Պեստիցիդների հետ աշխատանքի անվտանգության տեխնիկա

Պեստիցիդների հետ աշխատանքի անվտանգության տեխնիկա, թունաքիմիկատների հետ աշխատելիս և դրանց հետ վարվելու և անհատական պաշտպանիչ միջոցներից օգտվելու սանիտարական կանոնների ու նորմերի համակարգ[1]։

Պահպանություն խմբագրել

Պեստիցիդների պահեստավորումը տեղի է ունենում դարսակներում և դարակաշարերում։ Պեստիցիդները պահեստում պետք է պահել միայն գործարանային փաթեթավորմամբ։ Յուրաքանչյուր փաթեթավորված միավորի վրա պետք է լինեն տարայի պիտակ և կիրառման վերաբերյալ հրահանգ։ Պեստիցիդների չեզոքացման համար պահեստներն ապահովվում են ապաակտիվացնող միջոցներով՝ քլորակրով, կալցինացված սոդայով և այլն։ Արգելվում է պահեստներում առաջացած չվանասազերծված կամ ոչ բավարար վնասազերծված կեղտաջրերի բացթողումը կոյուղու գործող համակարգ և մակերևույթային ջրամբարներ[1]։

Կիրառման եղանակ խմբագրել

Պեստիցիդների կիրառմամբ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարել նախատեսված հատուկ մեքենաների և սարքավորումների միջոցով, առավոտյան և երեկոյան ժամերին, օդի համեմատաբար ցածր ջերմաստիճանի, արևի նվազ ճառագայթման և օդի նվազագույն հոսանքի պայմաններում, իսկ ամպամած եղանակին՝ նաև ցերեկային ժամերին։ Շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը և պատրաստուկի նպատակաուղղված հատկացումը ապահովվում է թռիչքի հնարավոր ցածր բարձրությամբ աշխատանքների իրականացմամբ։

Հողի մեջ (հատիկավորված, փոշի, լուծույթներ և խտացրած գազեր) ներմուծվում է միայն հատուկ սարքավորումների՝ ֆումիգատորների և ապլիկատորների միջոցով։

Ջերմատների գազավորումը՝ ֆումիգացումը, և հողի մշակումը պեստիցիդներով ամբողջ ջերմատնային համալիրում կատարվում է բերքահավաքից առաջ։ Պահպանման ժամկետը պետք է համապատասխանի թունաքիմիկատի տեսակին և նշանակմանը։ Ախտահանիչ միջոցառումներից հետո ջերմատներում աշխատանքը վերսկսվում է օդափոխիչ սարքերով, իսկ դրանց բացակայության դեպքում միջանցիկ օդափոխությամբ բաց պատուհաններով լիակատար գազազերծումից հետո։

Սերմերի ախտահանում խմբագրել

Սերմերի կենտրոնացված ախտահանումը դրանց մշակման կազմակերպություններում պետք է կատարել ամբողջապես մեքենայացված եղանակով։ Ախտահանման, փաթեթավորման և ախտահանված սերմերի պահպանման շինություններն անհրաժեշտ է ապահովել ներհոս արտաձիգ օդափոխությամբ։ Ախտահանված սերմերը պետք է պահպանել ամուր կտորից կարված պարկերում կամ անասնակերի տարողություններում և ցանել միայն շարքացաններով։

Թունաքիմիկատների կիրառումն արգելվում է ջրապաշտպան գոտիներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, նաև մակական, սպորտային, բժշկական հիմնարկների, դպրոցների, հասարակական սննդի և սննդամթերքի առևտրի կազմակերպությունների տարածքներում, բնակչության հանգստի վայրերում, գետերի, լճերի և ջրամբարների, օդընդունիչ սարքավորումներին հարակից վայրերում։

Վաճառք խմբագրել

Պեստիցիդների վաճառքն իրականացվում է Հայաստանի պետական գրանցում ստացած պեստիցիդները ձեռք բերելու և իրացնելու իրավունք ունեցող թունաքիմիկատների մանրամեծածախ առևտրի լիցենգավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։ Անչափահասներին վաճառքն արգելվում է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել