Աղբյուր, որը պարբերաբար շատրվանում է տաք ջրով և գոլորշիով։ Ջրաբուխները հրաբխային ուշ փուլերի դրսևորումներից են։ Տարածված են արդի հրաբխային գործունության տարածաշրջաններում։ Ջրաբխի արտավիժման շիթի բարձրությունը հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետր, ջրի ջերմաստիճանը 80—100 °C է։

Պատկերների հաջորդականությունը վերցված է 2012 թ. Մեծ գեյզերի ժայթման ժամանակ
Մեծ գեյզերի ժայթքումը
Մեծ գեյզերի ժայթքումը 2009 թ. ամռանը։

Ջրաբուխների անվանումը այլ լեզուներումԽմբագրել

Հայերեն «ջրաբուխ» եզրը կազմված է հայ. «հրաբուխ» բառի կաղապարով։

Ջրաբուխի՝ աշխարհի լեզուների մեծ մասում ընդունված անվանումը ծագում է Իսլանդիայի Գեյսիր ջրաբուխի անունից, որը «Ոսկի օղակի» ջրաբուխներից մեկն է (իսլ․ geysa — բխել)։ Սակայն մի շարք լեզուներում «ջրաբուխ» հասկացությունը ինչպես և հայերենում թարգմանվում է․

Հունարեն՝ Θερμοπίδακας («ջերմային շիթ»)։

կորեյերեն՝ 간헐천 [ganheolcheon] («երկրաջերմային»)

ճապոներեն՝ 間欠泉 [jiānqiànquán]

վիետնամերեն՝ Mạch nước phun («ջրաշիթ»)

Հետաքրքիր է, որ նաև իսլանդերենում՝ որից բացմաթիվ լեզուներ փոխառել են «geyser» բառը, ընդնունված է այդ արմատի այլ տարբերակը՝ goshver։

ՆկարագրությունըԽմբագրել

Ջրաբուխները կարող են ոչ մեծ՝ թեք լանջերով հատած կոների, ցածր, աննշան ուռուցիկությամբ գմբեթների, անձև փոսերի և այլ տեսքի լինել։ Դրանց հատակին կամ պատերում գտնվում են խողովակաձև ճեղքեր, որոնք հաղորդակցվում են ընդերքի տաք շերտերի հետ։ Ջրաբուխի գործունեությունը բնորոշվում է հանգստի, ջրով խառնարանը լցվելու և ապա՝ ջրի և ջրագոլորշային խառնուրդի ուժգին շատրվանելու և հաջորդող հանգստի պարբերական կրկնությամբ։ Զանազանվում են կանոնավոր պարբերականությամբ և ոչ կանոնավոր ջրաբուխներ։ Տարբեր ջրաբուխների դեպքում ժայթքման տևողությունը կարող են տատանվել մի քանի րոպեից մի քանի տասնյակ րոպե, իսկ դադարները մի քանի ժամից, մինչև մի քանի օր։

Ժայթքող ջրի քիմիական կազմըԽմբագրել

Ժայթքող ջուրը համեմատաբար մաքուր է, քիչ հանքայնացված (1—2 գրամ՝ լիտրում), քիմիական կազմով՝ քլորա-նատրիումային կամ քլորա-հիդրոկարբոնատա-նատրիումային է, կայծքարահողի մեծ պարունակությամբ, որից ջրաբուխի խողովակի ելքի մոտ և լանջերին գոյանում է ծիածանաքարին նման ապար՝ գեյզերիտ։ Ջրաբխի ջրի հիմնական զանգվածը՝ մթնոլորտային ծագում ունի․ հնարավոր է՝ մագմայական ջրի հավելմամբ։ Ջրաբխի գործունեությունը ընդհանուր առմամբ կարճատև է և կախված է մի շարք պայմաններից՝ ջերմային հոսքի նվազեցման, ջրաբխային խողովակների մատույցում ստորգետնյա ջրերի շարժման դադարի հետ և այլն։

Գտնվելու վայրերըԽմբագրել

Խոշոր ջրաբուխներ հայտնի են հետևյալ երկրներում․

Ռուսաստան, Կամչատկա (Ջրաբուխների հովիտ)

Իսլանդիա («ջրաբուխների երկիր»)

ԱՄՆ ( «Ելլոուսթոուն» ազգային զբոսայգի՝ Վայոմինգ, Մոնթանա և Այդահո նահանգներում)

Նոր Զելանդիա (Հյուսիսային կղզու հյուսիսային մասում, Ռոտռուա քաղաքի շրջակայքում)

Չիլի (Էլ-Տատիո ջրաբուխների հովիտ Ատակամա անապատում՝ 4200-4300 մ բարձրության վրա, Բոլիվիայի սահմանի մոտ՝ Սան-Պեդրո-դե-Ատակամայի մոտակայքում)

Ոչ մեծ ջրաբուխներ կան նաև Չինաստանում և Ճապոնիայում։

Զբոսաշրջության տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Հայտնի ջրաբուխներԽմբագրել

Կամչատկայում մեծ ջրաբուխներ հայտնաբերել է Տատյանա Ուստինովան 1941 թվականի հուլիսի 25-ին, Ջրաբխային գետի հովտում (Ջրաբուխների հովիտ)՝ Կիխպինիչ հրաբուխի մոտակայքում։ Աշխարհի այլ ջրաբխային դաշտերի համեմատ սա ամենախիտն է․ ընդամենը 4 քառակուսի կիլոմետրի վրա կա մի քանի հարյուր տրոփող աղբյուրներ և ջրաբուխներ։ Ամենամեծը Հսկան է՝ որից ժայթքող ջուրը բարձրանում է շուրջ 40 մետր, իսկ գոլորշին՝ մինչև մի քանի հարյուր մետր։

Իսլանդիայում գործում է շուրջ 30 ջրաբուխ, որոնցից հայտնի են Ցատկող վհուկը (Գրիլա), որի ջուրն արձակվում է շուրջ 15 մետր բարձրության վրա՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Այստեղ են նաև աշխարհի ամենագործուն ջրաբուխը՝ Ստրոկկուրը, որը ժայթքում է յուրաքանչյուր 5—10 րոպեն մեկ և Գեյսիրը (Հին Գեյսիրը)։

Ելլոուսթոունի շուրջ 200 ջրաբուխներից ամենամեծն են Հսկան և Ծեր Հավատարիմը։ Առաջինը արձակում է ջուրը մինչև 40 մետր բարձրության վրա՝ 3 օր պարբերականությամբ, իսկ երկրորդը՝ 42 մետրի՝ յուրաքանչյուր 53—70 րոպեն մեկ։

Նոր Զելանդիայի ամենամեծ և գեղեցիկ ջրաբուխն էր Տետարատան, որը գտնվում է վարդագույն կայծքարային տուֆե բլրի վրա, սակայն անհայտացավ Տարավերա հրաբխի 1886 թվականի ժայթքման հետևանքով։ Եվս մի անհայտացած ջրաբուխը՝ Ուաիմանգուն գործում էր ոչ կանոնոբար՝ 5-ից 30 ժամ պարբերությամբ՝ 1899-ից 1904 թվականը։ Յուրաքանչյուր ժայթքման ընթացքում այն արձակում էր 800 տոննա ջուր, իսկ ջրաշթով արձակված քարերը բարձրանում էին մինչև 457 մետր բարձրություն։ Ջրաբուխը դադարեց գործել մոտակա Տարավերա լճի մակարդակի 11 մետրով նվազելու հետևանքով։ Ժամանակակից նորզելանդական ջրաբուխներից առանձնանում է Պոհուտուն, որը պարբերաբար շատրվանում է 20 մետր բարձրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 7