Սաբու, Ակսել Բակունցի պատմվածքը, որը գրել է 1926 թվականին[1]

Սաբու
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1926
ԿերպարներԳեուշ, ծերունիներ, պառավներ, որսորդներ, երեխաներ, կանայք, աղջիկներ, մարգարե, մանկամարդ աղջիկ, մայր

Տպագրման պատմություն

խմբագրել

1927 թվականին տպագրվում է «Մթնաձորը» ժողովածուն, որը մեծ հռչակ է բերում գրողին։ Նա ձեռք է բերում բազում բարեկամներ, և մշտական հակառակորդներ[2]։ Ի սկզբանե պատմվածքը ներառված էր 1925-1926 թվականներին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրված գեղարվեստական պատումներում, որոնք հետագայում մտնում են «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Այնուհետև պատմվածքն զետեղվել է «Անձրևը» ժողովածուում։ Հավանաբար պատմվածքն գրվել է 1926 թվականի սկիզբներին, երբ հեղինակը բնակվում էր Գորիսում[1]։

Պատմվածքը գրելու շարժառիթը

խմբագրել

Պատմվածքը գրելու շարժառիթ է հանդիսացել 1925 թվականի գարնան վերջերինԱկսել Բակունցի, իբրև գյուղատնտեսի այցը Բիչանագ ադրբեջանական գյուղը։ Ուղևորությունից հետո Բակունցը Թփղիս՝ «Մարտակոչ» օրաթերթին է ուղարկել իր «Բիչանագ» ակնարկը, որը տպագրվել է թերթի 1925 թվականի հունիսի 10-ի համարներում։ Ակնարկը գրված է զգացմունքով, նկատվում է, որ անտառների մեջ ադրբեջանական խուլ գյուղակում ապրող երիտասարդ գյուղատնտեսի վրա մեծ ազդեցություն է ունեցել դեռատի աղջիկների և ծեր տղամարդկանց՝ հիմնականում սեյիդների, ամուսնության փաստերը։ Ակնարկի տպագրվելուց հետո այս նույն հարցը դարձել է նաև պատմվածքի նյութ։ Այդպես երևան եկավ «Սաբուն»։ Պատմվածքում հեղինակը շեղումներ է թույլ տվել փաստականի համեմատ, բայց դժվար չէ նկատել ակնարկի և պատմվածքի միջև եղած ընդհանրությունները[1]։

Սյուժե

խմբագրել

Պատմվածքի դիպաշարը սկսվում է Սաբու գյուղի նկարագրությամբ։ Ներկայացվում է մի առասպելական հերոս՝ Գեուշը, որի ուժի մասին ծերունիները ավանդում են երիտասարդ որսորդներին, պատմելով, որ նա պողպատե թրի մի հարվածով արջին կիսում էր(Արջին ոչ մի ուրիշ գյուղում այնքան լավ չէին ճանաչում, որքան Սաբու գյուղում)։ Գեուշի գերեզմանը գյուղի բնակիչների համար սրբատեղի էր դարձել։ Գյուղը չափից դուրս ավանդապաշտ էր։ Դարերով եկած ավանդույթներ կային, որոնք կենցաղի անխզելի մասն էին դարձել։ Դրանցից էին տների պատերից կախված արջի մորթիները, դռան ճակատին պախրայի գլուխը, չար աչքի դեմ չինարներին գունավոր փալասներ կապելը և այլն։ Սաբու գյուղում մահացում մեղք էր համարվում մազ, մորուք կտրելը։ Գյուղացիները խուսափում էին ուրիշ գյուղերից աղջիկներ հարս բերել և իրենց աղջիկներին ամուսնացնել ուրիշ գյուղեր։ Մի գիշեր Արաքսի հակառակ ափին երևում է ոտքից գլուխ կանաչ հագած սեյիդը, հին աղանդի մարգարեն, որը Իրանից գաղտնի անցնում է սահմանը և հասնում մինչև Սաբու։ Գալով գյուղ՝ սեյիդը տեսնում է մի մանկամարդ աղջնակի, ով դեղնած մատներով գունավոր թելերը իրար է հագցնում` ստեղծելով նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև, որ թվում է, թե երգող թռչուն է։ Քանի որ սեյիդի խոսքը սրբազան օրենք էր Սաբուի բնակիչների համար, ուստի աղջկա ծնողները նրա խոսքը ընդունում են իբրև մարգարեի խոսքը․ աղջկա գործած գորգը պետք է կախվեր սեյիդի սենյակում, իսկ աղջիկը՝ քաղցրացներ նրա ծերությունը։ Աղջիկը վերջին անգամ նայում է մորը, հայրենի անտառին ու գորգի նախշերը արցունքով ողողում։ Հաջորդ պատկերում ահա Արաքսի մյուս ափն է՝ Իրանի լերկ ապառաժներով, ժայռերից կախված պարտեզներով գյուղերով։ Այդ գյուղերից մեկում ապրում է մի պառավ կին, ով կարոտով նայում էր հայրենի Սաբուին։ Խունացած գորգի նախշերը առվում թրջվելով պայծառանում են, և պառավին հիշեցնում են մանկությունը[3]։

Գաղափարական բովանդակություն

խմբագրել

Ակսել Բակունցի բազմաթիվ պատմվածքներ պոետիկ շնչով են գրված։ Նրա պատմվածքների համար հատկանշական է ռիթմի ուժեղ զգացողությունը, ինչպես օրինակ՝ «Սաբուն», ասես չափածո գրվածք լինի։ Բակունցի գիտակցության մեջ իրականությունը բեկվում է լիրիկական տեսանկյունից։ Բակունցյան էջերը բանաստեղծություն են հիշեցնում այն պատճառով, որ հեղինակը չի մտնում նյութի խորքերը, մի փոքր հատվածի մեջ ամփոփում է այն, ինչը ամենասեղմ արձակագիրն էջերով է գրում։ Հեղինակը կյանքը ցույց է տալիս ոչ այնքան գործողության մեջ, որքան նրա վերապատում նկարագրով, առաջացած տպավորության բանաստեղծական բնորոշմամբ։ Բակունցը պատմվածքում ստեղծում է հուզական մթնոլորտ[3]։

Կերպարներ

խմբագրել

Գեուշ, ծերունիներ, որսորդներ, երեխաներ, աղջիկներ, կանայք, պառավներ, մարգարե, մանկամարդ աղջիկ, մայր[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 [Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/643 Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/643]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  2. Թամրազյան, Հրանտ (1980). Սովետական գրականության պատմություն. Երևան: ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 476. ISBN 005266. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Ակսել, Բակունց (1955). Երկեր. Երևան: ՀԱՅՊԵՏՀՐԱՏ. ISBN 005859. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)