Չեբանենկոյի տուն (Տագանրոգ)

Չեբանենկոյի տուն (ռուս.՝ Дом Чебаненко), շինություն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 69 հասցեում։

Չեբանենկոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Հունական փողոց
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 69 հասցեում գտնվող մեկհարկանի տունը կառուցվել է 1869 թվականին՝ վաճառական Իվան Չեբանենկոյի միջոցներով։ Տունը սկզբնապես ունեցել է քարե դարպասով երկաթե ցանցկեն ցանկապատ։ Չեբանենկոն պատկանել է երկրորդ գիլդիայի վաճառականության դասին։ 1872 թվականին նա ամուսնացել է պետական խորհրդական Կառլ Իվանովիչ Օրեմի 27-ամյա դստեր՝ Ամալյայի հետ։ Նրանց ընտանիքում շատ երեխաներ են եղել։ Չեբանենկո վաճառական եղբայրներները զբաղվում էին կանեփի ձեթի վաճառքով ինչպես տակառիկներով, այնպես էլ խոշոր խմբաքանակներով, ունեցել են մակարոնի արտադրության ֆաբրիկա։

1870-ական թվականների վերջում տունը նրանցից ձեռք է բերել կոլեգիալ ասեսոր Պյոտր Դմիտրովը, որը շենքի սեփականատեր է եղել մինչև 1910-ական թվականները, այնուհետև տան նոր սեփականատեր է դարձել վաճառական Գեորգի Քրիստափորի Մարտիրոսովը, որը զբաղվել է ծխախոտի վաճառքով։ Մարտիրոսովի խանութը գործել է «Լոնդոն» հյուրանոցի առաջին հարկում։ Նա առևտրով է զբաղվել նաև խորհրդային իշխանության տարիներին, տնտեսական նոր քաղաքականության (ՆԷՊ) ժամանակ։ 1910 թվականին նա հայտնվեց անհարմար վիճակում։ 20-րդ դարի սկզբին խանութների աշխատանքային ժամերը նորմավորվում էին քաղաքային դումայի հատուկ որոշումներով։ Դրան խստորեն հետևում էին, բայց, չնայած դրան, Գեորգի Մարտիրոսովը երբեմն անտեսում էր օրենքը և մի օր, աշխատաժամերը խախտելու համար պատասխանատվության ենթարկվեց։ Ոստիկանության բաժանմունք սպա Կովալյովի անունով Մարտիրոսովը միամտաբար մի ծրար ուղարկեց, որում կային երեք ռուբլի, սեփական այցեքարտը և իրեն ներելու և առաջին անգամ իր դեմ քրեական գործ չհարուցելու խնդրագիր։ Արձանագրությունը, փողը և Գ. Ք. Մարտիրոսովի այցեքարտն ուղարկվեցին հաշտարար դատավորին։

Տան բնակարանը Մարտիրոսովը վարձակալությամբ հանձնում էր հաղորդակցության ուղիների նախարարության բաժնի ինժեներ Յակով Վլադիմիրովիչ Ֆելդմանին։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգանացվել է։ Ներկայումս սա բնակելի տուն է։

Նկարագրություն խմբագրել

Մեկհարկանի աղյուսե տան շքամուտքը աջից է, ճակատին կա յոթ պատուհան։ Տունն ունի քառալանջ տանիք, որը ծածկված է տանիքաերկաթով։ Աջ կողմի հինգ պատուհանները զարդարված են դեկորատիվ զարդաքիվերով։ Տունը ներկված է դեղին, ճարտարապետական մանր տարրերն ընդգծված են սպիտակով։ Տունը կանգնած է անհավասար տեղանքում` թեքված դեպի Տուրգենևի նրբանցք։

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ խմբագրել