Ռետրովիրուսներ[1] (լատին․՝ Retroviridae, լատին․՝ retro-հետադարձ), ՌՆԹ պարունակող վիրուսների ընտանիք, որոնք վարակում են գլխավորապես ողնաշարավորներին։ Հայտնի ներկայացուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է։

Մարդու իմունային անբավարարության վիրուս

Վարակվելուց հետո ռետրովիրուսների բջիջների ցիտոպլազմայում սկսվում է վիրուսային ԴՆԹ-ի գենոմի սինթեզը՝ վիրիոնային ՌՆԹ-ն օգտագործելով որպես մատրիցա (կաղապար)։ Բոլոր ռետրովիրուսները իրենց գենոմի ռեպլիկացիայի համար օգտագործում են հետադարձ տրանսկրիպցիայի մեխանիզմը՝ վիրուսային ֆերմենտ հետադարձ տրանսկրիպտազան վիրուսային ՌՆԹ-ի մատրիցայի վրա սինթեզում է ԴՆԹ-ի մեկ շղթան, այնուհետև սինթեզված ԴՆԹ-ի շղթայի մատրիցայի վրա սինթեզվում է երկրորդ՝ կոմպլեմենտար շղթան։ Առաջանում է ԴՆԹ-ի երկշղթա մոլեկուլը, որը բջջի բաժանման ժամանակ ներկառուցվում է քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ, երբ բացակայում է կորիզաթաղանթը (բացառությամբ ՄԻԱՎ-ի, որի ԴՆԹ-ն ակտիվ կերպով թափանցում է կորիզի մեջ) և հետագայում ծառայում է որպես մատրիցա վիրուսային ՌՆԹ-ների մոլեկուլների սինթեզի համար։ Այդ ՌՆԹ-ները դուրս են գալիս բջջակորիզից և բջջի ցիտոպլազմայում փաթեթավորվում են որպես վիրուսային մասնիկներ, որոնք ընդունակ են վարակել նոր բջիջների։

Ենթադրվում է, որ ռետրովիրուսները կարող են առաջացած լինել ռետրոտրանսպոզոններից (էուկարիոտ օրգանիզմների գենոմի շարժուն մասերից)։

Կառուցվածք

խմբագրել

Գնդաձև վիրիոններ են (վիրուսային մասնիկներ՝ կազմված նուկլեինաթթուներից և կապսիդից), 80-100 նմ մեծությամբ, ծածկված լիպոպրոտեինային թաղանթով, ունեն 8-10 նմ երկարության ելուստներ։ Կապսիդի ներսում գտնվում է պարուրաձև ռիբոնուլեինապրոտեինը (ռիբոնուկլեինաթթվի և սպիտակուցի ամբողջություն)։ Վիրիոնի լայնական կտրվածքում արտաքին թաղանթը, կապսիդային մեմբրանը և նուկլեոիդը դասավորված են կոնցենտրիկ (համակենտրոն) ձևով։ Զգայուն են եթերների նկատմամբ, ջերմության նկատմամբ անկայուն են, հարաբերականորեն ռեզիստենտ են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Ռետրովիրուսներին բնորոշ առանձնահատկությունը վիրիոնի կառուցվածքի մեջ մտնող ՌՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազայի առկայությունն է, որը այլ կերպ անվանում ենք հետադարձ տրանսկրիպտազա։ Վիրիոններն ունեն վեց կապսիդային սպիտակուցներ։ Կապսիդային սպիտակուցները կրում են հատուկ միջտեսակային հակածիններ և հանդիսանում են վիրուսների բաժանմանը ցեղերի և ենթացեղերի։ Գլիկոպրոտեինները հանդիսանում են տիպային հատուկ հակածիններ, մասնակցում են չեզոքացման ռեակցիաներին։ Ռետրովիրուսների գենոմը ներկայացված է միաշղթա ՌնԹ-ով, որի մոլեկուլային զանգվածը կազմում է 7 մեգադալտոն և կազմված է երկու կրկնօրինակներից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է ամբողջական գենոմ և պարունակում է միատեսակ գենետիկական տեղեկատվություն, սակայն հայտնի չէ, արդյոք երկուսն էլ գործում են։ Ռետրովիրուսների ընտանիքին պատկանող մի շարք վիրուսներ առաջ են բերում կենդանիների քաղցկեղային հիվանդություններ՝ լեյկոզ, սարկոմա։

Կյանքի ցիկլ

խմբագրել

Ռետրովիրուսը կիսում է իր գենետիկական նյութի գործառույթը․ ինֆեկցիոն ֆունկցիան, այսինքն՝ ինքնատարածման ֆունկցիան կատարում է վիրուսային ՌՆԹ-ն, իսկ վիրուսային գեների էքսպրեսիան և ՌՆԹ-ի մոլեկուլների սինթեզը, որոնք այնուհետև գենետիկական տեղեկատվությունը կտեղափոխեն մյուս բջիջներ, կատարում է վիրուսային ԴՆԹ-ն։

Վիրուսային ինֆեկցիայի հետևանքով, ընկնելով բջջի ներսը, ռետրովիրուսային ՌՆԹ-ն ծառայում է որպես մատրիցա ԴՆԹ-ի սինթեզի համար հետադարձ տրանսկրիպցիայի ճանապարհով։ Այդ ԴՆԹ-ն ներկառուցվում է գենոմային ԴՆԹ-ի մեջ և դառնում է բջջի գենոմի անբաժանելի մասը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ↑ Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии : Учебное пособие для студентов медицинских вузов / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова. — М. : Медицинское информационное агентство, 2003. — С. 132. — ISBN 5-89481-136-8.