Սարյան ակադեմիա, գեղանկարչական կրթական կենտրոն Հալեպում։ Հիմնադրվել է 1955 թվականին, Զարեհ Գաբլանի (ճարտարապետ, պրոֆեսոր) և Ռ․ Ճեպեճյանի ջանքերով։ Սարյան ակադեմիա կոչվել է երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի առաջարկությամբ, ի պատիվ Մարտիրոս Սարյանի։ Սարյան ակադեմիան գլխավորում է Սարյան ակադեմիայի խորհրդանիշը Ռ․ Ճեպեճյանը, գեղարվեստական ղեկավարներն են եղել՝ Զ․ Գաբլանը (1955—1967), այնուհետև Ա․ Զորյանը և Ու․ Դ․ Եազճին։ Ընդունելությունը ազատ է, անկախ տարիքից և ազգային պատկանելությունից։ Սովորողների թիվը՝ 25-30 (մեծամասնությունը՝ հայեր, կան նաև արաբներ և այլ օտարազգիներ)։ Ակադեմիան կազմակերպում է հայ արվեստին նվիրված դասախոսություններ (նաև Դամասկոսում և Սիրիայի հայաշատ կենտրոններում), իր սաների ցուցահանդեսներ, հրատարակում գրքեր և ալբոմներ։ Հյուրընկալել է հայ նշանավոր նկարիչների (Ա․ Սարուխան, Ա․ Զորյան, Արմիս, Օ․ Ավետիսյան, Պ․ Կիրակոսյան, Գառզու, Ք․ Թոփալյան, Ա․ Կալենց և ուրիշներ)։ 1981 թվականին Հալեպում միատեղ նշվել են Սարյան ակադեմիայի 25-ամյակը և Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը (այս առիթով լույս է տեսել Սարյան ակադեմիայի հուշամատյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 241