Սարգիս Ազատյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Փանոսի Ազատյան (Փանոսի որդի Սարգիս) (փետրվարի 15, 1884, Ալպուստան գավառակ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 14/31, 1916, Նազարեթ), հայ բժիշկ։

Սարգիս Ազատյան
Ծնվել էփետրվարի 15, 1884(1884-02-15)
ԾննդավայրԱլպուստան գավառակ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14/31, 1916
Մահվան վայրՆազարեթ
Մահվան պատճառԺանտախտ
ԿրթությունԿոստանդնուպոլսի Օսմանյան բժշկական վարժարան
Կոստանդնուպոլսի Հայդար փաշա թաղամասի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԴամասկոսի զինվորական հիվանդանոց
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ
ԱմուսինՀրանուշ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Ազատյանը ծնվել է 1884 թ. փետրվարի 15-ին, Հալեպի նահանգի Մարաշի գավառի Ալպուստան գավառակում։ Նախնական կրթությունն ստացել է սբ. Ստեփանոս թաղային վարժարանում։ Ուսումը շարունակել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում։ 1907 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Տարսոնի (Տարսուս) Սեյնթ Պոլ քոլեջը (St. Paul’s Institute)։ 1907-1910 թվականներին ուսուցչություն է արել Մարաշում։

1909 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է մանկավարժ, հնչակյան գործիչ Սարգիս Սամվելյանի դստեր՝ սբ. Ստեփանոս թաղային վարժարանի ուսուցչուհի Հրանուշի հետ։ 1910-1912 թվականներին ընտանիքով բնակվել է Դամասկոսում և ուսանել տեղի Օսմանյան բժշկական վարժարանում։ 1912-1916 թվականներին ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսի Հայդար փաշա թաղամասի բժշկական համալսարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից, ուսմանը զուգահեռ, օգնական բժիշկ է աշխատել Յըլդըզի և Կոստանդնուպոլիսի հիվանդանոցներում։ 1915 թվականի աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել Դամասկոսի զինվորական հիվանդանոցում։ Այնուհետև ուղարկվել է Պաղեստինի Նազարեթ քաղաքը՝ որպես թնդանոթաձիգների վաշտի 27-րդ ծանր հրետանավորների գնդի բժշկապետ։

Հիվանդ զինվորներին բուժելու ընթացքում վարակվել է ժանտախտով և 9 օր հետո՝ 1916 թվականի դեկտեմբերի 14/31-ին մահացել Նազարեթում/Երուսաղեմի առաջին կարգի հիվանդանոցում՝ 32 տարեկանում։ Թաղվել է Նազարեթի սբ. Ավետման լատինական եկեղեցուն կից գերեզմանոցում՝ զինվորական մեծ պատիվներով ու նվագախմբի հնչեցրած երաժշտությամբ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Գալուստեան Գրիգոր Հ. «Մարաշ», Նիւ Եորք, 1934
  • Պոտուրեան Մկրտիչ «Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940
  • Գալուստեան Գրիգոր Հ. «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն», Նիւ Եորք, 1988
  • Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի» (թուրքերեն), Ստամբուլ, 1988
  • Սամուէլեան Վահէ «Հայ անցեալը` լուսանկարներով», Ե., 2007