Տաշիր (մինչև 1991 թվականը՝ Կալինինո), քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա։

Հիմնադրվել է 1844 թ. Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961 թ. դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991 թ. Տաշիր գավառի անունով։

Քաղաքը տեղակայված է Երևան - Թբիլիսի ավտոճանապարհի վրա՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։

Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցված է շվեյցարական պանրի գործարանը, որն արտադրում է Լոռի, Չանախ տեսակի պանիրներ։ Ունի հացի գործարան, կաթի և կաթնամթերքի արտադրություն։ Կան թեթև արդյունաբերության արտադրամասեր։ Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Հողային ֆոնդի 32% կազմում քաղաքացիների սեփականությունը, որոնց 71% վարելահողերն են, 29% խոտհարքերը։ Պետական նշանակության հողերի շուրջ կեսը արոտավայրերն են՝ զբաղեցնելով 1660 հա։ Դրանք օգտագործվում են նաև որպես վարելահողեր և խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 951 և 581 հա։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ՝ կաթնամսատու ուղղությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ։