Սամվել Երկնափեշյան

սրնգահար

Սամվել Արտիկի Երկնափեշյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրնգահար, շվիահար։

Սամվել Երկնափեշյան
Ծնվել է1962
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սամվել Երկնափեշյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումարանի ակորդեոնի բաժնում (դասատու՝ Ա. Համբարձումյան)։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (սրինգ, Ա. Պետրոսյանի, Ս. Թորոսյանի դասարաններ), 1993 թվականին՝ ասպիրանտուրան (դիրիժորություն, ղեկ.՝ Հ. Ոսկանյան)։ 1978 թվականից նվագել է տարբեր պարախմբերում, 1985-1986 թվականներին՝ «Մարաթուկ» անսամբլում։ «Ղարս» անսամբլի հետ հանդես է եկել Իրանում (1993), «Կակաչ» պարախմբի հետ՝ Լիբանանում (1995)։ Համերգներով շրջագայել է նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում։ Մասնակցել է մի շարք փառատոների՝ որպես մենակատար և նվագակցող։

1981 թվականին սկսել է դասավանդել երաժշտական դպրոցներում, 2001 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (շվի և սրինգ)։

Կազմել է «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ շվիի և սրնգի համար» (2008) ժողովածուն, համահեղինակ է «Երաժշտական և արվեստի դպրոցների ժողովրդական նվագարանների մասնագիտական ծրագրեր»-ի (2000)։

Մրցանակներ խմբագրել

1987 թվականին Սամվել Երկնափեշյանն արժանացել է Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթի 3-րց մրցանակի (Երևան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։