Ռայգրասներ

բույսերի ցեղ

Ռայգրասներ, բազմամյա և միամյա խոտաբույսեր։ Ավելի շատ մշակում են նրա երկու տեսակները, որոնք պատկանում են տարբեր բուսաբանական ցեղերի։

Բարձր ռայգրաս

խմբագրել

Բարձր ռայգրասը (Arrenatherum elatius M. et K. կամ Avena elatior L.) առավելագույն բերքը տալիս է ցանքի երկրորդ տարում։ Վաղ ճմուտ առաջացնող բազմահար բույս է, մեկ վեգետացիայի ընթացքում հնձվում է 2-3 անգամ։

Նկարագրություն

խմբագրել
 

Բարձր Ռայգրասը բազմամյա է, տալիս է բարձր (1.0-1.8 մ) ցողուններ։ Ունի խիստ զարգացած արմատներ, որոնք տարածվում են հիմնականում վարելաշերտում։ Թուփը ցանցառ է և կանգուն։ Հուրանը ցանցառ է։ Հասկիկները ունեն 2-ական ծաղիկներ։ Բարձր ռայգրասը զգայուն է սառնամանիքների նկատմամբ, դիմանում է ժամանակավոր երաշտին:Պակաս խոնավասեր է, քան մարգագետնային շյուղախոտը։ Համեմատաբար շուտ է ծաղկում, ցողունները շատ շուտ կոպտանում են։ 100 կգ խոտը պարունակում է 46 կերային միավոր, 2.4 կգ մարսելի սպիտակուց։ Աճման տեմպը բավականին ուժեղ է, յուրաքանչյուր հնձից հետո շատ կարճ ժամանակամիջոցում տալիս է բարձր ցողուններ, սակայն ուժեղ տուժում է ժանգից։ Բարձր ռայգրասը ծածկոցի առաջացրած ստվերից երբեմն խիստ տուժում է։ Սերմարտադրականությունը բավական բարձր է, հեկտարից ստացվում է մինչև 9.0 ց բերք։ Հատիկները մեկ տարի մնալուց հետո զգալի չափով կորցնում են իրենց ծլունակությունը, չորրորդ տարում նրանց շատ քիչ տոկոսն է ծլում։ Հայաստանում թեքություններն ամրացնելու, արոտներն ու խոտհարքները բարելավելու գործում բարձր ռայգրասի նշանակությունը շատ մեծ է։ Այն որպես խառնուրդ կարող է մշակվել առվույտի և կորնգանի հետ։ Բարձր ռայգրասի 1000 հատիկի զանգվածը 3.2 գ է, դաշտային ծլունակությունը 50%-ից բարձր չէ, ցանքի նորման՝ 25-30 կգ/հա։ Հատիկները խոշոր են, ուստի ցանքը կատարվում է 2-2.5 սմ, իսկ չոր հողերում՝ մոտավորապես 2.5-3.0 սմ խորությամբ։

Աշնանը ցանելու դեպքում բարձր ռայգրասից անհամեմատ ավելի շատ բերք է ստացվում[1]։

Աշնանացանը որպես ծածկոց ցանելուց հետո նույն օրը պետք է ցանել բարձր ռայգրասը, իսկ հաջորդ գարնանը՝ կորնգանը, կամ առվույտը։ Բերքահավաքը խոտի համար պետք է կատարել նախքան ծաղկելը։ Ուշացնելու դեպքում ցողունները ոչ միայն կոպտանում են, այլև դառնավուն համ են ունենում։ Բարձր ռայգրասի հատիկները շատ շուտ են թափվում։ Հատիկի բերքահավաքը պետք է կատարել կոմբայնով՝ մոմային հասունացման վերջում։

Բազմահար ռայգրաս

խմբագրել

Բազմահար ռայգրասը(Lolim multiflorum Lam.) տաք շրջանների, ջրովի հողերի մշակաբույս է։ Մեկ վեգետացիայի ընթացքում կարող է հնձվել մինչև վեց անգամ։ Բերքատվությունը բարձր է, լավ մշակելու դեպքում հեկտարից կարելի է ստանալ 150-160 ց չոր խոտ։ Խասը ցանքերում լավագույն բաղադրամաս է առվույտի համար։ Բազմահար ռայգրասի ցանքը կարելի է կատարել գարնանը ծածկոցի տակ։ Որպես ծածկոցային մշակաբույս կարելի է վերցնել ցորենը կամ գարին։ Ցանքի նորման մաքուր ցանքի դեպքում հավասար է 40-45 կգ/հա, առվույտի հետ ցանելիս՝ 15-18 կգ/հա։ Խառը ցանքի դեպքում նախ հանում են ցորենը կամ գարին 5-6 սմ խորությամբ, ապա գարնանը ցանում են առվույտը և բազմահար ռայգրասը 1-2 սմ խորությամբ։ Խոտի համար հնձում են հուրաններ տալու շրջանում նախքան ծաղկելը։

Ծանոթագրություններ

խմբագրել