Սալոնային արվեստ, անբովանդակ, արտաքնապես գեղեցիկ արվեստի հոմանիշ։ «Սալոնային արվեստ» տերմինը տարածում է գտել XIX դարի 2-րդ կեսից (հիմնականում կիրառվում է կերպարվեստի, սակավ՝ այլ տարածական արվեստերի, ինչպես և գրականության ու երաժշտության վերաբերյալ)։ Սկզբնական շրջանում վերաբերել է արվեստի այն գործերին, որ հովանավորել է Փարիզի Սալոնի ժյուրին, ընդունել բուրժուական հասարակությունը, խրախուսել իշխանությունները։ Ավելի ուշ, ընդգրկելով «սալոն» բառի այլ բացասական նրբերանգներ, տերմինը դարձել է արվեստի մեջ այն ամենի անվանումը, ինչը նախորոշված է քաղքենիական ճաշակը բավարարելու համար և իսկական գեղարվեստական արժեքների սպեկուլյատիվ նմանակում է։ Կապիտալիզմի ամրապնդման շրջանում սկզբնավորված սալոնային արվեստը մշտապես ձգտում է բավարարել արվեստի «սպառողների» ընդարձակված շրջանակի՝ քաղքենիների՝ գեղեցիկի մասին պատկերացումները, իդեալականացնում է նրանց հոգուն մոտ կերպարները, արվեստական, հաճախ սեթևեթ հուզավառությամբ գրգռում նրանց զգացումները, հրապուրում բնօրինակի «ստուգությամբ» կամ, հակառակը, մոդայիկ հոսանքների սիրույն, շինծու ձևախեղում առարկայական աշխարհը, ներկայացնելով որպես ճանաչված ճաշակի չափանմուշ։ Միաժամանակ սալոնային արվեստը ձգտում է ուղղություն տալ հասարակության գեղարվեստական ճաշակին, մասսայական դիտողին պարտադրել ինչ-որ հանրամատչելի նմուշ, ավելի ստույգ՝ արվեստի սուռոգատ։ Մասսայական հաղորդակցության միջոցների զարգացման, սալոնային արվեստի գործերի բազմապատիկ վերատպության պայմաններում այդ արվեստը ստանդարտացվել է, XX դարի կեսերից վերածվել բուրժուական մշակույթի ընդհանուր վիճակը արտահայտող «մասսայական մշակույթի» բաղադրամասի։ Սալոնային արվեստի արտաքին հատկանիշները (ստեղծագործական մեթոդի և արտահայտչամիջոցների էկլեկտիզմ, միտումնավոր էֆեկտներ, կատարողների ոճական անկայունություն՝ նրանց պրոֆեսիոնալ պարտադիր վարպետությամբ հանդերձ) այդ հասկացությունը դուրս են դնում որևէ ժամանակաշրջանի, որևէ ոճի կամ ուղղության սահմաններից։ Ծնունդ առնելով կլասիցիզմի և ռոմանտիզմի ուշ անկումային միտումները միահյուսած ակադեմիզմից, սնվելով նատուրալիզմի միջավայրում ու հաճախ միակցվելով նրան, սալոնային արվեստը կերպարվեստի հետագա ցանկացած ուղղությանը տվել է վուլգար, միաժամանակ նրբաճաշակության հավակնող մեկնակերպ։

Սալոնային արվեստի օրինակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 123