Սիենայի դպրոց
Սիենայի դպրոց, Իտալիայի գեղանկարչության դպրոցներից։ Կազմավորվել է XIII դարում (Գվիդո դա Սիենա և ուրիշներ), հիմնվելով իտալա-բյուզանդական սրբանկարչոթյան, ինչպես և Սիենայի շրջակա բենեդիկտյան աբբայություններում զարգացած գրքի մանրանկարչության արվեստի վրա։ Ծաղկման շրջանում (XIII–XIV դարի առաջին կես) նրա վարպետները (Դուչչո դի Բուոնինսենյա, Սիմոնե Մարտինի, Լիպպո Մեմմի) ստեղծել են կերպարային կառուցվածքի սպիրիտուալիզմով, կոլորիտի հագեցվածությամբ, գծային ռիթմի նրբագեղությամբ, երբեմն պատումի կենսական հավաստիության ձգտումով առանձնացող գործեր։ Պրուոոռենեսանսի հետ (այդ թվում՝ Ջոտտոյի արվեստի) սերտորեն կապված էր Պիետրո և Ամբրոջո Լորենցետի եղբայրների ստեղծագործությունը։ XV դարում Սիենայի դպրոցի մի շարք վարպետներ ձգտել են հաղթահարել գոթական արվեստի միտումները և յուրացնել Ֆլորենցիայի դպրոցի նորույթները, սակայն հիմնականում մնացել են XIV դարի արվեստի (Տրեչենտո) դիրքերում. Սիենայի դպրոցի կարևորագույն գիծը եղել է կոլորիտի և կոմպոզիցիայի նրբագեղ դեկորատիվությունը, ինչպես և կերպարային կառուցվածքի բանաստեղծական հայեցողականությունը, որը շատերի (Սասետտա, Ջովաննի դի Պաոլո) աշխատանքներին հաղորղել է հեքիաթային տրամադրություն։ XVI դարի Սիենայի դպրոցն ունեցել է մի շարք ինքնատիպ վարպետներ (Սոդոմա, մանիերիստ Դ. Բեկկաֆումի և ուրիշներ), որոնք արդեն աշխատում էին բոլորովին այլ ոճով, որը բնորոշվում է որպես մաներիզմ։



Գրականություն
խմբագրել- Лазарев В․ Н․, Происхождение итальянского Возрождения, т․ 1–2, М․, 1956-59․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 360)։ |