Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» (անգլ.՝ Jonathan Livingston Seagull), Ռիչարդ Բախի նովելը, առակ մի ճայի մասին, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Հրատարակվել է 1970 թվականին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» անունով։ 1972 թվականի վերջում տպագրվել են միլիոնավոր օրինակներ։ Ռիդերս Դայջեսթ (անգլ.՝ Reader's Digest) հրատարակչությունը տպագրել է գրքի համառոտ տարբերակը, որը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում 38 շաբաթ եղել է առաջատարի դիրքում[3]։ 1972-1973 թվականներին ԱՄՆ֊ում գիրքը հայտնվել է հրատարակիչների շաբաթական ցանկի առաջատար դիրքերում՝ որպես լավագույն վաճառվող մանրավեպ։ 2014 թվականին ստեղծագործությունը վերահրատարակվել է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ամբողջական հրատարակություն» վերնագրով, որում ավելացվել է 17 էջից բաղկացած 4-րդ մասը։

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը
անգլ.՝ Jonathan Livingston Seagull
ՀեղինակՌիչարդ Բախ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրphilosophical fable? և գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1970[1][2]
OCLC439160317
Կայքjonathanlivingstonseagull.com(անգլ.)
ՎիքիքաղվածքՋոնաթան Լիվինգսթոն ճայը

Բովանդակություն խմբագրել

Մաս 1 խմբագրել

Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայի պատմությունը։ Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար։ Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգսթոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ։ Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում։ Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը։ Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը։ Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել։ Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին։ Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա։ Նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Մի օր մեծ բարձրությունից սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը։ Հետագայում նա հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը։ Վարժանքները շարունակվում են։ Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները։

Մաս 2 խմբագրել

Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է հեռավոր Ժայռերում, շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին։ Ջոնաթանը ծերանում է։ Մի օր նկատում է, որ կողքից թռչում են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն։ Նրանք ասում են, որ իր խմբից են և կանչում են հետ։ Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում է ամպերից այն կողմ։ Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա դրախտն է։ Այստեղ սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին։ Այստեղ էլ կա ճայերի խումբ։ Նրանք բոլորը կատարելագործում են իրենց թռիչքը։ Նրանք ձգտում են կատարելության։ Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են։ Սովորաբար ճայերը այլ աշխարհ են տեղափոխվում բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից։ Ջոնաթանի նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր։ Ճայերի ավագը բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն ինքը։ Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ։ Ավագն արդեն կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն։ Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ, և որ իր կարողություններն անսահման են։ Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը։ Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ։ Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ, թե ինչ է սերը։

Մաս 3 խմբագրել

Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից։ Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ։ Մի օր նա վերադառնում է և գտնում Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի։ Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը։ Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է։ Երեք ամիս հետո Ջոնաթանն ունի ևս 6 աշակերտ։ Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը։ Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները քուն են մտնում։ Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին։ Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը։ Քըրք Մեյնարդ անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին օգնել իրեն։ Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան։ Քըրքը բացում է թևերը և երկինք սլանում։ Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել։ Մեկ շաբաթ անց դժբախտություն է պատահում։ Ֆլեթչերը մեծ արագության վրա բախվում է ժայռին։ Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա։ Ֆլեթչերը վերադառնում է։ Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ էլ Մեծ ճայի որդին է։ Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին։ Նա խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի մոտենա իսկական Ֆլեթչերին։ Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում է սովորեցնել սկսնակներին։

Հրատարակում խմբագրել

Ջոնաթան Լիվինգսթոն ճայն այդպես է անվանվել ի պատիվ օդաչու Ջոն Հ․ Լիվինգսթոնի, ով մահացել էր 76 տարեկան հասակում՝ Pitts special ինքնաթիռով թռիչք կատարելուց շատ չանցած։

Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» մերժվել է մի քանի հրատարակիչների կողմից՝ մինչև 1969 թվականին Էլեանոր Ֆրիդեի ուշադրությանն արժանանալը։ Էլեանոր Ֆրիդեն կարողանում է համոզել «Macmillan» հրատարակչությանը գնել այս ստեղծագործությունը, որի համար Բախը ստանում է կանխավճար՝ 2000 դոլարի չափով[4]։

Էկրանավորում խմբագրել

1973 թվականին նկարահանվել է «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ֆիլմը[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1970 թվականին հրատարակելով իր պատմվածքը՝ Ռիչարդ Բախը չէր էլ կարող պատկերացնել, որ այն հաշված շաբաթների ընթացքում իսկական բեսթսելլեր է դառնալու։ Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ պատմվածքի գաղափարն ասես վերևից է եկել իրեն, իսկ այն գրելու ամբողջ ընթացքը տևել է ընդամենը մի քանի ժամ։ 4 տարվա ընթացքում Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը հասավ աշխարհի բոլոր անկյունները և վաճառվեց միլիոնավոր օրինակներով։
  • Գիրքը շատ փոքրածավալ է՝ մոտ 20 էջ, և ընթերցվում է մի շնչով։ Գրքի նկարագրությունները պարզ են, միևնույն ժամանակ՝ շատ գրավիչ ու հիշվող։ Փիլիսոփայական խորը մտքերը այստեղ արտահայտված են պարզ ձևով և հասկանալի են ընթերցողներին։ Գրաքաննդատաներն ու ընթերցողները բնորոշում են այն որպես գիրք, որտեղ չկա ոչ մի ավելորդ բառ։
  • Սովետական Լենինգրադում կար «Ջոնաթան Լիվինգստոն» ռոք–խումբ։
  • «Ջոնաթան Լիվինգստոնի ճայը» հիշատակվում է Մարիամ Պետրոսյանի «Տուն, որտեղ...» վեպում, Դուգլաս Կոպելանդի «Մինչ ընկերուհին կոմայի մեջ է» վեպում, ինչպես նաև Անատոլիա Տոսսայի «Ամերիկյան պատմություն» վեպում։
  • Նույնանուն երգ կա երգչուհի Միլվայի երգացանկում։
  • Օլեգ Կուվաևը նկարագրեց իր «Ճնճղուկը Ջոնաթան Հրանդելսոն անունով» պատմվածքի մեկնաբանություններում, որպես Մասանյայի անիմացիոն շարքերից մեկը։ Բայց ի տարբերություն Բախայի, Կուվաևի գլխավոր հերոսը անգործուն իդեալիստ է, քննարկում է միայն գործողությունները և ոչ մի ջանք չի գործադրում ինքնազարգացման համար։ Բոլոր առումներով Հրանդելսոնը հիշեցնում է Վասիսուլիա Լոխանկինային։
  • Հեղինակն ու ստեղծագործությունը հիշատակվում են «Ջիլզայ» խմբի «Баю Бай» երաժշտությունում։ Նրանց հայրենի քաղաքի Պավլոդարի գերբի վրա պատկերված է ճայ։

Մեջբերումներ խմբագրել

  • «Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է»։
  • «Քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը»։
  • «Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է»։
  • «Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ»։
  • «Երկինքը ո՛չ տարածության է, և ո՛չ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է»։
  • «Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի»։
  • «Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս»։
  • «Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ»։
  • «Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը»։
  • «Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները»։
  • «Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ»։
  • «Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում»։
  • «Մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները»։
  • «Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում»։
  • «Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում»։
  • «Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները։ Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»։
  • «Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։
  • «Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանկանում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի»։
  • «Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իսրայելի ազգային գրադարան — 1892.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. New| York Times Best Seller
  4. Grimes, William (2008 թ․ հուլիսի 25). «Eleanor Friede, 87, Is Dead; Edited 1970 Fable 'Seagull'». Nytimes.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  5. Jonathan Livingston Seagull (1973)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» հոդվածին։