Չծնված երեխաների գերեզմանատուն

Չծնված երեխաների գերեզմանատուն (վիետն. Nghĩa trang Đồng Nhi), գերեզմանոց ընդհատված սաղմերը թաղելու համար։ Գտնվում է Վիետնամի Խանհոա նահանգի Նյաչանգ քաղաքում։

Չծնված երեխաների գերեզմանատուն
Տեսակգերեզմանատուն
Երկիր Վիետնամ
ՎարչատարածքՆյաչանգ
Ձևավորում2004
Անվանված էՍաղմնաթաղանթներ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Գերեզմանատունը Նյաչանգ քաղաքի կենտրոնից 10 կմ հյուսիս 2004 թվականի հուլիսին հիմնադրել է տեղի բնակիչ Թոնգ Ֆուոկ Ֆուկը (վիետն. Tống Phước Phúc), որն այդ նպատակով գնել է հատուկ հողատարածք[1]։ Ֆուկը պատմում է, որ երբ 2001 թվականին իր կինը ծննդաբերության ժամանակ բազմաթիվ բարդությունների հանդիպեց, նա երդվեց Աստծուն, որ եթե կինը և երեխան ողջ մնան, նա իր կյանքը կնվիրի ուրիշներին օգնելուն[2]։ Կլինիկայում Ֆուկը տեսել է բազմաթիվ հղի կանանց, որոնք եկել էին այնտեղ աբորտ անելու։ Որպես հավատքով կաթոլիկ՝ նա ցնցվել է այնտեղ տեսածից և հասկացել, որ «մարդու կյանքը սուրբ է հղիանալու պահից։ Այն երեխաները, որոնց մայրերը աբորտի են գնացել, հոգի ունեն, մարդիկ են։ Բայց նրանց չեն թաղում, այլ նետում են աղբարկղը»[3]։

Իր առաջին երեխայի ծնվելուց անմիջապես հետո Ֆուկը սկսել է կլինիկայից վերցնել և իր տան հետնաբակում թաղել չծնված սաղմերի մնացորդները։ Սկզբում և՛ բժիշկները, որոնցից նա խնդրում էր այդ մնացորդները, և՛ հարևանները կարծում էին, որ տղամարդը խելագարվել է[4]։ «Ես դա անում եմ՝ մտածելով այն երեխաների մասին, որոնք այսօր ողջ են, կարող են զվարճանալ, գնալ դպրոց, ուտել կոնֆետ և թխվածքաբլիթ»,- բացատրել է նա:- Իսկ այն երեխաները չեն տեսել կյանքի բերկրանքները։ Այն ամենը, ինչ ես կարող եմ նրանց տալ, արժանավայել գերեզմանն է։ Պարզապես ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի մարդավարի»: 2004 թվականին Ֆուկը, որն աշխատում էր որպես շինարար, սեփական խնայողություններով գնել է հողատարածք Հոն Թհոմ լեռան ստորոտում (վիետն. Hòn Thơm), որը սկսել է օգտագործել որպես ընդհատված պտուղների գերեզմանատուն, որոնք նա վերցրել է կլինիկաներից, ծննդատներից և, նույնիսկ, աղբանոցներից[5]։

Գերեզմանոցում կատարվել է ավելի քան 10000 թաղում[6]. կավե սափոր, մի քանի բուռ ավազ, վրան՝ 20 x 20 սմ չափսերի փոքրիկ տապանաքար։ Շատ տապանաքարեր զարդարված են կարմիր, վարդագույն կամ դեղին արհեստական վարդով։ Յուրաքանչյուր սալիկի վրա թաղման ամսաթիվն է և երեխայի քրիստոնեական անունը․ այստեղ ամենատարածված անուններն են Պաոլոն (Պողոս) և Մարիան[3][7]։ Ժամանակի ընթացքում Թոնգ Ֆուոկ Ֆուկը ձեռք է բերել օգնականներ և հանգանակողներ, իսկ մոտակա պագոդայում նրան խոստացել են հոգ տանել 11000 մ² տարածք զբաղեցնող գերեզմանոցի մասին[7]։

Գերեզմանատանը Ֆուկը խոսել է այն կանանց հետ, ովքեր եկել էին աղոթելու իրենց չծնված երեխաների համար[8]։ Նրան շնորհակալություն են հայտնել այն բանի համար, որ նա միակն է, ով մարդկայնորեն է վերաբերվել հղիության արհեստական ընդհատման զոհերին։

Ֆուկը հույս ունի, որ գերեզմանատուն այցելելը շատերին հետ է պահել աբորտից։ Նա հղիներին առաջարկում է սնունդ և ապաստարան սեփական տանը, եթե այդ կանայք կյանքում դժվարություններ են ունենում, իսկ ծննդաբերությունից հետո նրանք կարող են երեխային թողնել այնտեղ անորոշ ժամանակով, եթե ի վիճակի չեն ինքնուրույն մեծացնելու։ Ֆուկի տանը մոտ քսան փրկված երեխա է ապրում, ընդ որում, այն երեխաներին, որոնցից մայրերը հրաժարվել են, նա որդեգրել է։ Թոնգի գործունեությունը գրավել է հանրության ուշադրությունը։ Ապաստարանի գործունեությունն ապահովելու համար նա օգնություն է ստանում տարբեր տեղերից, այդ թվում՝ կաթոլիկ և բուդդայական համայնքներից։ Ֆուկին անվանում են «Վիետնամի հայր», 2006 թվականին երկրի նախագահ Նգուեն Մին Չիետը նրան հղել է շնորհակալական նամակ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Chuyện 10.000 ngôi mộ ở nghĩa địa thai nhi Nha Trang». 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Vietnamese man adopts unwanted children to save them from abortion». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 ««Отец Вьетнама» усыновил 100 детей, которым грозила смерть до рождения». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Vietnamese man, on anti-abortion mission, opens home to moms and babies». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «One man's mission against abortion». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. ««Отец Вьетнама»: как обычный строитель спас сотни детей и похоронил тысячи». Новый очаг (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  7. 7,0 7,1 «Burying fetuses, saving unwanted babies: One man's quest». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «A história do humilde pedreiro que se compadeceu ao ver que fetos abortados eram jogados no lixo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «Gặp người tự tay chôn cất hơn 10.000 thi thể hài nhi». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել