Շինարարական ջերմատեխնիկա

Շինարարական ջերմատեխնիկա, շինարարական ջերմաֆիզիկա, շինարարական ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է բնակելի, հասարակական, արտադրական շենքերում և դրանց կոնստրուկցիաներում տեղի ունեցող ջերմահաղորդականության, խոնավության փոխանցման, օդի ներթափանցման պրոցեսները և մշակում նախագծման համար անհրաժեշտ ինժեներային հաշվարկման մեթոդներ՝ շենքերում համապատասխան ջերմախոնավային և սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելու նպատակով։ Շինարարական ջերմատեխնիկայում օգտագործվում են հարակից գիտական բնագավառների (ջերմա և գանգվածափոխանակություն, թերմոդինամիկա, աերոդինամիկա, ֆիզիկական քիմիա) դրույթները, մոդելավորման մեթոդները և նմանության տեսությունը։ Շինարարական ջերմատեխնիկայի կարևորագույն խնդիրներից են տարվա ամենացուրտ եղանակներին շենքերի արտաքին պատերի ու ծածկերի կոնստրուկցիաների ներքին մակերևույթների վրա թույլատրելի ջերմաստիճանային պայմանների ապահովումը (ելնելով կոնստրուկցիայի ջերմահաղորդման դիմադրողականությունից) և ամենաշոգ եղանակներին շենքերում համեմատաբար անփոփոխ ջերմաստիճանի պահպանումը (ելնելով կոնստրուկցիաների ջերմակայունությունից)։ Շենքերի ջերմախոնավային նորմալ ռեժիմի ապահովումը պայմանավորված է արտաքին պատերի և ծածկերի կոնստրուկցիաների շերտերի նյութերի ֆիզիկական հատկություններով (ծակոտկենություն, ջերմահաղորդականություն, ջերմունակություն, ջերմատվություն, ջերմակլանում, ջերմաթափանցելիություն, օդաթափանցելիություն) և դրանց նպատակահարմար դասավորումով։ Հայաստանի Հանրապետությունում չոր կլիմայական պայմանները և տեղական շինանյութերի բազմազանությունը շենքերի և դրանց կոնստրուկցիաների նախագծման ու հետազոտման լրացուցիչ պահանջներ են առաջադրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 502