Սահմանային ռեժիմ, որևէ երկրի սահմանային գոտի ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների մուտք գործելու, այնտեղ ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղաշարժվելու, աշխատանքներ կատարելու, նավամատույցներում, կառանատեղերում, բազավորման կետերում, ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավերի, սառցի վրայով տեղաշարժվող միջոցների հաշվառման և պահպանման, տարածքային և ներքին ջրերում, սահմանային գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերի՝ տվյալ երկրի մասում նավարկման ու տեղաշարժման կարգ։ Սովորաբար սահմանվում է տվյալ երկրի պետական սահմանի մասին օրենքով։

Նավամատույցներում, կառանատեղերում և բազավորման կետերում ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավերի ու սառցի վրայով տեղաշարժվող միջոցների հաշվառման և պահպանման, տարածքային և ներքին ջրերում, սահմանային ջրերի, լճերի և այլ ջրավազանների ջրերի սովետական մասում նավարկման և տեղաշարժման կարգը տարածվում է նաև շրջանի, քաղաքի, ավանի՝ տվյալ երկրի պետական սահմանին կամ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող ծովափին հարող այն տարածքների վրա, որտեղ սահմանային գոտի չի սահմանվել։ Սովորաբար արգելվում է ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավեր ու սառցի վրայով տեղաշարժվող միջոցներ պահել սահմանված նավամատույցներից և բազավորման կետերից դուրս։ Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձանց, առանց ներքին մարմինների թույլտվության, արգելվում է մուտք գործել սահմանային գոտի։ Սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, աշխատանքներ կատարելու թույլտվությունը տալիս են սահմանապահ զորքերը։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ժամանակավորապես սահմանափակել այդ իրավունքները։

Սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է գտնվում նաև սահմանային գետերի, լճերի, այլ ջրավազանների ափով և սառցի վրայով տեղաշարժվելը՝ դրա համար սահմանված ճանապարհներից դուրս կամ տեղաշարժման կանոնների խախտումով։ Երկրի պետական սահմանն անցնելու տեղերում սահմանապահ զորքերի ստուգման-բացթողման կետերի և մաքսային հիմնարկությունների ծառայական գործունեության համար պայմաններ ստեղծելու և պահպանելու նպատակով սահմանվում է ռեժիմ, որը կանոնավորում է այդ տեղերում անձանց և տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև պետական սահմանից անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողման հետ կապված այլ գործունեության կարգը։ Անցման տեղերի ռեժիմը սահմանում են երկրների իրավասու մարմինները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 146