Ջերոնիմո Ստիլտոն, կոմիքս, որն ապրում է Մկստանում, աշխատում է որպես «Կրծողի արձագանքը» ամսագրի գլխավոր խմբագիր և լրագրող, իսկ ազատ ժամանակ գրքեր է գրում իր արկածների մասին։ Նրա հեղինակած գրքերը 2000 թ. ի վեր հրատարակում է Միլանի  «Պիեմմե» հրատարակչությունը «Ջերոնիմո Ստիլտոն» շարքով։

Ջերոնիմոն ինքնագրեր է բաժանում

Խոսող մկան մասին պատմող արկածային գրքերի շարքը արագ սիրվեց պատանի ընթերցողի կողմից և կարճ ժամանակում դարձավ համաշխարհային բեսթսելլեր։

Գրքերի հեղինակը համարվում է Մկների կղզու բնակիչ Ջերոնիմո Ստիլտոնը, իսկ շարքի ավելի վաղ գրքերում նույնիսկ հեղինակային իրավունքն էր պատկանում նրան։

Գրքերը նախատեսված են 6–12 տարեկան երեխաների համար։

«Ջերոնիմո Ստիլտոն» շարքը խմբագրել

Շարքը խոսող մուկ Ջերոնիմո Ստիլտոնի մասին է, որն ապրում է Մկստանում՝ Մկների կղզու մայրաքաղաքում։ Ջերոնիմոն մայրաքաղաքի «Կրծողի արձագանքը» օրաթերթի գլխավոր խմբագիրն ու լրագրողն է։ Նա ամաչկոտ և համեստ մուկ է, գերադասում է ավանդական ապրելակերպը, երազում է լուռ ու հանգիստ կյանք ունենալու մասին, սակայն իր ընտանիքի անդամների ու աշխատակցուհու թեթև ձեռքերով շարունակ ընկնում է արտասովոր արկածների մեջ։

Ջերոնիմոն իր քույրիկ Տեայի հետ հեղինակել է 200-ից ավելի գրքեր, որոնցից յուրաքանչյուրը ընթերցողին տանում է մի ուրիշ վայր և ժամանակաշրջան. մեկ Ջերոնիմոյի հետ ճամփորդում ես 1517 թ. Վենետիկ՝ գտնելու և վերադարձնելու գողացված Մոնա Լիզան, մեկ Տեա Ստիլտոնի հետ ճանապարհ ես ընկնում՝ գտնելու առասպելական Ատլանտիսը, մեկ էլ Տեայի և իր քույրիկների ու մի հայտնի աստղի հետ նկարահանվում ես ֆիլմում։

Գրքերը բաժանված են մի քանի մատենաշարերի, որպեսզի յուրաքանչյուր փոքրիկ ընթերցող կարողանա գտնել իրեն համապատասխան ու հետաքրքիր պատմություն։ Այդ շարքերից են՝ «Երևակայության թագավորությունը», «Տիեզերամկներ», «Ուղևորություն ժամանակով», «Քարանձավամկներ» և «Տեա Ստիլտոն. Մկֆորդ ակադեմիա»։

«Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» խմբագրել

«Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն»-ը շարքի ամենասիրված գրքերից է։ 2017 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակվել է գրքի հայերեն թարգմանությունը[1]։ Իտալերենից հայերեն է թարգմանել Սոնա Բալոյանը։

Գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով Ջերոնիմո Ստիլտոնը որոշում է նոր աշխատակցուհի գտնել, ով կօգնի իրեն առօրյա աշխատանքներում և նոր շունչ կհաղորդի գրասենյակին։ Երբ Ջերոնիմոյին գրավում է մի այդպիսի թեկնածուի դիմումը, նա, առանց այդ թեկնածուին հանդիպելու և նրա հետ զրուցելու, իր քարտուղարուհուն կարգադրում է պայմանագիր կնքել հետը և համաձայնվել նրա բոլոր պահանջներին։ Սակայն հապճեպ կայացրած որոշումը իր հետևանքներն է ունենում. պարզվում է, որ Ջերոնիմոյի նոր աշխատակցուհին 14–ամյա մի մկնիկ է։ Երբ նա առաջին անգամ մտնում է Ջերոնիմոյի գրասենյակ, հագին հսկայական կարմիր կոշիկներ էին, որոնց թափանցիկ պլատֆորմներում լողում էին վարդագույն պլաստիկ ձկնիկներ, իսկ նրա տարօրինակ ոճը ոչնչով չէր տարբերվում բնավորությունից։ Շուտով պարզվում է, որ, չնայած իր արտասովոր և ճչացող արտաքինին, Պինկի Պիկը խորամանկ է, խելացի և համակարգչի իսկական գիտակ։

Պինկիին հաջողվում է ապշեցնել Ջերոնիմոյին և արժանանալ նրա հավանությանը, երբ անհնարին թվացող մի հարցազրույց է վերցնում հայտնի ռոք աստղից։ Սակայն Ջերոնիմոն վրդովվում է՝ իմանալով, որ Պինկին նրան ներկայացրել է իբրև անչափահասներին շահագործող, դաժան գործատու։

Պինկիի նկատմամբ Ջերոնիմոյի վերաբերմունքը մշտապես տատանվում է. մեկ ուզում է նրան աշխատանքից հեռացնել, մեկ համոզվում է, որ նա աշխարհի լավագույն օգնականն է։

Պինկին մեծագույն հաճույքով և Ջերոնիմոյի գրպանի պարունակությամբ կազմակերպում է իր «սիրելի շեֆի» ծննդյան տարեդարձի տոնակատարությունը, որի ժամանակ ուրախությամբ հայտարարում է, որ Ամանորն անցկացնելու են Հյուսիսային բևեռում։ Սակայն այնտեղ Ջերոնիմոն արկածների մեջ է ընկնում…

«Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը» խմբագրել

Մի սովորական ձմեռային օր Ջերոնիմո Ստիլտոնը, թեյ ըմպելով և մի կտոր չորացած պանիր կրծոտելով, վայելում էր իր հանգստյան ժամը, երբ հանկարծ մի սուր ճիչ նրան վեր է թռցնում աթոռից. Ջերոնիմոյի աշխատակցուհի Պինկի Պիկն էր, ում մտքում, ինչպես միշտ, մի նոր «հրաշալի» գաղափար էր ծագել։ Առանց սպասելու իր «շեֆի» համաձայնությանը՝ Պինկին նրան խցկում է մի «տաքսու» մեջ, որով պետք է գնային Մկնֆուրտում տեղի ունեցող Գրքերի տոնավաճառին՝ հանդիպելու այլ հրատարակիչների և հեղինակների հետ, թարմացնելու հրատարակչության առօրյան և նոր գաղափարներ գտնելու։

Վարորդը՝ Մուկիա Վան Առնետենը, որը, պարզվում է, աշխատակցուհու հորեղբայրն է, Պինկիի որոշմամբ Ջերոնիմոյի նոր ՄԽ-ն էր, այսինքն՝ մշակութային խորհրդականը։ Մուկիան բացատրում է, որ «Կրծողի արձագանքը» թերթում բացակայում են մեծատառ Մ-ով Մշակութային թեմաները և, իբրև լուծում, առաջարկում է ինչ-որ գալարափաթեթ, որն, ըստ նրա, պարունակում էր շատ թանկարժեք ձեռագիր։

Չնայած որ սկզբում Ջերոնիմոն համառորեն հրաժարվում է ձեռագրին ծանոթանալուց, բայց նրա կարծիքը փոխվում է, երբ պատահաբար դրանից ինչ-որ հատված է կարդում ու բացահայտում, որ այդտեղ ապագայի ու աշխարհի վերջի մասին գուշակություններ են։ Պատկերացնելով, թե ինչ հրաշալի բեսթսելլեր կդառնա այդ գիրքը՝ անմիջապես համաձայնվում է Մուկիայի՝ ձեռագիրը հրատարակելու առաջարկին։

Սակայն պարզվում է՝ Ջերոնիմոն միակը չէ, որ նման նպատակ ունի. «Առնետի արձագանքը» թերթի հրատարակիչ և նրա ամենամեծ թշնամի Սալլի Ռասմաուսենին հաջողվում է գողանալ ձեռագրերը։ Իրական արկածները սկսվում են, երբ Ջերոնիմոն մտադրվում է ամեն գնով հետ վերցնել իր համար արժեքավոր դարձած այդ ձեռագրերը։

Վեպի հայերեն թարգմանությունը 2017 թ. հրատարակվելու է «Զանգակ» հրատարակչության կողմից:

Համաշխարհային ճանաչում խմբագրել

Ջերոնիմո Ստիլտոն կեղծանվան ներքո հրատարակված ստեղծագործությունները դարձել են իտալական մանկագրության ամենահայտնի շարքերից մեկը։ Մոտ 200 արկածային վեպերից կազմված այդ շարքից ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 100 միլիոն օրինակ և թարգմանվել 40 լեզուներով[2]։ [1]

2009 թ. լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» անիմացիոն սերիալը, որ հեռարձակվում է աշխարհի բազում երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։

2016 թ. Ջերոնիմոն կրկին հայտնվել է թատերական բեմում, այս անգամ ԱՄՆ-ի «Օրեգոն» երեխաների թատրոնում՝ «Ջերոնիմո Ստիլտոն. Մուկը Տիեզերքում» ներկայացմամբ։

Գեղարվեստական արժեքը[3] խմբագրել

Ջերոնիմո Ստիլտոնի թերությունները նրան ավելի գրավիչ են դարձնում. ընթերցողը խղճում է նրան, ծիծաղում նրա հետ և վերջում տոնում Ջերոնիմոյի` հաղթանակի վերածված պարտությունները։ Մկնիկն իր իսկ օրինակով ներկայացնում է շատ կարևոր արժեքներ, ինչպիսիք են ընտանիքի արժևորումը, սեփական վախերը հաղթահարելու կարողությունը, այլ մարդկանց թերություններն ու մշակութային տարբերություններն ընդունելը, ուսման հանդեպ հետաքրքրվածությունը, համամարդկային խաղաղությունը, ընկերությունն ու սերը, անկեղծությունն ու հավատարմությունը, մեծերին հարգելն ու խմբային աշխատանքի՝ ինքնուրույն ջանքերից ավելի արդյունավետ լինելը։

Շարքի յուրաքանչյուր պատմություն տեղի է ունենում մի ուրիշ աշխարհում՝ փոքրիկ ընթերցողներին ներկայացնելով բազմամշակույթ հասարակություն, որտեղ հարգում են միմյանց սովորույթների և մշակույթների տարբերությունները։ Բացի այդ, նա ընդունում է կանանց և տղամարդկանց հավասարությունը թե՛ սոցիալական, թե՛ աշխատանքային ոլորտներում։

Ջերոնիմոն սովորեցնում է, որ իրական ուրախությունը ունեցածը գնահատելու մեջ է, այլ ոչ թե չունեցածը փափագելու։ Լիարժեք բավարարվածությունը կախված չէ ժամանակավոր հաճույքներից, այլ բխում է դրական նպատակներ հետապնդելուց։ Ըստ Ջերոնիմոյի` վախը հաղթահարելու լավագույն միջոցը դրան դիմագրավելն է։ Իրական քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ սեփական սահմանափակումները գիտակցելն ու դրանք հաղթահարելը։

Ընթերցողները հասկանում են, որ ընտանիքի անդամներն անփոխարինելի են. նրանք իրենց կյանքի հենակետն են։ Ընտանիքը նույնիսկ ամենամութ օրերը կարող է պայծառացնել։ Ընտանիքի անդամների հետ ցանկացած անհամաձայնություն կարող է հարթվել։ Ջերոնիմոն նույնիսկ իր հակառակորդներին է հարգանքով վերաբերվում և ազնիվ է նրանց հանդեպ։ Թշնամիների կողմից վիրավորանքները նա ընդունում է որպես իր համբերատարությունը զարգացնելու առիթ։ Ընկերությունը գոյություն ունեցող ամենաթանկ բաներից է, և այն պահպանելու համար նա պատրաստ է մի կողմ դնելու իր բոլոր վախերը և հաղթահարելու ցանկացած դժվարություն։

Շարքի բացասական կերպարները ներկայացվում են իբրև չար և դժբախտ էակներ, որոնց պետք չէ նմանվել։ Նրանք երջանիկ չեն և վերջում պարտվում են, քանի որ բարին միշտ հաղթում է չարին։ Չնայած որ գլխավոր հերոս մկնիկը հերոս չէ, նույնիսկ արտաքնապես հերոսի տեսք չունի և գրեթե ամեն ինչից վախենում է, նրան միշտ հաջողվում է հաղթել, հաղթահարել դժվար իրավիճակները և հասնել նպատակներին ամեն ինչի դրական կողմը տեսնելու իր կարողության և հավատարիմ ընկերների օգնության շնորհիվ։

Ջերոնիմոյի պատմությունները քաջալերում են նրանց, ովքեր նույնպես թերություններ ունեն. եթե այդ վախկոտ մկնիկ Ջերոնիմոն կարող էր իր վախերին դիմակայել ու այդքան դժվարություններ հաղթահարել, ուրեմն ես էլ կարող եմ։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ ուրախ ավարտները այդքան էլ անիրական չեն, այլ հուսադրող են, քանի որ Ջերոնիմոն սովորեցնում է ապագայի նկատմամբ հավատ ունենալ և չկորցնել այն դժվարությունների հանդիպելու ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն, «Զանգակ» հրատարակչություն
  2. «Geronimo Stilton Books (Books 1 to 55)». Geronimo Stilton Wiki (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Home | Geronimo Stilton». Geronimo Stilton (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել