Որակի մակարդակի և մրցունակության գնահատում

Որակի մակարդակը տվյալ արտադրանքի որակը բնութագրող ցուցանիշների համախմբի և արտադրանք-նմանակի հեռանկարային կամ բազային նմուշի բազային ցուցանիշների համախմբի համեմատման հիման վրա տրվող որակի հարաբերական բնութագիրն է։ Հեռանկարային նմուշի տակ հասկացվում է այնպիսի արտադրանք, որի ցուցանիշների համախումբը համապատասխանում կամ գերազանցում է միջազգային ստանդարտներին,կամ էլ համապատասխանում է որոշակի ժամանակամիջոցի համար կանխատեսվող արտադրանքի որակի տնտեսապես օպտիմալ մակարդակին։

Նմանակի տակ ենթադրվում է հայրենական կամ արտասահմանյան արտադրության այն նույն տեսակի կոնստրուկտիվ կազմության, գործողության սկզբունքի, գործառնական նշանակվածության, արտադրության մասշտաբի և կիրառման պայմանների արտադրանքը, ինչպիսին համեմատվող արտադրանքն է։ Իբրև նմանակ՝ խորհուրդ է տրվում ընտրել հայրենական կամ արտասահմանյան ոչ պակաս մեկական նմուշ սերիական կամ զանգվածային արտադրության օբյեկտ։ Նմանակները պետք է համապատասխանեն գիտության և տեխնիկայի նվաճումներին:Որպես բազային ցուցանիշներ՝ կարող են ընդունվել հայրենական կամ միջազգային ստանդարտները։

Արտադրանքի որակի մակարդակի որոշման մեթոդի և բազային ցուցանիշների կազմի ընտրությունը կախված է գնահատման նպատակից կամ ստացված արդյունքների հիման վրա ընդունվող որոշումների բնույթից։

Գնահատման արդյունքները, դրված նպատակների հետ համեմատելով, պարզում են որակի սահմանված ցուցանիշներին ապրանքի համապատասխանության աստիճանը, համապատասխան բազային ցուցանիշներից որակի առանձին ցուցանիշների շեղման բնույթը և դրանց փոփոխման նպատակահարմարությունը, գնահատման ցուցանիշների անվանացանկի և առավել օբյեկտիվ գնահատականներ ստանալու համար դրա որոշման եղանակների ճշգրտման անհրաժեշտությունը։ Որակի մակարդակի սահմանման և ապրանքի սպառողական հատկությունների բարելավման պլանավորման ժամանակ նպատակահարմար է օգտագործել ապրանքի որակական առանձնահատկություններն առավել լրիվ բնութագրող հիմնական ցուցանիշների նվազագույն քանակ։

Որոշակի ապրանքի որակի մակարդակի գնահատումը կարելի է կատարել տարբերակված և համալիր մեթոդներով։

Տնտեսական պրակտիկայում գոյություն ունեն ապրանքային ռազմավարության իրագործման հետևյալ այլընտրանքային տարբերակները.

  • ապրանքի սպառողական հատկությունների ավելացում,
  • թողարկվող արտադրանքի անվանացանկի և տեսականու ընդլայնում։

Հաշվի առնելով ապրանքի (արտադրանքի) սպառողական հատկությունների ավելացման ռազմավարության մշակման միջազգային փորձը և արտադրական ձեռնարկությունների առանձնահատկությունները՝ մշակվել է մրցակցային ռազմավարական մոտեցում, որը նախադրյալներ կստեղծի ձեռնարկություններում թողարկվող արտադրանքի վերաբերյալ առաջարկությունների մշակման համար։

Այդ մոտեցման հիմքում ընկած է տնտեսական ցուցանիշների համախումբը, որոնք սահմանում են արտադրանքի մրցունակությունը դրանց ձեռք բերման և շահագործման ժամանակ։

Անմիջապես նկատենք, որ ձեռնարկության մրցունակության գնահատականը շուկայում սպառողը իրականացնում է միջնորդավորված՝ տվյալ արտադրողի արտադրանքը գերադասելով նրա մրցակցի արտադրանքից:Ուստի ձեռնարկության ընդհանրական շուկայական մրցունակությունը նրա արտադրանքների ընդհանրական մրցունակությունն է։ Հետևաբար, մրցունակության գնահատումը հետաքրքրում է ապրանք արտադրողին և օգտակար է մրցակցային ռազմավարություն մշակելու և լավագույն արդյունք ստանալու համար։

Հարկ է նշել, որ ձեռնարկության մրցունակության գնահատման ընդհանրական մեթոդաբանությունը ներկայումս բացակայում է, քանզի ձեռնարկության մրցակցային դիրքը գնահատելու համար պետք է քանակապես որոշել, թե հաջողության հասնելու յուրաքանչյուր կարևոր գործոններից (մրցունակության), որոնք են նրա տիրապետության տակ։

Ռազմավարական կառավարման տերմինաբանության մեջ հաջողության հասնելու կարևոր գործոնների ցանկը, ըստ (Ա. Ստրիկլենդի) և (Ա. Տոպսոնի), ներառում է.

  • ապրանքի որակը և սպառողական բնութագիրը,
  • հեղինակությունը կամ իմիջը,
  • արտադրական հնարավորությունները,
  • առաքման համակարգը (դիլերային ցանցը),
  • մարքեթինգը և գովազդը,
  • ֆինանսական կայունությունը,
  • ծախքերի համեմատական մեծությունը
  • սպառողների սպասարկումը և այլն։

Ձեռնարկության մրցունակությունը մի համեմատական բնութագիր է, որը արտացոլում է տվյալ ձեռնարկության զարգացման գործընթացի առավելությունը իր մրցակիցներից ինչպես սպառողների պահանջմունքի բավարարման մակարդակով, այնպես էլ արտադրատեսակների գործունեության արդյունավետությամբ:Տվյալ բնորոշումից հետևում է, որ ձեռնարկության մրցունակությունը ներառում է ինչպես արտադրանքի(ծառայությունների) մրցունակության ընդհանրական ցուցանիշը, այնպես էլ գործունեության տնտեսական արդյունավետությունը։

Արտադրանքի մրցունակության մակարդակը անհրաժեշտ է որոշել ձեռնարկության կողմից թողարկվող բոլոր արտադրատեսակների համար հետևյալ կերպ.

Jt =∑Ji * y

որտեղ՝ Ji-i-րդ արտադրանքի մրցունակությունն է, y- որոշակի ժամանակահատվածում i-րդ արտադրանքի տեսակարար կշիռն է ձեռնարկության կողմից թողարկվող ամբողջ արտադրանքի ծավալի մեջ։

Ձեռնարկության մրցունակության վերլուծությունը ներառում է նաև ֆինանսական դրության ուսումնասիրությունը՝ ակտիվների կառուցվածքը, այն է՝

  • բաժնետոմսերի շուկայական գինը,
  • ներդրումային ռեսուրսները,
  • դրամական հոսքերը,
  • վաճառքի ծավալների հարաբերությունը օգտագործվող ակտիվներին,
  • հիմնական և շրջանառու կապիտալի հարաբերակցությամբ,
  • նոր ներդրումից շահույթը,
  • սեփականության չափը,
  • շահաբաժինների մեծությունը և այլն։

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Առաքելյան; Հ. Ղուլոյան; Գ. Գրիգորյան; Ռ. Մարտիրոսյան «Որակի կառավարումը բիզնեսում»
  • Топсон А. А., Стрикленд А.Дж. Стратегический менеджмент: концепции и ситуации: Учебник для вузов: Пер. с англ. М:ИНФРА-М.,2001