Պորտալ:Պատմություն/Հայոց պատմություն

Պատառիկ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրից (IX-Xդդ)

Պատմություն Հայոց կամ Հայոց Պատմությունը Մովսես Խորենացու գրած գլխավոր երկն է, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։

Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։

«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։

Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։ (մանրամասն․․․)