Ջեռուցում
Ջեռուցում, շենքերի արհեստական տաքացում՝ մարդու նորմալ ինքնազգացողությունը, տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքը, սարքավորումների, նկարների, նյութերի ու արտադրանքի պահպանումն ապահովելու համար (բնակելի շենքերում ջերմաստիճանը պետք է լինի 18°—20°С, հանդիսասրահներում՝ 16°С, վիրահատարաններում՝ 25°С, մսի, կաթի արտադրությունում՝ 5° С)։ Ջեռուցման համակարգից շենքին մատուցվող ջերմության քանակը (որոշվում է շենքի ջերմության կորուստների և շենքում անջատվող ջերմության քանակների տարբերությամբ) կարգավորվում է ջեռուցման համակարգերի ավտոմատացմամբ և ջեռուցիչ սարքերի վրա տեղադրված կարգավորիչ ծորակներով։
Ջեռուցման համակարգերը լինում են կենտրոնական և տեղական։ Զեռուցման կենտրոնական համակարգերում ջերմությունն արտադրվում է տաքացվող շենքերում կամ նրանցից դուրս գտնվող կաթսայատներում, ինչպես նաև ջերմաէլեկտրակայաններում, որտեղից տաքացնող ջերմակիրը խողովակաշարերով փոխադրվում է շենքերում տեղադրված ջեռուցիչ սարքերը։ Զեռուցման կենտրոնական համակարգերը ստորաբաժանվում են ըստ ջերմակրի (ջուր, օդ, շոգի) տեսակի։
Առավել մեծ տարածում է ստացել (բնակելի, հասարակական և արդիական որոշ շենքերում) ջրային ջեռուցումը։ Լայնորեն կիրառվում է նաև օդային ջեռուցումը, որի դեպքում ջեռուցումը համատեղվում է օդափոխության կամ օդի կոնդիցիոնման հետ։ Բնակելի, հասարակական և որոշ արդիական շենքերում (որտեղ պահանջվում է օդի բարձր մաքրություն) ընդլայնվում է պանելային ջեռուցման (ջերմությունը ջեռուցվող շենք է հաղորդվում պատերում և միջնորմերում տեղադրված հարթ ջեռուցիչ պանելներով) և ճառագայթային ջեռուցման կիրառումը։ Որոշ թերությունների պատճառով ժամանակակից շինարարության մեջ շոգեջեռուցման կիրառումը զգալիորեն կրճատվել է։
Սակավահարկ շենքերում սովորաբար կիրառվում են ջեռուցման տեղական համակարգեր, որոնցում ջերմության աղբյուրները և ջերմատու մակերևույթը միավորված են։ Այստեղ ջերմությունն արտադրվում է ջեռուցվող սենյակներում։ Տեղական ջեռուցման տարածված տեսակ է համարվում վառարանային ջեռուցումը, որը փոխարինվել է առավել կատարյալ և շահավետ համարվող կենտրոնական ջեռուցման, ինչպես նաև տեղական ջեռուցման այլ տեսակներով՝ գազային և էլեկտրական ջեռուցումով։
Ջեռուցման տեխնիկան ունի բազմադարյան պատմություն։ Առաջին ջեռուցիչ սարքավորումները հայտնի էին դեռևս քարի դարում։ Մ․թ․ սկզբին ի հայտ եկան ծխնելույզներով ջեռուցիչ վառարանները։ Ջեռուցման տեխնիկայի զարգացման կարևոր փուլ էր կենտրոնական համակարգերի ստեղծումը։ 15-րդ դարում սկսեցին կիրառվել օդային, իսկ 19-րդ դարում՝ ջրային ջեռուցումը և շոգեջեռուցումը։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեց ճառագայթային և պանելային ջեռուցումը, զարգացում ստացան ջերմամատակարարման, ջերմաֆիկացման և կենտրոնական ջեռուցման համակարգերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 487)։ |