Ջրաերեքնուկ եռատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Ջրաերեքնուկազգիներ
Տեսակ Ջրաերեքնուկ եռատերև
Լատիներեն անվանում
Menyanthes trifoliata


Ջրաերեքնուկ եռատերև (լատին․՝ Menyanthes trifoliata), ջրաերեքնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Բազմամյա սողացող կոճղարմատով ջրային բույս է։ Ցողունն ունի 30-60 սմ երկարություն։ 30 սմ երկարությամբ տերևները հերթադիր են և կոթերով։ 5-8 սմ երկարությամբ տերևիկները 3 հատ են, հակաձվաձև կամ էլիպսաձև։ Խիտ գագաթնային ողկյուզներում գտնվող ծաղիկները 10-20 հատ են։ Բաժակը հնգաբաժան է, 5 բլթակներով պսակը զագարաձև է և թեթևակի մսալի։ Բլթակները ներսից խիտ ծոպավոր են, սպիտակ կամ թույլ վարդագույն են, ծաղկումից հետո թափվող։ Պտուղը միաբույն երկփեղկ տուփիկ է։ Սերմերը սեղմված են և խոշոր[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Սևանի (Գիլի լիճ) Դարեղեգիսի (Չիմոյի և Փիրոսի լճեր) Զանգեզուրի (Վերդոյի լիճ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է համարյա ամբողջ Կովկասը, բարեխառն Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրությունների վրա, լճերում կանգնած ճահճացող ջրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.