Ռազմաճակատային թերթեր, «Հայրենական մեծ պատերազմի» տարիներին (1941—45) տարբեր պարբերականությամբ հրատարակություններ, որոնք լույս են ընծայվել բրիգադներում, դիվիզիաներում, կորպուսներում, նավատորմիղներում, բանակներում, նավատորմերում ու ռազմաճակատներում, ինչպես նաև կարմիր բանակի ու ռազմածովային նավատորմի կենտրոնական օրգաններում։

1942 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի վարչությունն ու կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունը հաստատեցին ռազմաճակատում զինվորական թղթակիցների աշխատանքի կանոնադրությունը։1943 թվականի մայիսի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմը որոշում ընդունեց կարմիր բանակում կուսակցական ու կոմերիտական կազմակերպությունների կառուցվածքը վերանայելու և ռազմաճակատային թերթերի դերը ուժեղացնելու մասին։ Խնդիր դրվեց թերթերը դարձնել քաղդաստիարակչական աշխատանքի ու մարտական փորձի պրոպագանդման կարևոր կենտրոններ։

1943 թվականին գործող բանակում հրատարակվում էր 728 անուն թերթ (128-ը ամենօրյա, 600-ը՝ երկօրյա)։ 1941—42-ի ձմռանը պարտիզանական միավորումներն ու օկուպացված տերիտորիաներում գործող ընդհատակյա կուսակցական կազմակերպությունները տպագրական եղանակով հրատարակում էին 20 թերթ, 1943—44-ին դրանց թիվը հասել է 270-ի։ Ռազմաճակատային թերթ ղեկավարում էին համապատասխան զորամասերի ու միավորումների քաղաքական բաժինները և վարչությունները, ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր կարմիր բանակի ու ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչությունը։

Լույս էին տեսնում հայերեն «Մարտական դրոշով», «Հանուն հայրենիքի», «Կարմիր զինվոր», «Հայկական սնայպեր», ռուսերեն «Վորոշիլովեց» («Ворошиловец») և այլ թերթեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։