Պիգմենտային միկրոօրգանիզմներ

Պիգմենտային միկրոօրգանիզմներ, պիգմենտներ առաջացնող միկրոօրգանիզմներ, որոնց կուտակումները փորձանոթի պինդ սննդարար միջավայրը ներկում են դեղին, կարմիր, կապույտ, մանուշակագույն, սև կամ այլ գույնով։ Կարմիր պիգմենտ առաջացնում են որոշ բակտերիաներ, շողասնկերը և շաքարասնկերը, ինչպես նաև հրաշքի ցուպիկը (Bact․ prodigiosum), որի առաջացրած գաղութները նման են վառ կարմիր արյան կաթիլի, կապույտ՝ կապտաթարախածին ցուպիկները, դեղին՝ ստաֆիլոկոկերը, սև՝ ազոտաբակտերը և այլն։ Պիգմենտային միկրոօրգանիզմների պիգմենտ առաջացնելու ինտենսիվության վրա մեծ ազդեցություն է ունենում սննդային միջավայրի բաղադրությունը։ Իրենց քիմիական բնույթով պիգմենտները տարբեր են․ կարոտինոիդները պատկանում են ածխաջրածիններին, անտոցիանները և մելանինները (սև պիգմենտ) արոմատիկ միացություններ և այլն։ Կարոտինոիդները Պիգմենտային միկրոօրգանիզմներին պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, իսկ ֆոտոսինթեզող բակտերիաների մոտ մասնակցում ֆոտոսինթեզին, առանձին պիգմենտներ օժտված են անտիբիոտիկների հատկությամբ։ Որոշ միկրոօրգանիզմների պիգմենտագոյացումը տեսակային կայուն առանձնահատկություն է և ունի կարգաբանական նշանակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289