Սալերի տեկտոնիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սալերի տեկտոնիկան ժամանակակից երկրաբանական տեսություն է լիտոսֆերայի (քարոլորտի) շարժումների վերաբերյալ։ Ըստ այդ տեսության երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից՝ սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ։ Այդ շարժումների ընթացքում ընդարձակման գոտիներում (միջօվկիանոսային լեռնաշղթաներում և մայրցամաքային ռիֆթերում) սպրեդինգի արդյունքում ձևավորվում է նոր օվկիանոսային կեղև, իսկ հինը՝ խորասուզվում է սուբդուկցիայի գոտիներում։ Այս տեսության շնորհիվ համեմատաբար մատչելի են բացատրվում հետևյալ երևույթները. երկրաշարժերը, հրաբխային գործունեությունն ու լեռնակազմությունը։
Առաջին անգամ երկրակեղևի բլոկների շարժման միտքն արտահայտել է 1920-ական թվականներին Ալֆրեդ Վեգեները «Մայրցամաքների դրեյֆ» տեսության մեջ։ Իսկ 1960-ական թվականներին շնորհիվ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և օվկիանոսային հատակի երկրաբանության վերաբերյալ ստացված տվյալների փաստվեց օվկիանոսային կեղևի ընդարձակման (սպրեդինգ) և օվկիանոսային կեղևի մի մասի մյուսի տակ խորասուզման (սուբդուկցիա) երևույթների առկայությունը, ինչն էլ հիմք հանդիսացավ «Սալերի տեկտոնիկա» տեսության ձևավորման համար։
Տասնամյակների ընթացքում այդ տեսության էությունը զգալիորեն փոխվել է։ Ժամանակակից «Սալերի տեկտոնիկա» տեսության հիմնական էությունը կայանում է հետևյալում.
- Երկրի վերին կարծր մասը բաղկացած է լիթոսֆերայից (կոշտ երկրակեղև և վերին մանթիայի արտաքին կոշտ զոնա) և աստենոսֆերայից (վերին մանթիայի պլաստիկ ստորին մաս)։ Մայրցամաքներն ու օվկիանոսային հատակներն իրենց համապատասխանող լիթոսֆերաներով կազմված են սալերից, որոնք «թափառում կամ լողում» են աստենոսֆերայի մակերևույթի վրա։ Սալերի տեղաշարժման հիմնական պատճառը հանդիսանում է աստենոսֆերայում կոնվեկցիոն հոսքերի առկայությունը։
- Ժամանակակից քարոլորտում առանձնացնում են 8-9 խոշոր (Ավստրալիական, Եվրասիական, Աֆրիկական, Խաղաղօվկիանոսյան և այլն) և ավելի քան երկու տասնյակ միջին և փոքր սալեր։ Փոքր սալերը տեղադրված են խոշոր սալերի միջանկյալ գոտիներում։ Բնականաբար, սեյսմիկ, տեկտոնական և մագմատիկ (հրաբխային) ակտիվությունը կենտրոնացված է սալերի՝ հատկապես կոնվերգենտ սահմաններում։
- Մագմատիզմի տեսանկյունից առանձնացվում է երկրադինամիկ 3 հիմնական խումբ՝ իրենց բնորոշ հրաբխային և պլուտոնիկ դրսևորումներով՝ 1.դիվերգենտ սահմաններ 2.կոնվերգենտ սահմաններ 3.ներսալային տիրույթներ (օվկիանոսային կամ ցամաքային)։
Սալերի դիվերգենտ (տարամիտման) սահմաններ։ Համապատասխանում են օվկիանոսային ընդարձակման փուլում աստենոսֆերայի դիապիրային բարձրացումներին, որոնք արտահայտված են երկար ձգվող (100-ավոր և ավելի կիլոմետրեր) հզոր միջօվկիանոսային լեռնաշղթաների տեսքով։ Օվկիանոսային կեղև-ջուր միջնորմում դիտարկվում են բազալտներ, այնուհետև ըստ խորության (շնորհիվ խոշոր կողաշարժերի)` գաբրոներ, ապա` պերիդոտիտներ։ Օվկիանոսային այս լեռնաշղթաներում է, որ ձևավորվում է օվկիանոսային կեղևը։
Սալերի կոնվերգենտ (զուգամիտման) սահմաններ։ Կոնվերգենցիայի իրավիճակներն արտահայտվում են հետևյալ տիպերով.
- Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև զուգամիտում, որը ծնում է հիմնականում էքսպլոզիվ բնույթի մագմատիզմ (կրա-ալկալային սերիայի), երբեմն՝ էֆուզիվ (տոլեիտային սերիայի)։ Ներկայացված են անդեզիտներով ու բազալտներով, որոնք ի հայտ են գալիս մակերեսում և կազմում են կղզային շարաններ, որոնք սովորաբար կամարաձև են և կոչվում են կղզային աղեղներ։
- Օվկիանոսային կեղև – ցամաքային կեղև զուգամիտում։ Մագմատիզմն ավելի բարդ է, ներկայացված է հիմնականում անդեզիտներով ու ռիոլիտներով։ Այն զարգանում է ակտիվ ցամաքային ծայրամասի վրա և նպաստում է այստեղ լեռնային շղթայի առաջացմանը։ Ամենաբնութագրականն Անդյան կորդիլերներն են։
- Ցամաքային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում։ Այս դեպքում հրաբխականությունը բացակայում է, փոխարենը զարգանում է պլուտոնիզմը։ Այս իրավիճակում գոյանում են օրինակ՝ գրանիտները, որոնք կազմում են ցամաքային կեղևը։
- Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև կամ օվկիանոսային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում, սակայն օվկիանոսային լիթոսֆերայի ընդամենը մի մասի վրաշարժով մյուս կեղևի վրա։ Այլ կերպ այս երևույթը կոչվում է օբդուկցիա։ Ի դեպ մագմատիզմը ծնվում է դիվերգենտ գոտիներում։
Մագմատիզմի ներսալային մարզեր։ Հաճախ համաշխարհային օվկիանոսում կամ էլ ցամաքների վրա կարող են դիտարկվել բազմաթիվ հրաբուխներ, որոնք մշտապես ակտիվ են և արտաքուստ որևէ կապ չունեն այս կամ այն սալի հետ։ Այստեղ մենք գործ ունենք մագմատիզմի հետ, որն ընթանում է երկու աշխարհագրորեն տարբեր միջավայրերում՝ օվկիանոսներում և մայրցամաքներում։
Կղզային աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը։
խմբագրելԿղզային աղեղներն իրենցից ներկայացնում են սուբդուկցիայի զոնայում առաջացած հրաբխային կղզիների շղթաներ։ Ձևավորվում են այնտեղ, որտեղ մի օվկիանոսային սալը խորասուզվում է մյուսի տակ։ Ժամանակակից կղզաղեղներն են՝ Կուրիլյան, Ալեության, Մարիանյան ու շատ այլ կղզեխմբերը։ Կղզային աղեղները ձևավորվում են երկու օվկիանոսային սալի բախման հետևանքով։ Սալերից մեկը հայտնվում է ներքևում և կլանվում է դեպի մանթիա, իսկ վերևի սալում ձևավորվում են կղզային աղեղի հրաբուխները։ Կղզաղեղի ուռուցիկ կողմն ուղղված է խորասուզվող սալի կողմը։ Այդ կողմից գտնվում են խորջրյա փողրակն ու ճկվածքը։ Կղզաղեղի թիկունքում գտնվում է հետաղեղային ավազանը (օր.` Օխոտի ծովը, Հարավճապոնական ծովը), որում նույնպես կարող է տեղի ունենալ սպրեդինգ։
Կղզային աղեղների տակ երկրակեղևի հզորությունը նույնն է, ինչ որ ցամաքային կեղևինը` 20կմ և ավելի։ Ըստ Ս.Ա. Ֆեդոտովի աղեղների տակ՝ երկրակեղևի հատակից մինչև 100կմ խորությունը (ամբողջ քարոլորտը), ձգվում է ցածր սեյսմիկական արագությունների գոտին՝ 7.6 - 7.8 կմ/վ, որը դեպի ներքև ձուլվում է աստենոսֆերայի հետ։ Ենթադրվում է, որ երկրաշարժերի օջախները կենտրոնացված են համեմատաբար ոչ լայն (100կմ-ից ոչ ավել) գոտում, որը տարածվում է թեք՝ սկսվելով խորջրյա փողրակից, անցնում է կղզային աղեղի տակ՝ միջինը մոտ 45° անկյամբ։
Հին կամ ծեր աղեղներին բնորոշ է երկու մետամորֆային գոտի.
- ներքին՝ կազմված ամֆիբոլիտային ֆացիայի ապարներից (ցածր ճնշում, բարձր ջերմաստիճան)
- արտաքին՝ կազմված առավելապես կապույտ գլաուկոֆանային թերթաքարերից (բարձր ճնշում, ցածր ջերմաստիճան)։
Ժամանակակից կղզային աղեղներն ի հայտ են եկել օլիգոցենի վերջում – միոցենի սկզբում՝ ձևավորվելով տարասեռ հիմքերի վրա։
Որպես էնսիալիկ կղզային աղեղների հիմք ծառայում են մայրցամաքային երկրակեղևի բլոկները, որտեղ լայն տարածում ունեն ավելի հին մետամորֆային ապարներն ու գրանիտոիդները, իսկ էնսիմատիկ աղեղները գտնվում են օվկիանոսային կեղևի մաֆիկ ապարների վրա։ Տեկտոնական այս երկու պայմաններում էլ կղզաղեղային համալիրը ներառում է տերիգեն ֆլիշոիդային հաստվածք, կարբոնատային նստվածքներ, մոլասային կուտակումներ և մեծ քանակությամբ հրաբխային ապարներ։
Էնսիալիկ աղեղներում սովորաբար բացակայում են տոլեիտային սերիայի վուլկանիտները, ինչպես նաև՝ բոնինիտային սերիայի ապարները։
Էնսիմատիկ աղեղներում հազվադեպ են բարձր կալիումային անդեզիտներն ու շոշոնիտները, ինչպես նաև բացակայում է բարձր ալկալային սերիան։
Ինչպես էնսիալիկ, այնպես էլ էնսիմատիկ կղզային աղեղներում կարող են առանձնացվել վաղ և ուշ հրաբխային ասոցիացիաներ։ Առաջիններն ունեն պալեոգենյան հասակ և ձևավորվել են ստորջրյա պայմաններում՝ ֆլիշոիդային տերիգեն հաստվածքի կուտակման հետ միաժամանակ, իսկ երկրորդներն ունեն ուշ պլիոցենյան և չորրորդական հասակ։ Նրանց ձևավորումը շարունակվում է առ այսօր։ Ներկայացված են գլխավորապես վերերկրյա հրաբխականության նյութերով։
Հարկ է նշել, որ կղզաղեղների հնէաերկրաբանությունը վաղ կայնոզոյում բավականին տարբեր է եղել այժմյանից։ Մասնավորապես՝ խորջրյա փողրակներն այն ժամանակ այլ տեղերում էին գտնվում կամ էլ ընդհանրապես բացակայում էին։ Ժամանակակից փողրակները հանդիսանում են ամբողջովին նոր կառույցներ և տեկտոնապես համադրվում են ժամանակակից հրաբխականության գոտիների հետ։