Ոլորում (մշակում)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոլորում (այլ կիրառումներ)
Ոլորում տեքստիլ արդյունաբերության մեջ, թելերի, մանվածքների, պարանների, ճոպանների, էլեկտրաքուղերի, էլեկտրահաղորդալարերի ու գորգերի ֆիզիկամեխանիկական մշակման ձև։ Լայն կիրառություն ունի տեքստիլ, տրիկոտաժի և կարի արդյունաբերությունում։ Ոլորման մեծությամբ, ուղղությամբ և բնույթով են պայմանավորված արտադրանքի ամրությունը, մաշակայունությունը, փափկությունը, հաստությունը, արտաքին տեսքը, ձև ընդունելու և պահպանելու, արդուկման և ծալք առաջացման հատկությունները, հետևապես և՝ որակը։ Ոլորքը բնութագրվում է մեկ մետր երկարությամբ թելին հաղորդած փաստացի ոլորների թվով, երկայնական առանցքի նկատմամբ մանվածքի և թելերի ձախ և աջ թեքվածությամբ։ Ձախ ոլորքի դեպքում թելի կամ մանվածքի բաղադրյալները՝ մանրաթելերը, աջից բարձրանում են վեր՝ թեքվելով դեպի ձախ, փաստորեն, մանվածքն իր առանցքի շուրջը թեքվածությամբ պտույտ է կատարում ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Աջ ոլորքի դեպքում մանվածքը ձախից գնում է վեր, թեքվում դեպի աջ և պտտվում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Բարդ ոլորքով մանվածքներում յուրաքանչյուր բաղադրյալը ոլորվում է առանձին, կամ մի քանիսը ոլորվում են սկզբում դեպի աջ, մյուսները՝ դեպի ձախ, որից հետո միացվում են և ոլորվում դեպի աջ կամ ձախ՝ մնացորդային ոլորով։ Վերջինը գործվածքի երեսաշերտում առաջացնում է հատուկ տեսք։ Հավասարակշռված թելերը ազատ վիճակում ինքնոլորում չեն տալիս, ոլորաօղակներ և հանգույցներ չեն առաջացնում, չեն խափանում արտադրական պրոցեսները, արատների պատճառ չեն դառնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 610)։ |