Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, պետական պարտադիր գործունեություն, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, բնական պաշարների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից։ Այն հենվում է գիտական հիմնավորվածության, օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա։

Փորձաքննության խնդիրներ խմբագրել

Փորձաքննության խնդիրներն են՝

  • նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը (հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները),
  • շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը,
  • շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանի, հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը, ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ,
  • բնական պաշարների արդյունավետ, թույլատրելի օգտագործման ապահովումը,
  • շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործողության արգելումը,
  • հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում։

Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օիենքով (1995)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։