Ուժերի բազմանկյուն, բեկյալ գիծ, որը կառուցվում է տվյալ ուժային համակարգի գլխավոր վեկտորի (երկրաչափական գումարի) որոշման համար։ F1, F2, ․․․, Fn ուժային համակարգի Ու․ բ․ կառուցելու համար անհրաժեշտ է կամայական a կետից, ընտրված մասշտաբով, հերթով տեղադրել F1 ուժը պատկերող ab վեկտորը, վերջինիս ծայրից՝ F2 ուժը պատկերող be վեկտորը և այլն ու վերջապես նախավերջին ուժի m ծայրից տեղադրել Fn ուժը պատկերող mn վեկտորը (նկ․ բ)։ abc․․․mn պատկերը կոչվում է ուժերի բազմանկյուն։ an վեկտորը, որը Ու․ բում միացնում է առաջին ուժի սկզբնակետը վերջին ուժի ծայրակետի հետ, պատկերում է տվյալ ուժային համակարգի R երկրաչափական գումարը։ Եթե ո կետը համընկնում է a-ի հետ, Ու․ բ․ կոչվում է փակ (R=0)։ Ուժերի բազմանկյան կանոնը կարող է ստացվել ուժերի զուգահեռագծի կանոնի հաջորդական կիրառմամբ։ Ու․ բ-յան կառուցումից օգտվում են նույն հարթության մեջ գտնվող ուժահամակարգերի համար ստատիկայի խնդիրները գրաֆիկորեն լուծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։