Ռուստամ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուստամ Ռաֆիկի Սահակյան (օգոստոսի 1, 1965, Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր (2020 թվականից)։
Ռուստամ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1965 (59 տարեկան) Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Կենսագրություն
խմբագրելՌուստամ Սահակյանը ծնվել է 1965 թվականին օգոստոսի 1-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Գ. Սունդուկյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը։ 1983-1985 թվականներին ծառայել է բանակում։ 1989 թվականին, ավարտելով բուհը, ստանացել է ինժեներ-էլեկտրիկի որակավորում։ 1989 թվականին սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Էլեկտրոնիկա և ավտոմատիկա» ամբիոնում լաբորանտ։ 1990 թվականին հունվարին ուղեգրվել է Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտին կից նպատակային ասպիրանտուրա, որն ավարտել ՝ 1994 թվականին, պաշտպանել թեկնածուական թեզ «Սինթետիկ թելերի հատկությունների որոշման ուլտրաձայնային մեթոդների մեթոդոլոգիական ապահովման հիմունքների զարգացումը» թեմայով[1]։
1994 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1996-1999 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի կրթահամալիրի «Կառավարման համակարգեր» սեկտորում՝ որպես ավագ դասախոս։ 1997 թվականի հունվարին Վանաձորում հիմնադրել և ղեկավարել է «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ն և դրան կից «Բիզնես դպրոցը»։ 1999 թվականի օգոստոսին հրավիրվել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի Ամուրի պետական համալսարան (ԱմՊՀ), որտեղ ընդունվել է ԱմՊՀ-ի առկա դոկտորանտուրան։ Այն ավարտել է 2002 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պաշտպանելով դոկտորական թեզ «Բարդ ձևակերպելի անընդհատ տեխնոլոգիական խնդիրների համակարգային վերլուծություն» թեմայով։
2003 թվականի մայիսին Ռուստամ Սահակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2002 թվականին ՌԴ ԲՈԿ-ը շնորհել է դոցենտի գիտական կոչում, իսկ 2006 թվականին՝ մաթեմատիկական անալիզի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսորի գիտական կոչում։
1999-2006 թվականներին աշխատել է ԱմՊՀ-ի «Մաթեմատիկական անալիզ և մոդելավորում» ամբիոնում դոցենտի, այնուհետև` պրոֆեսորի պաշտոններում։ Հանդիսացել է ԱմՊՀ-ի Գիտական խորհրդի անդամ, ինչպես նաև ԱմՊՀ-ի Գիտատեխնիկական խորհրդի անդամ։ 2002-2006 թվականներին զբաղեցրել է ԱմՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների վարչության պետի պաշտոնը։ 2004-2006 թվականներին ընտրվել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ։ 2006 թվականի օգոստոսին հրավիրվել է Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (ՌՊՍՀ) Անապայի մասնաճյուղ` որտեղ 2006-2013 թվականներին աշխատել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տնտեսագիտության և իրավունքի» ֆակուլտետի դեկանի պաշտոնում, իսկ 2006-2016 թվականներին՝ նույն համալսարանի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Միջազգային բիզնես դպրոց» ՍՊ ընկերությունը։
2008 թվականին ընտրվել է ՌԴ Ա.Մ. Պրոխորովի անվան Ինժեներական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։ 2008-2016 թվականներին հանդիսացել է ՌԴ Անապայի քաղաքապետին կից Կրթական խորհրդի անդամ։
Փետրվարի 21-ին տեղի ունեցած Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել է որպես ՎՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու[2]։ 2020 թվականի մարտի մեկի նիստում ընտրվել է ՎՊՀ ռեկտոր։
Պարգևներ
խմբագրել- 2010 թվական՝ Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի անվան արծաթե մեդալ` «Սոցիալական ծառայությունների համար», Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի կողմից։
- 2015 թվական՝ «Ինժեներական գիտությունների զարգացման գործում ներդրման համար» մեդալ` ՌԴ Ա. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի կողմից։
- 2015 թվական՝ Պետրոս Մեծի անվան «Սոցիալական կրթության ոլորտում նվաճումների համար» արծաթե պատվո նշան` Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի կողմից։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է։ Կինը` Իրինա Ալեքսանդրի Շպեխտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Ունեն երկու զավակ՝ որդի և դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՎՊՀ ռեկտորի թեկնածուի ինքնակենսագրությունը
- ↑ «Պաշտոնապես գրանցվել են ՎՊՀ ռեկտորի պաշտոնի 5 թեկնածուներ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.