Պարտեզապուրակային արվեստ

Պարտեզապուրակային արվեստ, պարտեզներ, պուրակներ և այլ կանաչապատ տարածքներ ստեղծելու արվեստ, որի խնդիրն է լանդշաֆտի կոմպոզիցիոն կազմակերպումը, բնության և գեղագիտական (ճարտարապետական, քանդակի, գեղանկարի) տարրերի ներդաշնակ ամբողջացումը։ Պարտեզապուրակային արվեստն ընդգրկում է պարտեզների և պուրակների հատակագծումը, ճարտարապետական կառույցներին, ջրավազաններին, հրապարակներին, քանդակներին ներդաշնակ զանազան կլիմայական և հողային պայմանների համար գեղազարդիչ բույսերի ընտրությունը, տեղաբաշխումը և խմբավորումը, ծաղկանոցների ձևավորումը, բույսերի տնկումը, խնամքը և այլն։

Piet Oudolf այգի

Պարտեզապուրակային արվեստի հորինվածքն ունի 2 հիմնական սկզբունքներ՝ կանոնավոր (բնորոշ է երկրաչափական կառուցվածքը) և բնապատկերային (կոմպոզիցիոն տարրերի ազատ, գեղանկարչական տեղադրում)։

Պարտեզապուրակային արվեստը Հայաստանում խմբագրել

Հայաստանում պարտեզապուրակային արվեստը սկզբնավորվել է դեռևս վաղ անցյալում, միջնադարում իշխան, տներն ու ավագանին ունեցել են իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները։ Հայկական քաղաքների կանաչապատ տարածությունները, որպես կանոն, եղել են պտղատու այգիները (Վանի Այգեստանը, հին Երևանի Դալմայի այգին, եջմիածնի, Աշտարակի այգիները և այլն)։ Երևանի առաջին հասարակական պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը մինչև 1920)։ Նոր Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխավոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատմանը. Պարտեզապուրակային արվեստի արդի սկզբունքներով ստեղծվել են Հաղթանակի, Օղակաձև, Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխավոր պողոտան, Հրագդանի կիրճի, Մալաթիա թաղամասի, Ջրաշխարհի հանգստի գոտիները և այլն։

Պարտեզապուրակային արվեստի գործեր են ստեղծվել նաև Հայաստանի մյուս քաղաքներում, 1970-ականներից կիրառվում են նաև բույսերի ձևավոր խուզման հնարքները (կանաչ քանդակներ)՝ «ձիերի», «ջայլամների», «ընձուղտների» և այլ կենդանիների «կերպարանքներով»։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։