Սալբի, Րաֆֆու անդրանիկ վեպը։ Վեպը գրվել է 1855 թվականին գրաբարով, սակայն հետագայում Րաֆֆին այն վերամշակել է և փոխադրել աշխարհաբարի։ Առաջին հատորը լույս է տեսել 1911 թվականին Վիեննայում, իսկ երկրորդ և երրորդ հատորների բնագրերը առ այսօր մնում են անհայտ։

Սալբի
ՀեղինակՐաֆֆի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական վեպ
Ստեղծման տարեթիվ1855
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1911
ՎիքիդարանՍալբի

Ընդհանուր նկարագիրը խմբագրել

«Սալբի» վեպի գաղափարական էությունը կազմում է ազգային ազատագրության հարցը։ Վեպի հերոս Ռուստամը, որ ձեռք է բարձրացնում բռնապետության վրա, ըստ հեղինակի` ազատ բնության և մարդկային անարդար կյանքի ծնունդ է։ Ռուստամին և հայ առաջավոր կնոջ պատկերը ներկայացնող Սալբուն հակադրված են հայ հոգևորականությունը, վաճառականությունը և պարսիկ խաների հլու ծառա տեր-Մարուքը, տեր-Մարկոսը, ռես Վասակյանը, Սոլոմոն-բեկ Ավազակյանցը և ուրիշներ։ Սրանք բոլորն իրենց դասակարգային էությամբ դաշնակից են պարսկական ֆեոդալական-բարբարոսական իշխանության հետ և վայելում են նրա հովանավորությունը։

«Սալբի» վեպը ռոմանտիկական ստեղծագործություն է։ Նրանում կերպարները կառուցված են դրական և բացասական, ներքին և արտաքին հատկանիշների բացարձակ հակադրությամբ։ Վեպի սյուժետային դրությունները ևս ռոմանտիկակակն են, նրանք բացառիկ են գերբնական և պարուրված առասպելական խորհրդավորությամբ։ Վեպում գործողությունները դինամիկ են։ Հեղինակի երևակայությունը ծնել է աշխույժ տեսարաններ, որոնք տրված են ճոխ նկարագրություններով։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 81-83։

Արտաքին հղումներ խմբագրել