցին՝ կանգնեցնելու համար օտարերկրյա նավերը։ Ի վերջո, նրանք սկսեցին զբաղվել կոմերցիոն նավեր առևանգելով և փրկագին պահանջելով՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր։ 2009 թվականին ՙՎերդերՆյուզ՚-ի կողմից իրականացված հարցումը պարզեց, որ տեղական ափամերձ համայնքների մոտավորապես 70 տոկոսն այդ ժամանակ ՙվճռականորեն պաշտպանում է ծովահենությունը որպես երկրի տարածքային ջրերի ազգային պաշտպանության միջոց՚։ Ծովահենները հավատում են նաև, որ պաշտպանում են իրենց ձկնային տնտեսությունները և արդարադատություն են իրականացնում, ինչպես նաև՝ փոխհատուցում գողացված ջրային ռեսուրսների համար։ Որոշ զեկույցներ գտնում են, որ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո արդյունավետ ազգային ծովափնյա պահակախմբի բացակայության և Զինված Ուժերի հետագա փլուզման պայմաններում ձկնորսները ձևավորել են կազմակերպված խմբեր՝ պաշտպանելու համար իրենց ջրային տարածքները։ Այս ամենն արտահայտվում է ծովահենների որոշ ցանցերի ընտրած անվանումներում, օրինակ՝ Ազգային կամավորական ծովափնյա պահակախումբ, որը ցույց է տալիս նրանց սկզբնական դրդապատճառները։ Ինչևէ, ծովահենությունը նաև շատ եկամտաբեր է, և, ըստ այլ զեկույցների, հենց ֆինանսական շահն է դարձել առաջնային դրդապատճառ ծովահենների համար։ 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ցամաքում՝ Սոմալիի կառավարության ջանքերը, իսկ ծովում՝ միջազգային ռազմանավերի գործունեությունը նպաստել են Ադենի ծոցում ծովահենների հարձակումների նվազմանը՝ տարեկան 86 դեպքից հասնելով 33-ի, և ստիպել ծովահեններին սևեռվելու այլ տարածքների՝ Սոմալիի ավազանի և Հնդկական օվկիանոսի այլ հատվածենրի վրա։ 2011 թվականի վերջում Սոմալիի ափերին ծովահենները կարողացել էին պատանդ վերցնել միայն չորս նավ՝ 22-ով պակաս, քան նախորդ երկու տարիներից յուրաքանչյուրում։ Նրանք նաև 52 չհաջողված փորձեր են կատարել այլ նավերի վրա՝ 16-ով պակաս, քան նախորդ տարում։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով ծովահենները տիրացել են 1 մեծ նավի և պատանդ են պահում մոտ 50 գերիների։